–Քիչ խոսիր,– ընկերոջը սաստեց մյուս ժամապահը։
–Դուք անչափ բարի եք,– շարունակեց Ուլյան ժպտալով։
Ժամապահները ծիծաղեցին։
–Բայց միևնույն է, գերիներից ոչ ոքի չենք տա ձեզ,– ասաց ժամապահը ,-ինչքան էլ դուր գան ձեզ․․ Գերմանացիները, գիտե՞ք ինչ կանեն դրա համար․․․ Տասը տեղ ստորագրել տվեցին, մինչև նրանց մեզ կհանձնեին․․․ Բացի այդ, այստեղ գերմանացի ժամապահ էլ կա, ներսում է․․․ Նրանք պարզ է մեզ չեն վստահում․․․
Աղջիկները շարունակում էին խոսեցնել ժամապահների, և նրանց թվում էր, թե ժամանակը շատ դանդաղ է անցնում։
Այդ նույն պահին Դեմյան Ֆոմինն արդեն ներսում էր, գերիների մոտ, նա գերիներին կամացուկ ասում է․
–Վեր կացեք, ընկերներ․․․ գնացեք․․․ Դուք ազատ եք․․․ Հիվանդանոցից քիչ ներքև ձոր է․․․ Ձորով գնացեք, իսկ այնտեղ Կամենկա գետն է, այնտեղ անտառներ են․․․ Գնացեք․․․
Գերիները շփոթված նայում են իրար։ Նրանք ելնում են նստած տեղերից, շտապում են․․․ Մի քանիսը չեն շարժվում անգամ․․․
–Վեր կացեք․․․ Գնացեք ձորով, իսկ այնտեղ անտառներ են։ Այնտեղ կմիանաք պարտիզաններին․․․
–Մենք քայլելու ուժ չունենք,– ասում է գերիներից մեկը։– Մենք ոչ մի տեղ գնալ չենք կարող։
Բաց դռնից անաղմուկ դուրս են ելնում գերիները, արագ քայլերով, գայթելով իջնում դեպի ձորը։
Հեռվից, ատրճանակներն ու «ֆինկաները» պատրաստ բռնած, ձյան վրա պառկած նրանց հետևում են տղաները։
Դեմյանը, վերջացնելով գործը, արագ դուրս եկավ ետնադռնից՝ չմոռանալով դուռը թողնել բաց․․․ Գուցե այն մյուսներն էլ էլ կարողանան դուրս գալ․․․ Նա կուզեկուզ վազեց տղաների մոտ և փլվելով ձյան մեջ, հոգնած շշնջաց․
–Վերջ․․․ տասնյոթ հոգի փախան․․․ Չորս հոգի բոլորովին հյուծված են․․․Նրանք տեղից շարժվել չկարողացան․․․ Բայց կեցցես, Վիկտոր,– շրջվելով Վիկտոր Պետրովի կողմը, կամացուկ ավելացրեց Դեմյանը ։– Իսկական հերոս․․․ Գերմանացի պահակն այդպես էլ չիմացավ, թե ինչ պատահեց իր հետ․․․ Վիկտորը նրան գրկեց ետևից, մի ձեռքով ամուր փակելով բերանը, նա գերմանացուն ուժով նստեցրեց գետնին, և ես միայն «ֆինկայի» փայլը տեսա մթության մեջ․․․ նա ձայն անգամ չհանեց։
«Նրանք իմ հորը սպանեցին, ինքն իրեն ասում էր Վիկտոր Պետրովը՝ ասես արդարանալով,– նրանք իմ հորը կենդանի թաղեցին զբոսայգում»։
–Գնանք, տղաներ ,– հրամայեց Տոլյա Պոպովը ։– Ամեն ինչ բարեհաջող էր․․․ Հարկավոր է հայտնել աղջիկներին․․․
–Նրանք արդեն գիտեն,– ձյունն իրենից թափ տալով արտասանեց Դեմյան Ֆոմինը։
–Ինչպե՞ս ,– զարմացավ Տոլյան։
