Выбрать главу

*******

Եղանակը մեղմ էր, տրամադրող։ Դուրս գալով ռեստորանից, Ռաֆայելը թևանցուկ արեց կնոջը, և նրանք, զգուշանալով մեքենաների անվերջանալի հոսքից, անցան պողոտան, որից այն կողմ ընկած էր ծովափնյա երկայն զբոսայգին, և քայլեցին ափամերձ ծառուղիով։ Այս ու այնտեղ զույգ-զույգ, խմբերով կամ պարզապես մենակ, դանդաղ զբոսնում էին մարդիկ, ծառերի տակ, կիսամթան մեջ դրված նստարաններին, ասես արտաքին աշխարհից մեկուսացած, տաքուկ քչփչում էին միայնակության սիրահարները։

–Գեղեցիկ քաղաքներ շատ կան մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, – ասաց Ռաֆայելը, մի պահ ականջ դնելով ծովի հեռավոր շնչառությանն ու ալիքների աղմուկին։-Բայց մեր քաղաքի նման սքանչելի քաղաք չկա երևի ոչ մի տեղ…

Ամալյան ժպտաց ամուսնու խոսքերի վրա ասաց.

–Իսկ այդ ո՞վ է, որ չի սիրում իր ծննդավայրը։ Այն բոլորի համար է պաշտելի։

–Չէ, ես որտեղ էլ որ ծնված լինեի, միևնույն է, կսիրեի Բաքուն։ Անհնար է այն չսիրել։ Մեկ-մեկ հավատալս չի գալիս, որ ես ապրում եմ այստեղ, շրջապատված մարդկանցով, որոնք ուզած պահին կարող են օգնության ձեռք մեկնել։ Մի բան պատմեմ, լսիր. դա անցյալ տարի էր, մոռացել եմ քեզ ասել, Մոսկվայից էի գալիս, գնացքը մի քանի ժամ ուշացավ, տեղ հասանք լուսումութին։ Չուզեցի գալ տուն, արթնացնել քեզ ու երեխաներին, եկա ծովափ, նստեցի մի նստարանի՝ սպասելով լուսանալուն։ Ծովը հանդարտ ու խորախորհուրդ ծփում էր։ Հետո մի սառը քամի անցավ։ Զբոսայգու ծառերը քնից արթնացած՝ խշշացին, հատ ու կենտ թռչուններ այս ու այնտեղ իրար ձայն տալով սկսեցին երգել, և նրանց երգը գնալով սաստկանում էր։ Մի տեսակ ընկալելի ու անընկալելի՝ քաղաքի վրա բացվում էր լույսը և հաճելի էր մտածել, որ այդ լույսը ինձ համար, քեզ համար, մեր երեխաների համար է բացվում և որ այդ լույսը երջանկություն կբերի բոլոր մարդկանց՝ մեծ թե փոքր։ Դա ուղղակի հրաշք էր։ Մինչև հիմա մոռանալ չեմ կարողանում։

Ամալյան գորովանքով նայեց ամուսնուն, հետո, կկոցված աչքերով նայելով ծովի հեռուները, հանկարծակի ասաց.

– Ծովից սառը քամի էր փչում, գնանք տուն:      – Թե՞ դու ուզում ես, որ, որ ես ցրտից լրիվ մեռնեմ։

–Իսկ ի՞նչ է նշանակում՝ լրիվ մեռնել- ծիծաղեց Ռաֆայելը։-Մ՞իթե ժամանակավորապես էլ են մեռնում։

– Ես տեսնում եմ՝ դու ինձ բոլորովին չես խղճում։ Ես դա վաղուց եմ նկատել։ Միակ կնոջդ մահվան մասին այնպես հեշտ ես խոսում, ասես դա քո ամենասիրած թեման է։ Թե՞ ուրիշի ես գտել արդեն։

–Ուրիշի եմ գտել։ Եվ այն էլ ոչ մեկին։

–Հըմ, չի երևում, թե նրանք կտոր-կտոր են անում քեզ… Կոստյումդ տեղը, վերնաշապիկդ տեղը, մազերդ նույնպես տեղն են… Մի թեքվիր տեսնեմ՝ շրթներկ չկա՞ վրադ։

–Դու ինչ է, բոլորովին չե՞ս խանդում ինձ,– հանկարծակի կանգ առնելով հարցրեց Ռաֆայելը։

