Ելենան կտրուկ կերպով նայեց Եվային, իսկ Ամալյան մի տեսակ մեղանչական տոնով շշնջաց.
–Պետք չէ, Եվա։ Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։
–Այո, ես եմ մեղավոր,– կրկնեց Եվան, առանց ուշադրություն դարձնելու Ամալյայի խոսքերին։– Մոսկվա մեկնելու օրը մեր մեջ սուր խոսակցություն տեղի ունեցավ, և ես նրան ասացի, որ այլևս միասին ապրել չենք կարող… Այո, դա իրոք այդպես էր, ես հոգնել էի խաբելուց և ինձ, և նրան, հոգնել էի ձևացնելուց՝ իբր թե ամեն ինչ կարգին է և ավելին ինձ պետք էլ չէ… Ոչ, ես նրան չեմ նախատում, նա, նա մեղավորություն չունի ոչ մի բանում…– Եվան խորը շունչ քաշեց, շարունակեց.– Իդեալական մարդիկ, թերևս չկան, նա նույնպես իդեալական չէր, բայց իդեալով մարդ էր նա և հաստատ գիտեր հանուն ինչի է ապրում այս աշխարհում։ Եվ ահա, երբ հանկարծ տեսնում ես, որ այդպիսի մարդը արհամարհում է քեզ…
–Եվա, ախր այդ ինչեր ես խոսում,– դարձյալ մեջ ընկավ Ամալյան։
–Պետք չէ, Ամալյա,-մի կիսավայրկյան աչքերը գոցելով ասաց Եվան՝ տարուբերելով գլուխը։-Չէ՞ որ ես կին եմ և զուրկ չեմ ներըմբռնողությունից… Ոչ, ես ամեն ինչ տեսնում էի։ Ես տեսնում էի, որ նա իր ձևով է սիրում ինձ։ Սիրում է իմ մարմինը, իմ մազերը, իմ դեմքը, նույնիսկ իմ թեթևամտությունը։ Բայց ես համաժամանակ տեսնում էի նաև այն, որ նա իր հոգու խորքում արհամարհում է ինձ։ Նա իմ մեջ կանացի կատարելատիպն էր ուզում տեսնել, բայց ավաղ, չէր տեսնում։
–Ինչպե՞ս հասկանալ դա,– սառն արտաբերեց Ելենան։
–Չգիտեմ, բայց զգում եմ, որ տեսնում էր ոչ այն, ինչ ուզում էր,– արձագանքեց Եվան։-Եվ երբ հասկացա դա, ես հանկարծ զգացի այնպես, ինչպես լուսնոտն է զգում իրեն՝ քնից արթնանալով բարձրաբերձ շենքի քիվին։ Եվ ես սկսեցի մտածել՝ իսկ ինչի՞ համար եմ ապրում այս աշխարհում, ի՞նչ եմ ուզում կյանքից և ինքս ինչ եմ տվել։ Ո՞ւմ եմ ուրախացրել նրանով, որ ապրում եմ երկրի երեսին և ո՞վ կհիշի ինձ, երբ այլևս չեմ լինի։ Ես նույնիսկ երեխա չունեմ, որ գոնե երբևէ շնորհակալություն ասի ինձ այն բանի համար, որ կյանք եմ տվել իրեն։ Ես դավաճանեցի իմ սիրուն ու կոխկրտեցի նաև ուրիշինը։
–Չափազանց ուշ է զղջման համար,– ասաց Ելենան նույն սառնությամբ։
Ամալյան սաստող հայացքով նայեց Ելենային։
–Գիտեմ, Ելենա, ես ինքս էլ գիտեմ, որ ուշացած խոստովանություն է սա, – ասաց Եվան մտացիր կերպով։-Եվ որ ոչինչ հնարավոր չէ վերադարձնել այլևս…Ես ամուսնացա Անտոնյանի հետ՝ առանց սիրելու նրան, և նա գիտեր դա ու այդտեղից էր գալիս նրա մշտատև ատելությունը, ամուսնացա փառամոլական հույսով՝ հեշտությամբ ձեռք գցել աշխարհիկ այն բարիքները, որ մարդկանց տրվում են ոչ հեշտությամբ։ Եվ ես ստացա դրանք, սակայն այնչափ թանկ գնով. ես դարձա գեղեցիկ մի խաղալիք՝ մեծ երեխայի ձեռքում, այն տարբերությամբ միայն, որ փոքր երեխան իր խաղալիքն անկեղծորեն հաշվում է իր բարեկամը և վստահում նրան իր մտքերը, իսկ Անտոնյանն իր մտքերը չէր վստահում ինձ…Պարզապես նրա բախտը չի բերել։ Առաջին կինը մահացավ, իսկ ես այդպես էլ չհասկացա նրան, կամ չուզեցի հասկանալ։ Նույնը և որդին։
