Մայան գրադարակից գիրք ու տետր հանեց, նստեց սեղանի մոտ՝ իբր պատրաստվում է պարապելու։
–Վերջացրու, գնա քնիր,– ասաց մայրը, ծանր ելնելով տեղից։
–Հիմա կգամ, գնա, մամ։
Մայան լուսամուտից նայեց դուրս, ուր դանդաղորեն հալվում էր գիշերը։
Արևը կրակ էր թափում երկնքից։ Կեսօր է։ Ծառերի ստվերները կուչ են եկել բների մոտ։
–Գլուխս պտտվում է,– ցածր ասաց Մայան՝ աչքերը սեղմելով ։– Չգիտեմ՝ ծարավ եմ, չգիտեմ՝ քաղցած եմ՝ սիրտս նվաղում, անհանգիստ խփում է։
Ուլյան իր հավաքած հասկը խոթեց պարկի մեջ, մոտեցավ նրան։
–Քաղցած ես,– ասաց նա՝ գլխի շարժումով ճակատից ետ գցելով մազերը։– Գնանք։ Բավական է ինչքան հավաքել ենք, թե չէ այդ ավազակ Գրինյովը նորից դուրս կգա ինչ-որ տեղից և կխլի հասկը։
Աղջիկները ձայնեցին իրար, հավաքվեցին և միասին ճանապարհ ընկան․ տապից, հոգնությունից ու քաղցից ալարում էին անգամ խոսել։
Առջևից Վասյան էր քայլում։ Նա նույնպես լուռ էր։
–Էհ, այս ի՞նչ դառավ կյանքը,– ասաց Վասյայի քույրը՝ Շուրա Բոնդարևան , խորը հառաչելով։– Եվ մինչև ե՞րբ այսպես, աստված իմ, մինչև ե՞րբ․․․
Եվ նա չէր ավարտել խոսքը, առջևից, անտառից մի մարդ դուրս եկավ, կանգնեց ճանապարհին։ Աղջիկները իսկույն ճանաչեցին նրան․ գերմանացիների կողմից նշանակված պահակ Գրինյովն էր, որն ահա քանի անգամ գալիս, խլում է նրանց հավաքած հասկը։ Կանգնել էր նա ոտքերն իրարից հեռու դրած ու լկտիաբար ժպտում էր։
–Ցած դրեք հավաքած հասկը ու գնացեք,– ասաց Գրինյովը, երբ աղջիկները հասել էին նրան։– Շուտ։ Ինչպես միշտ՝ առանց խոսքի․ առարկություն չլսեմ։
–Ի՞նչ ես ուզում,– կատաղությամբ նետեց Մայան ։– Ի՞նչ է, քեզ համա՞ր ենք հավաքվել։
–Այո, ինձ համար,– շրջվելով ձայնի կողմը, արհամարանքով նետեց Գրինյովը։– Դե՞մ ես, ինչ է։– Նա նայեց Մայային։– Թե կոմերիտակա՞ն ես,– շարունակեց Գրինյովը առաջ գալով։– Դու ինչ է, իշխանություն չե՞ս ճանաչում։
–Ես կոմերիտական եմ եղել, կոմերիտական էլ մնացել եմ,– զայրույթով ասաց Մայան։-Իսկ ձեզ նմանները․․․
–Ձենդ, ստալինյան սրիկա,– Գրինյովը արագ հանեց ատրճանակը։– Էս րոպեին շան պես կսատկացնեմ բոլորիդ․․․
– Գործ չունես,– կամացուկ արտաբերեց Վասյան, սեղմելով Մայայի թևը։– Մենք դրան կդաստիարակենք այս գիշեր ․․․
Աղջիկները պարկերից դանդաղ շարժումներով հանում էին հասկը, թափում գետնին, ճանապարհի վրա։
Առանց ետ նայելու, նրանք քայլեցին դեպի Պերվոմայկա տանող ճանապարհով։
–Որպեսզի այլևս չտեսնեմ ձեզ,– աղջիկների ետևից ձայնեց Գրինյովը, քրքջաց։
–Անհոգ մնա, չես տեսնի,– ետ շրջվելով պատասխանեց Վասյան, իսկ աղջիկներին ցածրաձայն ասաց ․
–Երեկոյան կգանք, ոչինչ։ Հարկավոր է ցորենի դեզերը վառել, իսկ դրան․․․ Դեզերը պահպանում է, որպեսզի կալսեն, ուղարկեն Գերմանիա ․․․ Ծախու շուն։ Իսկ դրան հարկավոր է կախել վառված դեզերի մոտ։ Անհոգ մնա, մեզ այլևս չես տեսնի,– վճռական ձայնով ասաց Վասյան, նայելով աղջիկներին։
–Մենք լուռ հետևում ենք, թե այդ ծախու շները ինչ են անում,– ասաց Մայան։– Թռուցիկները քիչ է, հարկավոր է զենքի ուժով։ Թող մեռնենք, բայց պատվով։ Զոյայի նման։
–Ես էլ եմ գտնում, որ հարկավոր է դիմել զենքի,– խոսեց Ուլյան հանգիստ տոնով, ասես նրա խոսքը շատ հասարակ բաների մասին էր։– Միայն թռուցիկնրով ոչինչ չես անի։ Հարկավոր է նաև զենքով։
–Հիտլերականներն արդեն ստեղծել են իրենց նոր կարգերը։ Եվ Կրասնոդոնում, և մեզ մոտ՝ Պերվոմայկայում, նրանք ձերբակալում են առաջավոր մարդկանց, կոմունիստներին ու կոմերիտականներին, բոլոր նրանց, ովքեր շքանշաններ են ստացել սովետական օրոք, բոլոր կարմիր պարտիզաններին։ Ես կարծում եմ,– Մայան փոխնիփոխ նայեց աղջիկներին,– ինձ թվում է, որ մեզնից ոչ ոք չի կարող անտարբեր նայել այդ բոլորին, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զենք ունենալ և կռվել թշնամու դեմ որպես իսկական պարտիզան։ Ձեր առաջ, իմ սիրելի ընկերուհիներ, մեր հայրենիքի առաջ,– Մայայի ձայնը դողաց,– սովետական ամբողջ ժողովրդի առաջ երդվում եմ մինչև վերջին շունչը պայքարել անարգ թշնամու դեմ։ Ես գիտեմ, որ բոլորդ էլ ինձ նման եք մտածում, բոլորդ՝ անխտիր,– ձայնը ցածրացնելով, որպես սրբազան երդում, վառվող շուրթերով շշնջաց Մայան ։– Եկեք երդվենք, ինչով հնարավոր է օգնել կարմիր բանակին՝ հիտլերյան կատաղած շներին ոչնչացնելու գործում, օգնենք՝ չխնայելով մեր արյունն ու մեր կյանքը։ Ես մինչև կյանքիս վերջը հավատարիմ կմնամ հայրենիքին ու կոմերիտմիությանը։
Երդման այդ խոսքերը՝ դաշտամիջյան ճանապարհին, տապից քարացած ծառերի ներքո, հուզեցին բոլորին։
–Ես նույնպես երդվում եմ, ինչ էլ որ պատահի ինձ, ինչպիսի խոշտանգումների էլ որ ենթարկեն․․․– Ուլյան մի պահ լռեց՝ հարմար բառեր գտնելու համար, և միանգամից ավելացրեց,– չեմ դավաճանի իմ ընկերներին, մինչև կյանքիս վերջին րոպեն, մինչև վերջին շունչը հավատարիմ կմնամ մեր սրբազան հայրենիքին։
– Ես նույնպես երդվում եմ մինչև վերջ պայքարել թշնամու դեմ, ասաց Անտոնինա Իվանիխինան, նայելով Ուլյային ու Մայային։
–Բոլորս ենք երդվում,– ասաց Շուրա Բոնդարևան։
–Բոլորս երդվում ենք,– լսվեց Նինա Մինաևայի ձայնը։– Երդվում ենք կռվել մինչև վերջ, իսկ եթե պետք է մեռնել, մեռնել հերոսի մահով․․․