Выбрать главу

Տղաների տրամադրությունը բարձր էր․ նրանք հաջողությամբ կատարել էին շտաբի բոլոր առաջադրանքները․ դեռ ավելին, Անատոլի Պոպովի առաջարկությամբ, նրանք որոշեցին դուրս գալ ավանից և Վորոշիլովգրադից եկող խճուղու մոտ սպասել գերմանական մեքենայի․․․ «Դա կլինի այսօրվա մեր վերջին առաջադրանքը»,– ասել էր Տոլյան։

–Պատրաստ,– կարճ հրամայեց Տոլյան։

Հանկարծ միանգամից լուսավորվեցին ծառերի կատարները, իսկ հետո լսվեց մեքենաների մոտեցող հռնդյունը։ Իրար ետևից, լուսավորելով սառցապատ ճանապարհը, դանդաղ գալիս էին մի քանի բեռնատար մեքենաներ։ Տղաները նայեցին իրար։

–Պետք չէ,– ցածր, բայց բոլորի համար լսելի արտասաներ Տոլյան։ Տղաներն իրենք էլ գիտեին, որ անիմաստ բան է փոքրաթիվ խմբով հարձակվել շարասյան վրա, և կրկին սկսեցին սպասել մենահայտ մեքենայի։ Խուլ հռնդյունով անցան բոլոր մեքենանրը։ Բորյան հայացքով ուղեկցեց վերջին մեքենան և կրկին սկսեց նայել ճանապարհի կողմը։

–Իսկ եթե հանկարծ բեռնատար լինի ու թափքում պայթանյո՞ւթ,-կամացուկ ասաց Ֆոմինը, ետ շրջվելով դեպի տղաները։ – Այ դա պայթյուն կլինի։

–Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս,– բարկացավ Վասյա Բոնդարևը ։– Ինչ էլ ուզում է լինի, միևնույն է, պետք է շարքից հանել։

–Թող Ֆոմինը դուրս գա ճանապարհ, եթե այդքան հետաքրքրասեր է,– կատակեց Բորյա Գլավանը,– թող տեսնի ի՞նչ կա թափքում, նոր մենք պայթեցնենք մեքենան։

–Դիմկային էլ հետը,– ծիծաղեց Վասյա Բոնդարևը։

Հեռվում, ոլորանից այն կողմ, լույսեր երևացին․ լույսերը մեկ ցատկոտում էին ծառերի կատարներին, մեկ՝ սահում տափաստանի վրայով։

–Բեռնատար է,– ասաց Ֆոմինը, տեղից կիսաբարձրանալով։– Եվ ոնց որ մի հատ է,– գոհունակությամբ ավելացրեց նա։

–Այո, մի հատ է,– հնչեց Վիկտոր Պետրովի ձայնը։ Նա ակամա շոշափեց նռնակը։

–Պատրաստ է,– հրամայեց Անատոլին։

Թափքը բրեզենտով ծածկված բեռնատար մեքենա էր։ Գիշերային երկնքում ճոճելով ցողարձակ լապտերների լույսը, մեքենան մոտենում էր կամրջին, որից քիչ հեռու, թփուտների մեջ, պառկել, սպասում էին տղաները։ Որոշված էր նախապես․ դուրս գալով ոլորանի ետևից, մեքենան կդանդաղեցնի ընթացքը ու նոր կմտնի կամրջի տակ․ ահա հենց այդ պահին Բորյան կնետի նռնակը։ Եթե վրիպեց՝ կնետի Վիկտոր Պետրովը։

Տղաները շունչները պահած, սեղմվեցին գետնին։

Մեքենան հասավ կամրջին, ևս մի քանի վայրկյան, և այն կմտնի կամրջի տակ, Բորյա Գլավանը, արագ ելնելով տեղից, մի երկու քայլ առաջ վազեց և թափով նետեց հակատանկային նռնակը։ Վայրկյանական փայլատակումի հետ միաժամանակ լսվեց խլացուցիչ պայթյուն․ մի պահ այնպես թվաց, թե պայթյունն իրենց ջարդուցրիվ արեց։ Բայց ոչ, ողջ են։ Առաջինը Անատոլին բարձրացրեց գլուխը։ Գերմանական բեռնատարը՝ դունչը խրած ձյան մեջ, անշարժ, կանգնել էր։ «Հետաքրքիր է, թափքում մա՞րդ կա, թե ո՞չ»,– անցավ տղաների մտքով, և ասես որպես պատասխան, լսվեցին օտար հնչյուններ, ինչ-որ մեկը գոռաց, հետո իրար ետևից թափքից սկսեցին ցատկել հիտլերականները։ Հարկավոր էր կրակել։ Բորյան հայացքով հասկացրեց՝ սպասել։ Բայց ինչքա՞ն սպասել, քանի՞ րոպե․․․ Բոլորը սպասում էին հրամանի, և վայրկյանները սահում էին տագնապալից ու դանդաղ․․․ Գերմանացիները մոտ են, նրանք վազում են դեպի ճանապարհը ․․․ Եվ այդ պահին տկտկաց գնդացիրը։ Դա հնչեց որպես հրաման, սկսվեց հրաձգությունը։ Կարճատև, բայց համերաշխ։

Հրաձգությունը դադարեց այն ժամանակ, երբ այլևս ոչ ոք չէր շարժվում մեքենայի մոտ։ Դա ընդամենը տևեց մի քանի վայրկյան։ Իսկ հետո նոր հրաման՝ բոլորը վազեցին կամրջի մոտ, սպանվածների վրայից արագ հանեցին զենքերն ու ռազմամթերքները։

–Վերջացրինք, գնում ենք,– հրամայեց Անատոլի Պոպովը, և առաջինը քայլեց այն կողմ, ուր ձյուների վրա պառկած կրակում էին հիտլերականների վրա։ Տղաները, ետ-ետ նայելով, քայլեցին Տոլյայի ետևից։