–Եթե, իհարկե, համեմատելու լինենք հավիտենականության հետ։ Մի ակնթարթում մեռնում են մարդիկ, բայց ակնթարթը կարող է և մի կյանք փրկել… Մարդկային կյանքը ևս մի ակնթարթ է և կարևորը ոչ թե այն է, թե ինչ տևողություն ունեցավ այդ աստղային ակնթարթը, այլ թե ինչպես անցավ այն, ինչպիսի հետք թողեց… -Ռաֆայելը հևասպառ լռեց, այդպես լուռ մնաց որոշ ժամանակ, հետո սիգարետի ծուխը օղակ-օղակ բաց թողնելով, արդեն հանգիստ ձայնով շարունակեց.– Եվ այսպես, այդ աղմուկը տևեց տասը վայրկյանից ոչ ավել։ Ահա քո վայրկյանները,– նա նայեց ժամացույցին՝ հետևելով վայրկյանաչափի սլաքին, և մատների վրա սկսեց հաշվել՝ մեկ-մեկ ծալելով դրանք, մեկ… երկու… երեք… չորս… հինգ… վեց… յոթ… ութ… ինը… տասը,– գլուխը անսպասելի ետ գցելով՝ Ռաֆայելը նայեց Ստեփանին, որը, ձեռքերով ականջները փակած, սարսափով նայում էր իրեն։– Եվ այս ամբողջ ժամանակ ապարատն աղմկում էր՝ սպառնալով պայթել։
–Բավական է, – ասաց Ստեփանը ծանր շնչելով։– Լսո՞ւմ ես, բավական է, դա սարսափելի է։
–Ինչո՞ւ։
–Նրա համար, որ այդ րոպեին ես ուրիշ բանի մասին էի մտածում…– Ստեփանը խորը շունչ քաշեց։– Ճնշումը հանկարծակի սկսել էր բարձրանալ, և ես այդ ժամանակ ձգտում էի, որպեսզի մթնոլորտային ճնշումը չանցնի հարյուր տասից։ Ես ճնշաչափի սանդղակին էի հետևում…
–Հանցագործությունների ութանասուն տոկոսը կատարվում են այն պատճառով, որ մարդիկ, ովքեր պարտավոր են ժամանակին կանխել այն, չեն կանխում։
–Ահա, ի վերջո դու արտասանեցիր այդ բառը՝ հանցագործություն, և ամեն ինչ ընկավ իր տեղը,– ասաց Ստեփանը չարախինդ ծիծաղով։– Շնորհակալություն, Ռաֆայել… Իսկ հիմա ես պետք է քեզ խոստովանեմ՝ այո, ես եմ սպանել Անտոնյանին… Գիտեմ, դու հիմա չես հավատա ինձ, բայց դա այդպես է։ Ես տեսա, որ նա եկավ շատ վատ տրամադրությամբ։ Այդպիսի վիճակում, ինչպիսին Անտոնյանն էր, մարդիկ մահ են փնտրում։ Եվ ես օգտվեցի դրանից։ Ես չխանգարեցի նրան մեռնել, որովհետև ուզում էի ետ վերադարձնել Եվային։ Վերջ։ Իսկ հիմա խոսենք եղանակից։ Դասական անվնաս թեմա է։
–Հուսանք, որ այն, ինչ ասացիր հիմա, անմիտ բարբաջանքնե էին և որ փորձագետները ինչ-որ անսպասելի բան կգտնեն քո ապարատում։ Դեհ, իսկ հիմա սկսիր եղանակի մասին։ Սպասիր։– Ինչ-որ բան մտաբերելով, Ռաֆայելն արագ նայեց ժամացույցին և ասաց.– Չէ, ներիր, ավելի լավ է, ես գնամ, շտապ պետք է զանգեմ մինիստրություն։ Իսկ քեզ մոտ եկա՝ ասելու, որ վաղը երեկոյան գաս մեզ մոտ, Ամալյայի դիպլոմը պետք է նշենք։
