Выбрать главу

Նա մռայլ ու մտահոգ դեմք ընդունեց։ Ձեռքերը ետևին, դանդաղ առաջ ու ետ էր քայլում սենյակում։

–Իսկ հատկապես ի՞նչ էին անում։ Թռուցիկնե՞ր էին տարածում։

–Այո,– ուշացումով պատասխանեց Գենյան։– Թռուցիկներ էին տարածում, մեքենաներ էին պայթեցնում, դաշտերում վառում էին ցորենի արտերը․․․– Նա լռեց, նայեց Գրոմովին։ Նրա աչքերը օգնություն էին աղերսում։

–Հետո՞,– սառը հարցրեց հայրը։

–Բարձր շենքերի վրա դրոշներ էին ամրացնում, տոն օրերին,– շարունակեց՝ առանց հայացքը կտրելու Գրոմովից։– Աշխատանքայի բորսան վառեցին․․․

–Հետաքրքիր է,– գլուխն օրորեց Գրոմովը։

–Բայց ինքս անձամբ ոչինչ չեմ արել ,– արագ ասաց Պոչեպցովը ։– Ես մասնակցել եմ այդ գործողություններին, ճիշտ է, բայց ոչինչ չեմ արել։

–Այդ լավ է,– հուսադրեց Գրոմովը ։– Դա քո օգտին է։ Բայց չեն հավատա։ Հարկավոր է այնպես անել, որ հավատան։ Որպեսզի չծեծեն, չտանջեն քեզ։

–Ինչպե՞ս անել։

–Գրել բոլորի անունները և հանձնել ոստիկանություն։

Պոչեպցովը սոսկումնալից նայեց նրան։

–Ուրիշ ելք չկա,– Գրոմովը դանդաղ օրորեց գլուխը,– փրկության ոչ մի ելք չկա։

–Ես բոլորին չգիտեմ,– փորձեց խուսափել Պոչեպցովը։– Դա հնարավոր էլ չէ։ Պերվոմայցիներին գիտեմ։ Իսկ մյուսներին՝ ոչ։ Մի քանի հոգու եմ միայն ճանաչում։

–Ոչինչ, դու գրիր նրանց անունները, որոնց ճանաչում ես։ Ուրիշների հետ գործ չունես։

–Չեմ կարող,– աղերսաձայն ասաց նա։

–Քո գործն է, Գենյա։ Ես քեզ չեմ ստիպում ,– հանգիստ խոսեց Գրոմովը։– Բայց լավ իմացիր, որ մահ է սպասում քեզ։ Դու փոքր ես դեռ․ դու գերմանացիներին չգիտես։ Նրանց հետ պետք է խելամիտ լինել, զգույշ լինել։ Սա լավ իմացիր։ Հետո էլ։– Գրոմովը քիչ լռեց և միանգամից ասաց․– Սովետները գնացին ու էլ նրանց վերադարձ չկա։ Մարդ պետք է հեռատես լինի․ հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում։

–Այո,– մեքենաբար արտասանեց Գենյան։

–Գրիր բոլորի անունները։ Ոչ ոք չի իմանա, որ դու ես մատնել։ Գրիր ու գնա գյուղ, մերոնց մոտ։ Հետո ամեն ինչ կանցնի՝ կգաս։ Գրիր։

Պոչեպցովը լուռ էր։

–Ընդ որում, պետք է գրել ետին ամսաթվով,– նորից խոսեց Գրոմովը ։– Հիշո՞ւմ ես անցյալ տարի, երբ տոմսդ այրեցիր, դարձյալ այդպես գրեցինք։ Եվ տեսա՞ր, որ հավատացին․ գրիր ետին թվով․ իբր շուտ ես գրել, մինչև նրանց բանտարկությունը։ Դու լսիր ինձ ու չես փոշմանի։ Քիչ հետո մայրիկդ կգա, շուկա է գնացել և կտեսնես, որ նա էլ նույնն է ասում։ Որովհետև մենք քո լավն ենք ուզում։ Ուրիշի համար ինչի՞ պիտի ցավենք։ Ինքդ մտածիր։ Նշանակում է ուրիշ չես դու ինձ համար, իմ հարազատն ես․․․