–Պարզ ,– ասաց Դեմյանը խորհրդավոր։
Եվ, իրոք, քիչ անց նրանց ընդառաջ եկան Ուլյան ու Մայան։
–Հը, ինչպե՞ս էր,– ժպտաց Մայան։
–Ամեն ինչ լավ էր,– հանգիստ ձայնով ասաց Տոլյա Պոպովը։– Ապրեք․․․
–Իսկ Ուլյան ժամադրվեց պահակի հետ,– ծիծաղեց Մայան։
–Մի ժամից հետո հրեշտակի մոտ կլինի ժամապահ-սիրեցյալդ, Ուլյա,– ասաց Բորյան ։– Գերիների համար նրան ժամադրության կուղարկեն այն աշխարհ։
–Իմ խեղճ ասպետ,– ասաց Ուլյան խորը հառաչանքով և բոլորը ծիծաղեցին։
–Դե, մինչև վաղը,– ասաց Տոլյա Պոպովը ։– Բարի գիշեր․․․ Վաղը կհավաքվենք․․․
Նրանք բաժանվեցին։ Տոլյա Պոպովն ու Բորյան գնացին աղջիկներին ճանապարհելու։
Մայային ուղեկցելուց հետո Բորյան վերադառնում էր տուն։ Նա արդեն իջնում էր դեպի հեղեղատ, երբ ետևից ինչ-որ ձայն լսեց։ Աղջկա ձայն էր․– նա դա իսկույն հասկացավ և արագ վազեց ետ։
–Բաց թողեք, ի՞նչ եք անում, բաց թողեք, – ասում էր աղջկա ձայնը։
«Լինա Սամոշինայի ձայնն է»,– վայրկենապես մտածեց Բորյան և սլացավ ետ։ Դպրոցական շենքից քիչ ներքև, այնտեղ, ուր ճանապարհը շեշտակի թեքվում, գնում էր դեպի մթին հեղեղատ, գերմանական երկու զինվոր մի աղջկա ուժով քաշում էին ճանապարհից դուրս։
–Բաց թողեք ինձ․․․
Առանց մտածելու, Բորյան հասավ նրանց, և, իբր պատահաբար էր հայտնվել այստեղ, բարձր և ոչ այնքան քաղաքավարի, ռումիներեն հարցրեց․
–Ժամը քանի՞սն է։
Հիտլերականները խմած էին։ Հանկարծակիի գալով, նրանք բաց թողեցին աղջկա ձեռքը։ Բորյան շարունակեց խաղը՝ շատ լավ գիտակցելով, որ գերմանացիների համար, այն էլ մի քիչ խմած վիճակում, ոչինչ չարժե տեղացի մարդուն գնդակահարել։ Բայց ետ կանգնելու տեղ չկար այլևս․ նա արդեն ռիսկի էր դիմել։
–Ժամը քանի՞սն է – համառորեն իր հարցը կրկնեց Բորյան՝ գրպանում շոշափելով ֆիննական դանակը։ «Եթե խորամանկությունը չօգնեց, վճռեց նա,– գործի կդնեմ վերջին միջոցը»։
Անգելինա Սամոշինան վախվորած նայեց մեկ հիտլերականներին, մեկ Բորյային՝ չհամարձակվելով շարժվել տեղից։
Բորյայի հաստատակամությունը ներգործություն ունեցավ։ Զինվորներից մեկը չրխկացրեց ինքնալուսիչը և լուսավորեց ձեռքի ժամացույցը։
–Քսան,– ռուսերեն արտասանեց գերմանացին։
Ինքնալուսիչի լույսի տակ Բորյան տեսավ Անգելինայի գունատ դեմքը և ռուսերենը, ռումիներենն ու գերմաներենը իրար խառնելով սկսեց բացատրել, որ լավ չէ, երբ աղջիկը մեկն է, իսկ իրենք՝ երկուսը։ Հարկավոր է մի աղջիկ էլ գտնել, և Բորյան առաջարկեց միասին գնալ աղջկա հետ և կանչել նրա ընկերուհուն ևս։