–Շնորհակալություն,– ակամա ասաց Ստեփանը։
*******
Օրվա վերջին լաբորատորիա եկավ դիրեկտորի քարտուղարուհին և ասաց, որ Ռաֆայել Աղասիևիչը Ստեփանին շտապ կանչում է իր մոտ։ ''Տեսնես հիմա՞ ինչ է եղել'',– մտածում էր Ստեփանը, սանդուխքներով բարձրանալով երկրորդ հարկ։ Դիրեկտորի ընդունարանում սպասողներ կային, սակայն քարտուղարուհին հայացքով հասկացրեց նրան, որ ներս մտնի։
Ռաֆայելը խոսում էր հեռախոսով։ Նա ելավ տեղից՝ շարունակելով խոսել ու աշխատելով ինչքան հնարավոր է խոսակցությունը կարճ կապել։ Վերջապես նա ցած դրեց ընկալուչը, սևեռուն նայելով Ստեփանին, ժպտաց բեղի տակ, և դանդաղ մոտեցավ նրան։
–Ի՞նչ ես այդպես նայում,– չհամբերեց Ստեփանը։– Առաջին անգա՞մ ես տեսնում։
–Քիչ առաջ զանգեցին փորձաքննության հանձնաժաղովից,– բառերը հահ-հատ արտասանեց Ռաֆայելը, դողացող ձեռքերով վառելով սիգարետը։– Ճնշաչափի մեջ գործարանային դեֆեկտ է հայտնվել։ Այն մթնոլորտային ճնշումը ցածրացած է ցույց տվել։
Տիրեց կարճատև դադար։ Ռաֆայելը մի քայլ ևս մոտեցավ։ Ժպիտը խաղում էր նրա շուրթերին։ Նա ձեռքը դանդաղ մեկնեց Ստեփանին։ Սա լուռ նայեց իրեն մեկնած ձեռքին, ասես երկմտալով՝ ընդունի՞ այն, թե՞ ոչ։
–Գնա գրողի ծոցը,– ի վերջո ասաց նա ոչ այն է հոգնած, ոչ այն է հուսահատված, նստեց ողորկած երկար սեղանի շուրջը շարված աթոռներից մեկին և, ձեռքերով ծածկելով դեմքը, շշնջաց.– Բոլորդ գնացեք գրողի ծոցը…
*******
Հայրը եկավ քսանյոթի երեկոյան, Անտոնյանի թաղման հաջորդ օրը։ Եվան տանը չէր։ Դուռը բաց արեց Մարիամը։ Ծերունին սկզբում զարմացավ՝ աղջկա տանը տեսնելով նրան, սակայն Մարիամը բացատրեց բանի էությունը, և ծերուկը ներս մտավ՝ դեմքը, չգիտես ինչու, դժգոհ կնճռոտելով։
–Մի քիչ հետո կգա,– զգույշ տեղեկացրեց Մարիամը և գնաց խոհանոց՝ թեյ դնելու։
Ծերունին շրջում էր սենյակներում՝ ուշադիր դիտելով սպասքապահարանում շարված թանկարժեք բյուրեղապակին, պարսկական գորգերը, պատերին փակցվաց յուղաներկ նկարները…
–Գործի համար է գնացել ,– խոհանոցից ասաց Մարիամը։ Ուզում է գործի մտնի։
–Ինչ է, գո՞րծ է ման գալիս,– վերադառնալով՝ հարցրեց ծերունին, տեղավորվելով խոհանոցային աթոռին։– ինչո՞ւ։
Մարիամը ախուվիշով պատմեց Անտոնյանին պատահած ողբերգության մասին։ Ծերուկը ոչինչ չասաց, լուռ լսեց նրան մինչև վերջ՝ առանց որևէ բառ ավելացնելու։ Իսկ Մարիամն ասաց.
–Բա ինչ, էս դարում անգործ մարդուն ո՞վ է հաց տալիս, որ ուտի։
–Հա, էդ մեկը ճիշտ է,– ծերունին մտացիր նայեց պատերին։– Իսկ պատերին ձեռ տվող չի՞ եղել։