Выбрать главу

–Ոչ, ի՞նչ Զեմնուխով։ Իմ խոսքը Նիկոլայ Վլադիմիրովիչ Չեռնյավսկու մասին է։ Նա այժմ այստեղ, Պերվոմայկայում է։

–Մի՞թե,– զարմացավ Տոլյան։

–Այո, այդ մասին տղաներից միայն Բորիս Գլավանը գիտի։

–Իսկ ինչո՞ւ ինձ ոչինչ չի ասել։

–Այստեղ է,– հաստատեց Վիկտորը և նայեց Տոլյային։– Որովհետև դա գաղտնիք է,– կամացուկ ասաց նա ,– ոչ ոք չպիտի իմանա։

–Պարզ է։

–Նա կապված է ընդհատակի հետ, ասաց Վիկտորը որոշ դադարից հետո,– ոչ անմիջապես, իհարկե, այլ կուսշրջկոմի նախկին հրահանգիչ Եվգենի Մաշկովի միջոցով։ Ես քեզ կծանոթացնեմ Չոռնյավսկու հետ, բայց այդ մասին ոչ ոք չպիտի իմանա, հասկանո՞ւմ ես, ոչ ոք․․․

Նիկոլայ Չեռնյավսկու մասին Տոլյան շատ լավ գիտեր։ Եվ ոչ միայն Տոլյան, նրան ճանաչում էին Պերվոմայկայում ու ամբողջ Կրասնոդոնում։

Դեռևս պատերազմի առաջին ամիսներին նրա մասին գրել էր շրջանային թերթը։ Տոլյան մինչև հիմա էլ հիշում է այդ հոդվածը, ամբողջ դասարանով բարձրաձայն կարդում էին, հպարտանում, որ Պերվոմայկայից է նա, իրենց դպրոցի նախկին շրջանավարտներից։ «Նախկին էլեկտրամեխանիկ, հնատոհմ հանքագործ ու Խալխին-գոլի և ֆիննական կռիվների մասնակից Նիկոլայ Չեռնյավսկին,– գրված էր թերթում,– մի օրվա մեջ թշնամական երեք տանկ ոչնչացրեց։ Ընկեր կարմիրբանակայիններ, ոչնչացրեք թշնամու տանկերն այնպես, ինչպես դա անում է մարտական Կարմիր դրոշի շքանշանակիր, սովետական խիզախ սպա, կոմունիստ Նիկոլայ Չեռնյավսկին․․․»

Ահա թե ինչու զարմացավ Տոլյան՝ Վիկտոր Տրետյակևիչից լսելով նրա անունը։

–Պաշտպանական ծանր մարտերի ժամանակ գերմանացիները նրան գերի են վերցրել,– շրջվելով Տոլյայի կողմը, ասաց Վիկտորը։– Գերի են վերցրել այն պահին, երբ նա, դեմքը սեղմած հակատանկային հրանոթին, նշան էր բռնում թշնամու կրակակետի վրա։ Նրան տարել են շտաբ և սկսել հարցաքննել։ Նրան ենթարկել են խոշտանգումների, եղունգների տակ ասեղներ են մտցրել, փշրել են ոտքը, նա անտանելի ցավից կորցրել է գիտակցությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի խոստովանել։

–Եվ հետո՞։

– Նրան նորից են ծեծել, նա դարձյալ կորցրել է գիտակցությունը, իսկ երբ ուշքի է եկել, տեսել է, թե ինչպես երկու հոգի, խոնարհված իր վրա, ռուսերեն ինչ-որ բան են ասում։ Նա չի հասկացել, թե ինչ է կատարվում։ Եվ միայն այն ժամանակ, երբ տեսել է, որ իրեն խոշտանգող սպաներից երկուսն անշունչ ընկած են գետնին, իսկ մեկը կապկպված, կանգնած է պատի մոտ, գլխի է ընկել, թե ինչ է կատարվել։ Դա մերոնք էին արել,– գլուխը հպարտորեն բարձրացնելով ասաց Վիկտորը ։– Պարտիզանական մեր ջոկատի տղաները։ Նրանք գնացել էին լեզու բերելու և պատահաբար ընկել էին այն շենքը, ուր խոշտանգում էին Նիկոլային։