–Որդին գիտի՞, որ հայրը չկա այլևս,– զգույշ հարցրեց Ամալյան։
–Ոչ, հարկավոր է հաղորդել։
–Հեռախոս ունի՞։
–Ոչ, քաղաքից դուրս՝ արվարձաններից մեկում վարձով է ապրում։
–Ինչո՞ւ։
–Համաձայն չէր, որ մոր մահից հետո հայրը նորից ամուսնանար։ Ըմբոստացավ հոր դեմ, վերցրեց կնոջն ու երեխային և դուրս եկավ տնից… Ոչինչ, նորից կգա, կապրի հայրական տանը։ Երրորդը միշտ էլ ավելորդ է։
–Եվա։
–Պետք չէ, Ամալյա, խղճահարություն չեմ ուզում։ Ասա Ռաֆայելին թող ուղարկի վարորդին։ Հասցեն առաջին հարկի մեր հարևանի՝ Մարիամի մոտ կա, թող վերցնի։– Եվան որոշ ժամանակ լռեց, հետո շարունակեց կիսաձայն։– Չլինեի ես՝ գուցե նա զգույշ լիներ։ Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց ինձ։
''Եվ իզուր'',– չարախնդությամբ մտովի ասաց Ելենան, գնաց դեպի հյուրասենյակ, ուր տղամարդիկ լուռ ծխում էին, և տեսնելով, որ Ստեփանը չկա, մնաց դռների մոտ մոլոր կանգնած։
*******
Երկարատև անձրևներից հետո նույնիսկ սարսափելի էր աշնան այդ շռայլ, տաք արևը։ Ռաֆայելը աշխատանքի վայրից, ինստիտուտից, զանգեց տուն և ասաց, որպեսզի Ամալյան պատրաստվի՝ գնալու են ռեստորան՝ ''Հին ինտուրիստ''։
–Իսկ ի՞նչ է պատահել,– հարցրեց Ամալյան տարակուսանքով։
–Լսիր, ինչպե՞ս թե՝ ինչ է պատահել,– ասաց Ռաֆայելը հեռախոսագծի մյուս կողմում։– Ես իրավունք չունե՞մ իմ սիրած կնոջ հետ ռեստորան գնալու։ Դու ինչ է, դե՞մ ես։
–Իհարկե, ոչ,– արձագանքեց Ամալյան ծիծաղելով։-Ես համաձայն եմ։
–Քեզ կես ժամը բավակա՞ն է, որպեսզի դա լինի այն ժամանակը, որ ես եմ ուզում։
–Եթե կես ժամ էլ ավելացնես, դա կլինի այն ժամանակը, որ դու ես ուզում։
–Շատ լավ, մի ժամից հետո տանն եմ։
Ռաֆայելը եկավ ուղիղ մի ժամից հետո, սակայն Ամալյան դեռևս պատրաստ չէր։
–Ախր, չէ՞ որ պայմանավորվեցի քեզ հետ,– ասաց Ռաֆայելը կեղծ հանդիմանանքով։
–Չեմ հասկանում՝ ո՞ւր ենք շտապում։
–Քաղցած եմ։
–Իրոք, այդ հանգամանքը մոռացել էի,– ժպտաց Ամալյան,– հիմա: Մինչև մի քանի րոպեն պատրաստ եմ։– Նա լուսամուտի առջև սկսեց արագ հարդարել մազերը և այդ պահին նկատեց Ստեփանին, որը պայուսակը ձեռքին մտնում էր դիմացի մուտք։ Ամալյան ակամաբար բարձրացրեց ձեռքը՝ նրան ողջունելու, սակայն Ստեփանը, առանց բարձրացնելու հայացքը, մի պահ կանգ առավ, ծխեց-վերջացրեց գլանակը և, կոթուկը նետելով մի կողմ, մտավ շքամուտք։