–Հրեշներ,– տնքում էր Լյուբան։– Մերոնք գալիս են արդեն ․․․ Դրա համար են կատաղել։ Ինձ հարցաքննելիս երկնքով մի ինքնաթիռ անցավ։ – Լյուբան դժվարությամբ էր խոսում։– Նրանք գույները գցեցին։ Ես ծիծաղում էի, իսկ նրանք իրենք իրենց ուտում էին։ Իսկ Պոչեպցովն ու այդ Զինա Վիրիկովան՝ այդ սողունները, կուչ էին եկել․․․
Իրիկնադեմին Մայային նորից կանչեցին հարցաքննության։
–Կարծում եմ, որ խելքի ես եկել,– հատ-հատ արտասանեց Սոլիկովսկին ։– Պատմիր տեսնենք։ Միայն շուտ, ժամանակ չունենք․․․
–Ինչո՞ւ ժամանակ չունեք․ փախչո՞ւմ եք արդեն․․․– անվեհեր նետեց Մայան։
–Միացրու պատեֆոնը ,– հրամայեց Զախարովը ինչ-որ մեկին։
Մայային ամբողջ մի ժամ ծեծում էին, դույլով սառը ջուր էին լցնում նրա վրա ու նորից ծեծում։ Խփում էին ոտքերով, մտրակներով, երկաթալարերով։ Ինչով պատահեր։ Հետո ասեղներ խրեցին նրա եղունգների տակ, նրա ձեռքերը պահեցին դռան տակ ու ծածկեցին դուռը։ Գլխիվայր կախեցին առաստաղից։
–Պատմիր ,– գոռում էր Սոլիկովսկին ։– Պատմիր, ստալինյան վիժվածք։
Նրան կրկին բանտախուց տարան։ Մարմինը դողում էր։
–Մեջքս այրվում է,– ծանր արտաբերեց Մայան ։– Բարձրացրեք կոֆտաս։
Աղջիկները զգուշությամբ բարձրացրին նրա բլուզը։
–Ուհ, հրեշներ,– փղձկաց Ուլյան , իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան մի կողմ քաշվեց և հանկարծակի խուլ հեկեկաց։ Մայայի մեջքին, մի քանի տեղ, հնգաթև աստղեր էին նկարել, և արյունը հոսում էր նրա մեջքով։
–Միևնույն է, ոչինչ չեմ ասի․– շշնջում էր Մայան;– Որ սպանեն էլ՝ ոչինչ չեմ ասի․․․ Ոչ մի բան չեմ ասի․․․
Օդը հանկարծակի լցվեց հեռավոր հռնդյունով։ Այստեղ – այնտեղ պայթյուններ լսվեցին։
–Լսո՞ւմ եք, աղջիկներ,– ասաց Ուլյան, նստելով տեղում։– Մերոնք գալիս են․․․ Լսո՞ւմ եք, ռումբերը շատ մոտիկ են պայթում․․․ Ինքնաթիռների ձայները լսո՞ւմ եք, մեր վրեժը առնելու են դահիճներից․․․
Բանտախցի դռները բացվեցին միանգամից․
–Դուրս․․․ միջանցք ․․․– հրամայեցին բոլորին։
–Ի՞նչ վերցնեմ հետս,– շփոթված կմկմաց Անգելինա Սամոշինան դողացող շուրթերով։
–Ի՞նչ պիտի վերցնես,– հառաչանքով ասաց Ուլյան ։– Դու գիտես, թե ուր ես գնում։
Դրսում, բանտի ընդարձակ բակում, ազդանշաններ էին տալիս մեքենաները։
Շատերը չէին կարողանում քայլել։ Հանված էին Դեմյան Ֆոմինի աչքերը, փշրված էր Վիկտոր Պետրովի ձախ ձեռքը, Անատոլի Պոպովի ներբանը կտրված-պոկված էր, չէր կարողանում ոտքը դնել գետնին․ նրանց օգնում էին Եվգենի Շեպելյովն ու Վլադիմիր Ռագոզինը։ Այդ օրը Տոլյա Պոպովի ծննդյան օրն էր, լրացել էր նրա տասնութ տարին։
