–․․․Երդվում ենք, – ասացին Նինա Գերասիմովան ու Անգելինա Սամոշինան։
–․․․Երդվում ենք ,– արձագանքեց Լիլիա Իվանիխինան։
–Ավելի հեշտ է տեսնել, թե ինչպես են մեռնում հերոսները, քան լսել ինչ-որ վախկոտի աղաչանքը՝ իրեն ներելու մասին,– արտասանեց Ուլյան՝ հայացքը հեռուներին։– Մենք կպայքարենք հանուն ազատության, և եթե մեռնենք, ապա դա մահ չի լինի, դա կլինի անմահություն․․․
Երեկոյան Պերվոմայկայի ծայրին, Դեմյան Ֆոմինի տանը, ուր ներկա էին Ուլյան ու Մայան, երդվում էին և տղաները։-․․․ Ես երդվում եմ մեր այրված քաղաքների, գյուղերի, անմեղ զոհերի համար,– սկզբում կամացուկ, հետո հետզհետե բարձր ու վճռական ասում էր Բորյա Գլավանը։
Մեկը մյուսի ետևից երդվում են Դեմյան Ֆոմինը, Գենադի Լուկաշևը, Վասյա Բոնդարևը, Նիկոլայ Ժուկովը, Վլադիմիր Ռագոզինը, Անատոլի Նիկոլաևը, Եվգենի Շեպելյովը։
–․․․Իսկ եթե խախտեմ այս սրբազան երդումը խոշտանգումների ժամանակ կամ վախից,– յուրաքանչյուր բառը շեշտելով ասում էր Անատոլի Պոպովը ,– թող իմ անունն ու իմ հարազատները նզովվեն հավիտյան, իսկ ինձ թող պատժեն իմ ընկերները․․․
Տեղից ելնում է Վիկտոր Պետրովը։ Նա ընկերներին չի նայում։ Նա նայում է դեպի դուրս, ասես այնտեղ, դրսում կանգնած են նրանք, ովքեր մի քանի օր առաջ խոշտանգեցին իր հորը՝ նրան իր կոմունիստ ընկերների հետ կենդանի թաղելով Կրասնոդոնի քաղաքային զբոսայգում։ Վիկտորի խոսքը նրանց էր վերաբերում, այդ նրանց էր Վիկտորն ասում․
–Ակն ընդ ական․․․ Երդվում եմ պայքարել, կռվել մինչև արյան կաթիլը վերջին․․․
Վիկտորը նստեց։ Տիրեց կարճատև, բայց ճնշող լռություն։
Վիկտոր Տրետյակևիչը, որ մինչ այդ լուռ նստած էր սեղանի մոտ, լուսամուտի գոգին, ոչ բարձրաձայն ասաց․
–Ամեն ինչ պարզ է,– և, նայելով նստածներին, կամացուկ ավելացրեց․– Նրանք, ովքեր հանձնարարություն ունեն, կարող են գնալ։
Տեղից արագ ելավ Վասյա Բոնդարևը, բազմանշանակալից մի հայացք նետելով աղջիկների վրա։ Ե՛վ Մյան , և՛ Ուլյան իսկույն հասկացան, թե ինչ էր ասում այդ հայացքի բազմանշանակությունը։ «Նրանք, պարզ է, գնում են Գրինյովին սպանելու»,– մտածեցին Ուլյան և Մայան ու մի տեսակ վախեցած նայեցին իրար։ Բայց դա մի վայրկյան անգամ չտևեց․ նրանք քաջալերող հայացքով նայեցին Վասյային։ «Թող սպանեն,– մտածեցին նրանք ։– Հայրենիքի դավաճան ծախու շները պետք է սատկեն․․․»։ Մեկը մյուսի ետևից տղաները դուրս եկան։ Վերջին պահին Բորյան հասցրեց ժպտալ Մայային և Ուլյային։ Սենակում մնացին Ուլյան, Մայան, Անատոլի Պոպովը, Վիկտոր Տրետյակևիչն ու Դեմյան Ֆոմինը։
–Դիմկա, դու փողոցում հսկիր, որպեսզի ոչ ոք չմոտենա տանը,– բարեկամաբար ասաց Վիկտորը, և Դեմյանը արագ ելավ տեղից։
–Ոչ միայն մեզ մոտ, Պերվոմայկայում,– երբ դրսում մարեցին Դեմյանի ոտնաձայները, սկսեց Վիկտորը ,– ընդհատակյա կոմերիտական խմբեր կան ուրիշ վայրերում։
–Որտե՞ղ,– Ուլյան շողարձակող աչքերով նայեց Վիկտոր Տրետյակևիչին։
–Կան նաև ուրիշ վայրերում,– խուսափողական ասաց Վիկտորը, և Ուլյան անհարմար զգաց իր անտեղի հարցի համար ։– Նրանց բոլորին գլխավորում են այդ նպատակով ընդհատակում թողնված կոմունիստները։ Պետք չէ, որ այդ մասին բոլորն իմանան, իսկ դուք պարտավոր եք իմանալ․․․ Եվ ոչ ոքի չասել ․․․ Մեզ օգնում են,– դարձյալ խուսափողական ասաց Վիկտորը։– Թե ով՝ դա կարևոր չէ,– ժպտաց նա,– կարևորն այն է, որ օգնում են։ Եվ մենք պարտավոր ենք արդարացնել մեր ավագ ընկերների վստահությունը։
–Պերվոմայկայի մեր տղաներն ու աղջիկները ամեն ինչ կանեն ավագ ընկերների վստահությունն արդարացնելու համար,– տեղից խոսեց Ուլյան։
–Նրանք արդեն ահագին բան են արել,– ավելացրեց Վիկտորը։– Այնտեղ այդ մասին ընկերներն արդեն գիտեն․․․ Մենք շատ բան ենք արել․․․ Մեր թռուցիկնրով մենք մարդկանց բացատրեցինք չհավատալ ֆաշիստների շռայլ խոստումներին։ Հասկացրինք, որ հիտլերականները, խաբելով նրանց, կտանեն Գերմանիա, կստիպեն այնտեղ գործարաններում զենք արտադրել՝ մերոնց սպանելու համար։ Բնակչությանը կոչ արեցինք մտնել պարտիզանական խմբեր, պայքարել զավթիչների դեմ։– Վիկտոր Տրետյակևիչը լռեց։– Այն բանում, որ պարտիզանական բազմաթիվ խմբեր են ստեղծվել, – ուշացումով ասաց Վիկտորը ,– մենք էլ ավանդ ունենք։
Բոլորը գոհունակությամբ ժպտացին։
–Ընդհատակյա կոմերիտական կազմակերպություն կա նաև Կրասնոդոնում ,– հանկարծակի ասաց Վիկտորը և բոլորը միանգամից հայացքներն ուղղեցին նրա վրա։– Կազմակերպությունն ունի շտաբ, որի անդամներից մեկն էլ ես եմ։
–Ահա թե ի՜նչ,– սեթևեթանքով արտաբերեց Ուլյան, բայց լուրն այնքան կարևոր էր, որ դրան ուշադրություն դարձնող չկար։
–Շտաբի անդամներից է նաև Վանյա Զեմնուխովը․ դուք նրան գիտեք,– շարունակեց Վիկտորը ։– Մի խոսքով, մենք կապված կլինենք այդ կազմակերպությանը, բայց կգործենք առանձին։ Այսինքն նրանց հետ կապված կլինենք միայն մենք՝ չորսով, և Բորիս Գլավանը։ Մնացածները չպետք է իմանան այդ մասին։
–Պարզ է,– իսկույն վրա բերեց Տոլյա Պոպովը։
–Բայց կգործենք առանձին ,– կրկնեց Վիկտորը։– որոշված է շտաբի մեջ մտցնել նաև Ուլյային։ Մայան դպրոցական կոմերիտկազմակերպության քարտուղար ու կուսշրջկոմի անդամ է եղել մինչև օկուպացումը, նրան շատերը գիտեն, ընկերները որոշեցին չընդգրկել նրան շտաբում։ Տղաներին ու աղջիկներին կբաժանենք հնգյակների։ Յուրաքանչյուր հնգյակ պետք է ունենա իր հրամանատարը։ Որոշել ենք հնգյակների հրամանատարներ նշանակել Բորյա Գլավանին, Ուլյային, Մայային և Վիկտոր Պետրովին։ Իսկ ամբողջ խմբին կգլխավորի Տոլյա Պոպովը։ Յուրաքանչյուր հրամանատար կազմում է իր հնգյակը․․․