–Ով իսկապես սիրում է, նա չի խանդում։

–Բայց չէ՞ որ, ասում են, խանդը սիրուց է ծնվում։

–Ժանգը նույնպես երկաթից է առաջանում, բայց հետզհետե ուտում է նրան, չափի զգացում ամեն բանում՝ կարևորը դա է,– փիլիսոփայեց Ամալյան։

–Իմ կարծիքով, ամենաուժեղ ատելությունը ամենամեծ սիրո ծնուննդն է։

Նրանք խոսում էին անկարևոր բաներից, բայց ինչպես ռեստորանում՝ երաժշտության, ծխի ու ժխորի մեջ, այնպես էլ հիմա, դրսում, նրանք երկուսն էլ երբեմն առ երբեմն բնազդաբար մտովի վերադառնում էին նույն պատմությանը՝ կապված ինստիտուտի լաբորատորիայում տեղի ունեցած անհաջող փորձարկման, Անտոնյանի մահվան ու Ստեփանի անելանելի վիճակի հետ։

–Ռաֆայել, դու ինչքան էլ ցանկանում ես անհոգ երևալ, միևնույն է, զգացվում է, որ ինչ-որ բան խիստ մտահոգում է քեզ,– առանց ամուսնուն նայելու ի վերջո ուղղակի ասաց Ամալյան։– Դա ի՞նչ բան է… Ես, իհարկե, գիտեմ, որ ընկեր կորցնելը ծանր բան է, և դրա համար ես այդպես մռայլ։

Ռաֆայելը մի առ ժամանակ լուռ քայլում էր։

–Գիտե՞ս ինչ, Ամալյա,– ասես ինքն իր հետ էր խոսում, ցածրաձայն ասաց նա,– դպրոցական ու ուսանողական տարիներն անցնելուց հետո ընկերների թիվը չի ավելանում և բոլոր կորուստներն արդեն դառնում են անվերադարձ։

–Իսկ կարո՞ղ է պատահել, որ Ստեփանին դատի տան,– հարցրեց Ամալյան։

–Ամեն բան հնարավոր է,– պատասխանեց Ռաֆայելը, դարձյալ որոշ ժամանակ լռելուց հետո։– Նրա դեմ շատ հանցանշաններ կան։

–Շատ հանցանշաններ կան,– ակամա կրկնեց Ամալյան։– Դու ինչպե՞ս կարող ես նման ձևով խոսել նրա մասին։

–Ես ոչ թե նրա, այլ գործի մասին եմ խոսում։

–Միևնույն է, դու չպետք է այդպես խոսես։

–Լավ, չեմ խոսի, եթե չես ուզում։

–Ստեփանը դատապարտյալի աթոռին՝ երևակայելն անգամ սարսափելի է։

–Երևի նրա մտքով երբեք չի անցել, որ կարող է նստել մեղադրյալի աթոռին։

–Հըմ, բան ասացիր։ Ես դեռ չեմ հանդիպել որև մարդու, որ երազեր նստել մեղադրյալի աթոռին։ Սակայն ինքդ էլ տեսնում ես, որ այնտեղ ամեն օր նոր մարդիկ են նստում։

–Ռաֆայել, ինչպե՞ս կարող ես այդպես խոսել,– բորբոքվեց Ամալյան։– Դա ցինիզմի է նման։

–Իհարկե,– ասաց Ռաֆայելը։– Ես նույնիսկ ընդունում եմ, որ դա հենց ցինիզմ է։ Ես էլ կարող էի նույնը ասել, բայց ավելի մեղմ ձևով, և դու այն կկոչեիր ճշմարտություն և իրավացի կլինեիր։ Ինչպես տեսնում ես, ճշմարտությունը ևս երբեմն ցինիզմ է հիշեցնում։ Մենք այդ կապակցությամբ կարող ենք վրդովվել ինչքան սրտներս ուզենա և նույնպես իրավացի կլինենք, որովհետև դա խաթարում է մեր օրինավորության զգացմունքը։ Բայց և նույն հաջողությամբ մենք կարող ենք վրդովվել ընդդեմ երկրի ձգողականության ուժի, որն, ինչպես հայտնի է, չի թողնում մեզ ճախրել հավքի նման։ Բայց ես, այնուամենայնիվ, մտածում եմ, որ պետք է քաջություն ունենալ ընդունելու այդ ճշմարտությունը, որը մենք կոչում ենք ցինիզմ։ Ընդունել այնպիսին, ինչպիսին որ այն կա։