Միաժամանակ երկուսն էլ լուռ էին։

Տոլյան զգում էր, որ Վիկտորն ինչ-որ բան է ուզում ասել, սակայն չգիտես ինչու, տատանվում է։

Վերջապես նա ժպտադեմ նայեց Տոլյային և, ձեռքը տանելով դեպի գոտկատեղը, դանդաղ ասաց․

–Իսկ սա նվեր է Չեռնյավսկուց,– ասաց Վիկտորը, վերնաշապիկի տակից միանգամից դուրս քաշելով գերմանական սևափայլ ատրճանակը։– Այսօր նվիրեց։

Հիացմունքից շողացին Տոլյայի աչքերը։

–Ուխ․․․– արտաբերեց նա ակամայորեն ելնելով տեղից։– Երանի թե մեկն էլ ես ունենայի․․․

–Ոչինչ, քեզ համար էլ կգտնենք։ Մեզ զենք շատ է պետք։– Վիկտորն ասես առաջին անգամ էր տեսնում ատրճանակը, ձեռքում շուռումուռ էր տալիս այն, զննում։– Ճանապարհին, այստեղ՝ Պերվոմայկա գալիս,– շարունակեց Վիկտորը,– պատահում էր, քաղցից քիչ էր մնում գնար ուշքս․․․ Երկար էր ճանապարհը ․– Վիկտորի ձայնը խզվեց։-Երկար էր ճանապարհը ,– կրկնեց նա,– ստիպված գիշերն էի գալիս, որ չբռնվեմ․․․ Եվահա մի օր իրիկուն, թուխպ իրիկուն էր, մոտեցա մի տան, թակեցի դուռը։ Մեծ տուն էր, խուտորի ծայրին։ Ջահել մի կին դուրս եկավ, իսկ նրա ետևից՝ շեկ մազերով մի աղջնակ։ Աղջիկը ժպտալով նայում էր ինձ։ Ես անհարմար զգացի հաց խնդրել ջահել կնոջից, բայց ուշ էր՝ հետ դառնալու համար, և ես ասացի․ «Քաղցած եմ, քույրիկ, մի քիչ հաց, եթե հնարավոր է․․․» Ջահել կինը լուռ, սառը նայեց ինձ, այդ հայացքով նա ինձ սպանեց․․․ «Էխ, դուք, ասաց այդ կինը, մեզ թողել եք գերմանացիների ձեռքին, իսկ ինքներդ հաց եք մուրում․․․ ո՞վ պիտի պաշտպանի, ազատի մեզ․․․» Ես ինչ-որ անկապ բաներ ասացի, հիմա չեմ հիշում, թե ինչ, ներողություն խնդրեցի և արագ հեռացա։ «Որ մեռնեմ էլ այլևս ոչ մեկի դուռը չեմ թակի»,– որոշեցի ես և քիչ անց մի ձայն լսեցի։ «Սպասեք, քեռի, սպասեք»,– իմ ետևից հասավ շեկ մազերով փոքրիկ աղջնակիզանգակ ձայնը։ Ես ետ շրջվեցի։ Նա վազելով հասավ ինձ, մի մեծ կտոր հաց խոթեց ձեռքս ու ետ փախավ։ Այդպիսի համեղ հաց կյանքում չեմ կերել երբեք․․․ Եվ ահա այդտեղ, ճանապարհին, վճռեցի մինչև վերջ պայքարել թշնամու դեմ, մինչև կյանքիս վերջին վայրկյանը պայքարել, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել․ «Ո՞վ պիտի պաշտպանի, ազատի մեզ․․․»։ Որպեսզի բոլորն իմանան, որ ժամանակավոր է այս կյանքը, որ շուտով կգան մերոնք։ Մի խոսքով,– տեղից բարձրացավ Վիկտոր Տրետյակևիչը ,– մի խոսքով, սկսում ենք պայքարել։

–Կհավաքվենք Բորյա Գլավանի մոտ։ Դու նրան գիտես ։

–Իհարկե գիտեմ։ Ե՞րբ։

–Նա տեղ է գնացել․․․ Հենց որ եկավ, քեզ կհայտնեմ․․․Եվ մենք կհավաքվենք։