Դարպասը ծեծեցին։

Գրոմովը մի փոքր ետ տարավ վարագույրը։

–Էլի էն տղան է, մոլդովացին։ Դուրս եկ, տես ինչ է ասում։

Պոչեպցովը դանդաղ ելավ տեղից, գնաց դուռը բացելու։ Ծնկները դողում էին։ Նրան թվում էր՝ Բորյան ամեն ինչ գիտի։ Կամ էլ գլխի կընկնի իսկույն։ Բաց արեց դուռը, դուրս եկավ։ Ուժեղ քամի էր։ Ծառերը օրորվում, սրթսրթում էին ցրտի մեջ։

Բորյան կանգնել էր դարպասի մոտ, մի ոտից մյուսն էր փոխվում։ Ձյունախառն քամին անխնա խփում էր նրա դեմքին։ Պոչեպցովը իջավ բակ, ուսերին գցած վերարկուի մեջ կուչ եկած դանդաղ մոտեցավ դարպասին։

–Տղաներին բռնել են,– հապշտապ ասաց Բորյան։– Հարկավոր է հայտնել բոլորին։

–Ինչպե՞ս,– իբր առաջին անգամ էր լսում՝ զարմացած հարցրեց Գենյան՝ ետ-ետ գնալով։

–Չգիտեմ։ Բռնել են արդեն,– ջղագրգիռ ասաց Բորյան։– Վիկտոր Տրետյակևիչին ու Մաշկովին բռնել են։ Վանյա Զեմնուխովը գնացել է ոստիկանություն՝ իմանալու ի՞նչ է պատահել, նրան նույնպես բանտարկել են։ Ես մի քանիսին ասել եմ արդեն։ Հարկավոր է մյուսներին նույնպես հայտնել։ Շուտ հագնվիր գնանք։ Ժամանակ չկա։

–Ես չեմ կարող, Բորյա ,– շնչակտուր շշուկով արտասանեց Գենադին՝ աչքերը փախցնելով Բորյայից։– Ես ինձ շատ վատ եմ զգում․ գլուխս ուժեղ պտտվում է, աչքերս մշուշվում են։ Հիվանդ եմ։

Բորյան մի պահ նայեց նրան։

–Դե լավ, ես գնամ,– ասաց նա։– Գուցե հետո նորից կարողանամ անցնել։ Ցտեսություն։

–Ցտեսություն,– պատասխանեց Գենյան հազիվ լսելի և դանդաղ գնաց դեպի տուն։

«Կգնամ գյուղ,– ինքն իրեն սիրտ էր տալիս նա։– Հետո, երբ ամեն ինչ կանցնի, կվերադառնամ»։ Պատշգամբում թափ տվեց ոտքերի ձյունը, ներս մտավ։

–Ի՞նչ էր ասում,– հարցրեց Գրոմովը։

–Իվան Զեմնուխովին նույնպես բռնել են,– բութ հայացքը հառած Գրոմովին՝ դանդաղ արտասանեց Պոչեպցովը։– Մեր ընկերներից է։

–Տեսնու՞մ ես, – արագ վրա բերեց Գրոմովը, նրա աչքերը վազվզեցին: – Մտածիր քո մասին, Գենկա, ախր չի կարելի այդպես: Մեկ էլ տեսար եկան ետևիցդ: Նստիր գրիր, ես ինքս կտանեմ ոստիկանություն, դու գործ չունես: Գրիր:

Վիկտոր Տրետյակևիչի, Զեմնուխովի և Ժենյա Մաշկովի ձերբակալության լուրը Մայան լսեց Տոնյա Իվանիխինայից: Նա դուրս էր եկել Ալեքսանդրա Եմելյանովնային ուղեկցելու, խոր ձյան միջով ընկած կածանով ետ գնում էր տուն;

Մտասույզ ու անտրամադիր նա թեքվեց իրենց դարպասի կողմը և հանկարծ ետևից լսեց Տոնյայի ձայնը:

–Մայա, սպասիր մի րոպե:

Ձյան մեջ խրվելով, վազելով գալիս էր Տոնյան՝ երբեմն գայթելով ու նորից ելնելով, և նրա երեսին գույն չկար: Սիրտը վատ բան գուշակեց: Ընդառաջ գնաց Տոնյային: «Ինչ է պատահել» աչքերով վախեցած ու անհանգիստ հարցրեց նա՝ ակամայից կանգ առնելով: