–Բոլորին պետք է հաղորդել,– ասաց Իվան Տուրկենիչը, որ մինչ այդ լուռ էր: – Այսօր ևեթ պետք է ողնել Պերվոմայկան ու Կրասնոդոնը: Պետք է հեռանալ:
–Ինձ թվում է, պերվոմայցիները կարող են մնալ, – խոսեց Տոլյա Պոպովը: – Մենք առանձին էինք գործում: Գուցե նույնիսկ չդիպչեն մեզ:
–Իրոք, մենք հեռու էինք շտաբից, – ասաց Ուլյան՝ նայելով մեկ Օլեգին, մեկ՝ Լյուբա Շվեցովային, մեկ՝ Իվան Տուրկենիչին: – Գուցե մնա՞նք մենք:
–Դու ի՞նչ կարծիքի ես, Մայա, – հանկարծ հարցրեց Օլեգը, անթարթ նայելով Մայային:
Օլեգի սևեռուն հայացքից Մայան նույնիսկ շփոթվեց:
–Պետք է հեռանալ, որովհետև ուրիշ ելք չկա, – ասաց Մայան, անօգնական նայելով շուրջը: – Մենք լուրը լսելուն պես, Դեմյան Ֆոմինին ու Վասյա Բոնդարևին ուղարկեցինք Նիկոլայ Չեռնյավսկու մոտ, Շիրոկոյե խուտոր՝ հուսալով նրա միջոցով կապվել պարտիզանների հետ: Քիչ առաջ եկան տղաները: Նա մեզ օգնել չի կարող, ոստիկանությունը փնտրում է նրան. Մայրն էր հաղորդել: Հարկավոր է հեռանալ, – վճռական ձայնով ասաց Մայան: -Գուցե վաղը կամ մյուս օրը, բայց պետք է հեռանալ, – ասաց նա: -Եթե մատնել են՝ բոլորին կտանեն: Կազմակերպությունից ոչ ոք չպետք է մնա: Սա է իմ կարծիքը:
–Ուրիշ կարծիքներ չկա՞ն, – հարցրեց Օլեգը: -Նա լուռ սպասեց մի պահ: – Որոշված է՝ բոլորս հեռանում ենք այսօր: Վաղը կհեռանան նաև պերվոմայցիները: Շնորհակալություն բ-բոլորին, – Օլեգի ձայնը դողդոջաց: – Ես ձեզ երբեք չեմ մոռանա:
Աղջիկները լուռ արտասվում էին:
Ալեքսանդրա Եմելյանովնան այդ գիշեր մնաց Մայայի մոտ:
Դրսում դանդաղ ձյուն էր տեղում: Ոչ Մայան, և ոչ Ալեքսանդրա Եմելյանովնան քնել չէին կարողանում:
Գիշեր։ Լուսամուտից այն կողմ, այգում, ոռնում է քամին, ծեծում ապակիները: Մայան, իր վրա զգալով մոր հայացքը, բաց արեց աչքերը;
–Ինչո՞ւ ես այդպես նայում, մայրիկ, – ձգտելով անհոգ երևալ, հարցրեց Մայան, արմունկով հենվելով բարձին:
–Անհանգիստ է սիրռս, – մայրը ոտքերն իջեցրեց մահճակալից, – գուցե թաքնվեիք որևէ տեղ:
–Իսկ ի՞նչ պիտի լինի, – հուսադրեց Ալեքսանդրա Եմելյանովնան, – հանգիստ քնեցեք…
–Ախր տղաներին, ես գիտեմ, բանտում սարսափելի տանջում են. որևէ մեկը կարող է չդիմանալ և ամեն ինչ պատմել…
–Մեր ընկերներից ոչ մեկը չի մատնի, – համոզված ասաց Մայան: – Ես ինքս էլ օրինակ, ոչ մի դեպքում որևէ բան չէի պատմի…
–Մայան ճիշտ է ասում, – իր հերթին ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, – մեր տղաներից ոչ ոք չի մատնի:
Փողոցում ձայներ լսվեցին: Ինչ –որ մեկն այնտեղ բարձր հայհոյեց, հետո ծանր կոշիկների դոփյուն լսվեց արտասանդուղքի վրա: Դուռը ուժգին թակեցին:
–Բաց արա…
Աննան անկարող որևէ բան ասելու, սարսափահար նայեց աղջիկներին։
–Բաց արա․․․
Թվում էր, թե ուր որ դուռը կփլվի հարվածներից:
Աննան ներքնաշորով վազեց այս ու այն կողմ՝ չհասկանալով, թե ինչ կարելի է անել. նա բոլորովին կորցրել էր իրեն:
Մայան ու Ալեքսանդրա Եմելյանովնան սկսեցին արագ հագնվել:
–Ո՞վ է ,– վերջապես ներսից ասաց Աննա Փեհլիվանովան, մոտենալով դռանը:
–Ոստիկանությունից է, բաց արա:
Դրսում մոլեգնում էր բուքը:
–Մամ, բաց արա, – խոսեց Մայան խզված ձայնով,– Միևնույն է, կոտրելու են դուռը:
Աննա Փեհլիվանովան սարսափից դողալով մոտեցավ դռանը:
–Հիմա, հիմա… – Աննան դողացող ձեռքերով ետ տարավ ծանր սողնակը:
Սենյակ մտան Կրասնոդոնի ոստիկանության պետ Սոլիկովսկին, Պերվոմայկայի ոստիկանության տեղամասի պետ Զախարովը և ունտեր Ֆենբոնգը՝ հրացանավոր զինվորի ուղեկցությամբ:
–Ո՞վ է Մայան, – հարցրեց Սոլիկովսկին՝ հայցքը նետելով Մայայի վայելուչ կազմվածքին:
–Ես եմ, – ասաց Մայան, տեղից կիսաբարձրանալով:
–Շուտ հագնվիր, – ասաց Զախարովը: – Գնում ենք ավանային ոստիկանություն:
–Իսկ ի՞նչ է պատահել, – անկարող զսպելու արցունքները, ասաց Աննան առաջ գալով:
–Այնտեղ կասեն, – նետեց Զախարովը:
Մայան առանց շտապելու ելավ տեղից, առանց շտապելու հագավ վերարկուն, գլխաշորը գցեց գլխին, հացը մակճակալի տակ էր, փայտե փոքրիկ տաշտի մեջ, թեքվեց, մի կտոր չոր հաց կտրեց, դրեց գրպանը, մոտեցավ, ամուր համբուրեց մորը, Ալեքսանդրա Եմելյանովնային, հետո քնքուշ հայացքով, արցունքով լի աչքերով նայեց մորը, իր մակճակալին, գրասեղանին, գրքերին, ապա ուղղվեց, ասաց.
–Ես պատրաստ եմ:
Աննա Փեհլիվանովնան ընկավ մահճակալին, դառը հեկեկաց.
–Մայրիկ, մի լա, – դռների մոտ շրջվելով ասաց Մայան: Նա Ժպտաց: -Մի լա, քո աղջիկը այնպիսի բան չի անի, որ դու նրա համար ամաչես…
Ալեքսանդրա Եմելյանովնան կանգնել էր պատի մոտ, նայում էր Մայաին և նրա աչքերից անդադար հոսում էին արցունքները:
Դրսում բուքը սաստկացել էր, կատաղորեն ծեծում էր դուռ ու պատուհան: