Ճռնչաց բակի դուռը։ Տոլյայի մայրն էր։
Խանութում ոչ ոք չկար։ Մայան կանգնել էր փողոցի կեռմանում, մթան մեջ։ Ռաիսա Վիրիկովան ևս դուրս եկավ և, աղմուկով ծածկելով խանութի դուռը, գնաց կիսամութ փողոցով։ Մայան նայեց չորս կողմը և, տեսնելով, որ ոչ ոք չկա շրջապատում, թեթևաքայլ մոտեցավ խանութին և, ծոցից հանելով թռուցիկները, վարժ շարժումներով սկսեց դրանք խմորով կպցնել խանութի դռանը։
Իր ետևում ոտնաձայներ լսելով, Մայան վախեցած ետ շրջվեց՝ մեջքով սեղմվելով դռանը։ Բայց իսկույն էլ ժպտաց՝ իր առջև տեսնելով Բորյային։
–Դու այնքան էլ զգույշ չես,– առաջ գալով ասաց Բորյան շատ լավ հասկանալով, թե Մայան ինչ էր կպցնում խանութի դռանը։– Ես, օրինակ, այդպես չէի վարվի․ կսպասեի մինչև իջներ գիշերը։ Թե ժամանակդ չի՞ հերիքում։
–Չի հերիքում։ Վատ չէր լինի, եթե օգնեիր։
–Եթե հրամայում ես․․․
–Իսկ չես մատնի՞,– աչքերում ժպիտ՝ Մայան նայեց Բորյային։
–Իհարկե, կմատնեմ,– ժպտաց Բորյան։ – Ամբողջ մի ժամ է որոնում եմ քեզ, իսկ դու այստեղ ինչ-որ թռուցիկներ ես կպցնում ցանկապատերին ու խանութի դռանը։
–Ուրեմն դու վաղո՞ւց ես հետևում ինձ։
–Ես հսկում էի․․․ որպեսզի ոչ ոք չտեսնի քեզ ինձնից բացի․․․
–Շնորհակալություն,– շշնջաց Մայան։ Դու այդ ե՞րբ ես եկել։
–Իսկ դու չե՞ս մատնի ինձ,– ծիծաղեց Բորյան։
–Իհարկե, կմատեմ ։
–Ուրեմն չեմ ասի՝ երբ եմ եկել, որտեղ էի և ինչ էի անում այնտեղ։
–Իսկ ես գիտեմ, թե որտեղ էիր և ինչ էիր անում այնտեղ։
Նրանք քայլեցին կաթնալույսով ողողված նեղ փողոցով։ Տափաստանի վրա ծագում էր լուսինը։ Երկուսն էլ լուռ էին։ Նայում էին առջևից գնացող իրենց ստվերներին ու ոչինչ չէին գտնում ասելու։
–Ինչո՞ւ ոչինչ չես ասում,– հանկարծ լռությունը խախտեց Բորյան։
Մայան ծիծաղով լի աչքերով կողքանց նայեց նրան։
–Ի՞նչ պիտի ասեմ,– ժպտաց նա։– Դու պիտի լռես, իսկ ես խոսեմ, հա՞․․․
Բորյան նայեց նրան, և նրանց հայացքները հանդիպեցին։ Մայան իսկույն փախցրեց աչքերը։
–Ես այնպես էի կարոտել քեզ,– հանկարծ դողացող ձայնով ասաց Բորյան և զգաց, որ ամբողջ դեմքը այրվում է։
Դադար։
–Դու բոլորի՞ն էիր այդպես սիրտդ բացում,– լուսնալույսի մեջ թաքուն ժպտալով հարցրեց Մայան։
–Ոչ,– իսկույն լրջացավ Բորյան։– Դու էլ գիտես, որ ոչ։ Ինչո՞ւ ես հարցնում։
–Ես ի՜նչ իմանամ․․․ Կյանքում այնքան բաներ են պատահում,– շարունակելով խաղալ նրա հոգու հետ, ասաց Մայան։– Ի՞նչ իմանամ՝ ինչ է եղել մինչև ինձ։
Դադար։
–Ի՞նչ պիտի լինի․․․– Բորյան և քայլում , և երբեմնակի նայում էր Մայային ։– Ես այդ մասին երբեք չեմ մտածել։ Մինչև այդ օդաչու դառնալու մասին էի մտածում միայն,– նա քիչ լռեց, ասաց․– Երբ այնտեղ, տեխնիկումում սովորում էի, մեկը կար։
–Ո՞վ է,– հարցրեց Մայան՝ իր խոշոր աչքերը հառելով Բորյայի վրա։
–Ասում եմ, չէ՞, մեզ հետ տեխնիկումում սովորում էր։ Միշտ հարցնում էր՝ որ գնաս տուն, ձերոնց մոտ, ինձ նամակ չե՞ս գրելու։
–Իսկ դո՞ւ։
–Ես էլ ասում էի՝ ոչ։
–Հետո՞։
–Հետո՝ ոչինչ։ Ես նրան երբեք նամակ չգրեցի։ Իսկ հետո գնացի բանակ։ Մնացածը դու գիտես։
–Իսկ նա՞, այն աղջիկը։
–Ի՞նչ աղջիկ։ Այն, որ սովորո՞ւմ էր ինձ հետ։
–Այո։
–Ես նրան չեմ հիշում․․․ Իսկ երբ եկա ձեր դպրոցը և դեռ միջանցքում տեսա քեզ, ինձ թվաց, թե ինչ-որ տեղ տեսել եմ քեզ։ Այնքան ծանոթ էր դեմքդ։ Եվ այնքան հարազատ։ Եվ սիրելի,– դողացող ձայնով ավելացրեց Բորյան ։– Եվ այդ օրից ինչ տեսա քեզ, միշտ քո մասին եմ մտածել․․․ Ես ասել եմ քեզ այդ մասին․․․ Ես ճշմարիտ եմ ասել։
Մայան գլուխը ցած գցած քայլում էր ։
–Մինչև քեզ ոչ ոքի հետ այդ մտքով խոսած չկամ,– շարունակեց Բորյան ։– Ոչ ոքի հետ ․․․ Եվ երբեք ոչ ոքի հետ չեմ խոսի։ Հենց որ Վորոշիլովգրադից եկանք և Ուլյան ասաց, գերմանացիները Նովոշախտինսկից ետ են տվել ձեզ, ես և տխրեցի, և ուրախացա։
–Եվ չուզեցիր անգամ տեսնել ինձ ,– խայթեց Մայան։
–Ինչե՞ր ես ասում, Մայա։ Ես հնարավորություն չունեցա անցնելու քեզ մոտ, որովհետև շտապ մեկնեցի Պոպովկա՝ կարևոր գործով։
–Իսկ ինչո՞ւ ուրախացար,– ուշացումով հարցրեց Մայան։
–Ուրախացա, որ նորից պիտի տեսնեմ քեզ։ Ախր, գիտե՞ս, մի կերպ ազատվեցինք շրջապատումից։ Չէի հավատում, թե նորից կտեսնեմ քեզ։ Ասում էի՝ գնամ, մի անգամ տեսնեմ իրեն, ու թող ինձ ինչ ուզում է լինի․․․ Ու երբ Ուլյան ասաց՝ տխրեցի, որ այնքան տեղ գնացել ենք ու ետ են տվել։
–Ոչինչ, մենք այստեղ էլ շատ գործ ունենք անելու,– ասաց Մայան։ – Արդեն թռուցիկներ ենք տարածում, մեր այդ թռուցիկները հույս ու հավատ են ներշնչում բնակչությանը։ Մերոնց թվում է, թե պարտիզաններն են տարածում թռուցիկները։ Դա շատ լավ է․ թող իմանան, որ իրենց չեն մոռացել։ Ես և Ուլյան թռուցիկները, սովորաբար, փակցնում էինք շուկայի հրապարակում։ Որովհետև աշխատում ենք թռուցիկները փակցնել այնտեղ, ուր ավելի շատ մարդ է լինում։ Բայց հետո ոստիկանությունը սկսեց ծեծել թռուցիկներ կարդացողներին, և մենք որոշեցինք այլ կերպ վարվել։ Գիտե՞ս ինչ արեցինք, Բորյա։ Ուղղակի ծիծաղելի է։ Տանը, թռուցիկները դնելով տետրերի շապիկների մեջ, կարեցինք։ Ստացվեցին հին տետրակներ։ Շուկայում պառավ մի կին բլիթներ է վաճառում։ Մենք տետրերը տվինք նրան, և նա, ոչինչ չնկատելով, սկսեց բլիթները փաթաթել թռուցիկների մեջ և վաճառել։ Մենք մի կողմ քաշված նայում էինք։– Մայան ծիծաղեց, օրորեց գլուխը ։– Մոտեցավ մի տղամարդ և բլիթ գնեց։ Հետո կարդաց թռուցիկը և իր մոտ կանչեց մի ուրիշ մարդու։ Քիչ հետո պառավի զամբուղի մոտ հերթ էր։ Բլիթներն իսկույն վերջացան։ Այս ու այն կողմից մոտենում, պառավին հարցնում էին․ «Տատիկ, դուք էլի կծախե՞ք այսօր»։ Բոլորին թվում էր, թե պառավը հատկապես թռուցիկներ է վաճառում։ Դա լավ է, որ բնակչությանը թվում է, թե պարտիզաններն են տարածում թռուցիկները։ Գիտե՞ս, գերմանացիներին նույնպես թվում է, թե պարտիզանների գործն է դա։ Թող այդպես մտածեն, դա շատ լավ է։ Այ, եթե կուսակցական աշխատողներից որևէ մեկին գտնեինք, շատ լավ կլիներ։ Մեզ փորձառու մարդիկ են պետք։ Նրանք մեզ կղեկավարեին։