Չէր կարողանում շարժվել նաև Վասյա Բոնդարևը․ նրան օգնում էին Անատոլի Նիկոլաևն ու Նիկոլայ Ժուկովը։ Նրանց տանում էին գնդակահարության։ Բոլորը գիտեին այդ։ Եվ ոչ ոք չէր լալիս։ Ալեքսանդրա Եմելյանովնան օգնեց Մայային, որ հագնի վերարկուն։ Հետո երկու ընկերուհիները իրար գրկած դուրս եկան։
Խոր ու ցուրտ գիշեր էր։ Աստղավառ գիշեր։
Բորյան ցանկացավ մոտենալ Մայային, հրացանի կոթով հրեցին նրան։
–Չի կարելի։
Նրանց սկսեցին գլխավոր մուտքով քշել բակ, դեպի այնտեղ կանգնած մեքենանրը։
–Շնելլեր, շնելլեր,– հրացանի կոթով հրում էին հարբաց գերմանացիները։
Տանջահար, քաղցած ու ծարավ, ուժասպառ՝ նրանք մի կերպ գնացին դեպի մեքենաները, իրար օգնելով՝ բարձրացան կիսածածկ թափքերը։ Հետո մեքենաները դանդաղ, մարած լույսերով դուրս եկան, գնացին մութ փողոցով։
–Երգենք,– հանկարծ ասաց Ուլյան ։– Հպարտ ենք ապրել, պետք է հպարտ էլ մեռնենք․․․ Ոչինչ, որ մեռնում ենք, ինչ-որ բան արել ենք մեր հայրենիքի համար։ Ափսոս, քիչ ենք արել, չհասցրինք շատ անել․․․ Մեր փոխարեն կարմիր բանակը կանի։ Կարմիր բանակը շուտով այստեղ կլինի։
Եվ մութ գիշերվա խավարի մեջ հնչեց նրանց վերջին երգը․
Խոշտանգված գերությամբ ծանրակիր,
Դու մահով փառավոր՝ ննջեցիր․․․
Ետևից սահնակներով գալիս էին հարբած դահիճները։
Վեր կելնի ահեղ վրիժառուն,
Կլինի մեզանից նա ուժեղ,-
Երգում էին տղաներն ու աղջիկները։
Արդեն դուրս էին եկել քաղաքից, գնում էին ամայի տափաստանի միջով, իսկ շուրջը ձյուն էր, սառամանիք, քամին ոռնում էր, կաղկանձում։
Մայան ետ նայեց․ հեռվում երևում էին Պերվոմայկայի աղոտ լույսերը։ «Ներիր, մայրիկ, ու մնաս բարով, մենք այլևս չենք հանդիպի»,– նա չկարողացավ պահել իրեն, դեմքը սեղմեց Ալեքսանդրա Եմելյանովնայի կրծքին, արցունքներից խեղդվելով շշնջաց․
–Ներիր և դու, Սաշենկա, ներիր․․․ Դու ինձ համար եկար բանտ․ ես դա գիտեմ․․․
Եվ էլ ոչինչ չկարողացավ արտասանել։
–Ես երջանիկ եմ, որ քեզ հետ եմ վերջին պահին,– շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովնան՝ սեղմվելով ընկերուհուն։
Մեքենանրը կանգ առան մի լքված հանքահորի մոտ, տափաստանում։ Երիտասարդ գվարդիականներին սկսեցին ցած հրել թափքերից, շարք կանգնեցնել։ Բորյան մոտեցավ Մայային, բռնեց նրա ձեռքը։ Մայան նայեց նրան, օրորեց գլուխը՝ «պետք չէ»։