–Իսկ որտե՞ղ տեսար, գնչուիկ,– իսկույն վրա տվեց Ուլյան։– Ախր դու երեկ և այսօր մեզ հետ էիր, ե՞րբ տեսար նրան։
–Պատահմամբ տեսա, պատասխանեց Մայան՝ դարձյալ շփոթվելով։
–Ա՜ա, պատահմամբ է տեսել,– ծոր տվեց Ուլյան,– փողոցով պատահմամբ գնում էի, պատահաբար տեսա, սկսեցի պատահմամբ խոսել։
Աղջիկները ծիծաղեցին։
–Ուլկա,– մտերմիկ տոնով սաստեց Ալեքսանդրա Եմելյանովնան։– Խիղճ ունեցիր․․․
–Ես միշտ էլ խղճով եմ եղել, Ալեքսանդրա Եմելյանովնա,– ծիծաղելով ասաց Ուլյան։– Արար աշխարհը գիտի դա․․․ Դուք ձեր Մայայի մասին մտածեք․․․
Ալեքսանդրա Եմելյանովնան ժպտաց, այտը գորովագին սեղմեց Մայայի այտին։
Առավոտը բացվեց անձրևով։ Դեղնած, թաց տերևները կախվել էին ծառերից։ Հեռվում, լայնարձակ տափաստանի վրա, ծանր նստել էր մառախուղը։
Պերվոմայկայում խոսում էին պարտիզանների, թռուցիկների ու այրված դեզերի մասին։ Բոլորը թաքուն, բայց ներքուստ ուրախ՝ ասում էին, որ գիշերը պարտիզաններ եկել Պերվոմայկա, թռուցիկներ փակցրել տների պատերին, հեռագրասյուներին, խանութի դռանը։ Ինչ-որ աշխուժություն էր տիրում ավանում։ Մի թռուցիկ ձեռքին, Մայան մտավ տուն։
–Թռուցիկ եմ գտել, մամ,– ձեռքում շուռումուռ տալով թռուցիկը, անտարբեր ասաց նա։– Առ, կարդա։ Կարծես տեղ չեն գտել կպցնելու, բերել մեր պատին են փակցրել։
Մայրը զարմացած նայեց դստերը, ակամայաբար մեկնելով ձեռքն ու վերցնելով թռուցիկը։
–Իսկ ինչպե՞ս են փակցրել,– մտազբաղ ասաց նա, և սկսեց կարդալ՝ սկզբում ցածր, իսկ հետո հետզհետե բարձրացնելով ձայնը․ «Հիտլերը կախաղանով, գնդակահարությամբ ու խոշտանգումներով ուզում է վախեցնել սովետական մարդկանց։ Թշնամիները լացով ու արցունքով են լցրել մեր տները։ Հիշեցեք, Հիտլերի համար ստրուկներ ենք մենք, միս, ասասուն։– Աննա Փեհլիվանովան խորը շունչ քաշեց, շարունակեց․– Լավ է մահ, քան գերմանական ազատություն։ Հիտլերը խաբում է պատերազմի ավարտի մասին, պատերազմը նոր է բորբոքվում։ Մեր բանակը դեռ կվերադառնա Դոնբաս։ Մի գնացեք Գերմանիա, եթե ուզում եք շուտով ձեր տան մեջ համբուրել ձեր ամուսնուն, որդուն, եղբորը։ Մենք մեր թռուցիկներում կպատմենք ճշմարտությունը, ինչքան էլ դառը լինի այն Ռուսաստանի համար։ Կարդացեք, կարդացեք մեր թռուցիկները, դրանց բովանդակությունը հաղորդեցեք տնից-տուն, գյուղից-գյուղ։ Մահ գերմանական զավթիչներին»։– Ախր ինչպե՞ս են փակցրել ,– վերջացնելով ընթերցումը, կրկնեց Աննան,– ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ․․․ Շունն էլ բաց թողած էր․․․
–Էլ ինչ պարտիզան, որ չկարողանա թռուցիկը փակցնել պատին,– ծիծաղեց Մայան։ – Իսկ գիտե՞ս, մամ, քանի որ պարտիզաններ են գալիս, ուրեմն կարմիր բանակը հեռու չէ։ Ուրեմն մոտ է այն․․․
–Դա նույնպե՞ս թռուցիկներում է գրված,– ուշադիր նայելով դստերը, հարցրեց Աննան։
–Այո։ Գրված է նաև այն մասին, որ ընկեր Ստալինը Մոսկվայում է,– ասաց Մայան։ – Գերմանացիները ստում են, որ իբր ընկեր Ստալինը թողել է Մոսկվան։
–Դա նույնպե՞ս թռուցիկում է գրված,– արդեն չթաքնված հետաքրքրությամբ հարցրեց Մայայի մորաքույրը՝ Նինան, որը հյուր էր եկել Սամսոնովկա գյուղից։
–Այո,– Մայան հանգիստ շրջվեց մորաքրոջ կողմը և շրջազգեստի գրպանից հանելով մի թռուցիկ ևս, անտարբեր գցեց սեղանին։ – Սա էլ մոռացել էի․․․ Սա ցանկապատին էր կպցրած․․․ Կարդա՞մ, մամ։
–Կարդա,– ուշադրությունը լարեց մայրը։– Կարդա տեսնենք ինչ են գրում։
–«Մոտենում է գերմանա-ֆաշիստական բարբարոսների լծից ազատվելու բաղձալի ժամը,– հանգիստ, անվրդով ձայնով կարդաց Մայան։– Հարավ- արևմտյան ճակատի զորքերի կողմից ճեղքված է պաշտպանության գիծը։ Մեր զորամասերը, գրավելով Մորոզովսկայա կայարանը, առաջ շարժվեցին 45 կիլոմետր դեպի արևմուտք։ Մեր զորամասերի առաջխաղացումը դեպի արևմուտք շարունակվում է ։ Գերմանացիները խուճապահար փախչում են՝ ձգելով զենքերը։ Նահանջելով՝ թշնամին թալանում է բնակչությանը, խլում մթերքներն ու հագուստը։ Պահեք, ինչ կարող եք, որպեսզի հիտլերյան բանդիտների ձեռքը չընկնի։ Սաբոտաժի ենթարկեք գերմանական հրամանատարության հրամանները, մի հավատացեք նրանց ստերին։ Ընկեր Ստալինը Մոսկվայում է։
Մահ գերմանական դահիճներին։
Կեցցե սովետական ազատ հայրենիքը»։ Ահա,– ասաց Մայան նույն անտարբերությամբ։ – Իսկ դուք չեք հավատում։
–Ինչո՞ւ չենք հավատում ․․․ Հավատում ենք․․․ Բայց դե բոլոր թռուցիկները քեզ են պատահում,– ժպտալով արտասանեց մայրը՝ չկասկածելով բնավ, որ ինքը՝ Մայան է գրել այդ թռուցիկը։
–Դու ուշադիր չես, ծիծաղեց Մայան, հետո ավելացրեց ,– գերմանացիները ուզում են կոմերիտականներին տանել Գերմանիա, բայց չեն կարող։
–Ինչո՞ւ չեն կարող ,– հետաքրքրվեց մայրը։
–Պարտիզանների թռուցիկներում է գրված ։ Նրանք կոչ են անում չգնալ Գերմանիա։ Ժողովուրդը հավատում է պարտիզաններին, ուրեմն և կլսի նրանց։
–Ուժով կտանեն,– ասաց մորաքույրը։
–Ուժո՞վ ։– Մայան մի պահ նայեց նրան։– Չեն կարող։ Մի՞թե պարտիզանները կթողնեն․․․ Կտեսնեք, որ չեն կարող։
Մայան այդ երեկո ուշ եկավ տուն։ Եվ ուշ էլ քնեց։ Սեղանի մոտ նստած շարունակ գրում էր։