–Ի-ի՞նչ,– զարմացավ Մարիամը։
–Մեր տան պատերին, ասում եմ, ձեռ տվող չի՞ եղել։
–Իսկ ինչի՞ պիտի ձեռ տան… Քարե պատեր են, որ հազար տարի էլ մնա՝ ոչ մի բան։ Հրեն բանալին կախած է, մեկ-մեկ Եվայի հետ գնում-նայում ենք։
–Ուրեմն գործ է ման գալիս,– կրկին ասաց ծերունին։– Մի տես որ օրն է ընկել, որ գործ է ման գալիս… Երևի քեզ փողից-բանից տալիս է, որ օգնես իրեն, հա՞…
–Ի՞նչ,– դարձյալ զարմացավ Մարիամը։– Փողն ինչիս է պետք , էն աշխա՞րհն եմ տանելու։
–Ուրեմն հենց էնպես օգնում ես… Ապրես, էդ բանը դուրս եկավ։ Էդպես է պետք։ Բա ոնց…
–Շատ երկար տարիներ է, ինչ կապված եմ էս ընտանիքի հետ,– պատմեց Մարիամը։– Առաջին կնկա ժամանակ էլ, աստված հոգին լուսավորի, մոտ ենք եղել, իսկ Եվան ոնց որ իմ աղջիկը… Էսպիսի վատ ժամանակը ինչպես թողնես նրան չորս պատի արանքում։ Բա աստված կվերցնի՞ դա։ Չի վերցնի։
–Ապրես,– փնթփնթաց ծերունին։– Շատ շնորհակալ եմ, պարտքի տակ մնացողներից չենք։ Եվան շա՞տ է տանջվում մարդի համար։
Մարիամը ուսերը վեր քաշեց։
–Երեսից ոնց որ չի երևում, որ շատ տանջվելիս լինի,– ասաց նա,– իսկ հոգու ներսում… Դե, հո ուրիշ չի եղել, հարազատ մարդն էր։ Բա ի՞նչ, տանջվելիս կլինի։
–Իսկ պարկետը ոնց որ կար, էլի նո՞ւյնն է,– Մարիամի համար անսպասելի հարցրեց ծերունին։
–Ի-ի՞նչ։
–Պարկետն, ասում եմ, հանկարծ չե՞ք փոխել։ Նո՞ւյնն է։
–Պարկե՞տը։ Էդ մեկը չեմ իմանում։
–Ուրեմն էդպես, չես իմանում,– մտազբաղ ասաց ծերունին։– Ասացի՝ գուցե պարկետը փոխել են։
–Չէ, երևի չեն փոխել,– պատասխանեց Մարիամը, պահարանից հանելով թեյի բաժակը։– Առհասարակ նորոգում չի եղել։ Որ եղած լիներ, Եվան կասեր։
–Հա, կասեր… Ուրեմն չեն փոխել։
Մարիամը կասկածամտությամբ նայեց ծերունուն։
–Դու էդ ինչի՞ շարունակ նայում ես չորս կողմդ ու հարցուփորձ ես անում՝ էս մի բանը փոխել են, էն մի բանը չեն փոխել։ Հարցնելու ուրիշ բան չունե՞ս, ինչ է։
–Տան նորոգումը սկսել էի , որ տարան,– դժկամ պարզաբանեց ծերունին՝ հայացքը հատակին։– Ասում եմ, տեսնես ոնց թողել եմ՝ նո՞ւյնն է, թե որևէ բան փոխել են… Հըմ, ուրեմն մեռել է մարդը։
–Ո՞ւմ մարդը։ Ի՞մ.. Մնացել է կռվում։
–Քոնը չեմ ասում,– ձեռքը թափ տվեց ծերունին։– Եվայինը։
–Դե, էդպես էլ ասա, էլի։ Հա, մեռել է, թող հողը թեթև լինի վրան, լավ մարդ էր, չէր խմում, չէր ծխում։ Մի խոսքով, կուլտուրական մարդ էր։– Մարիամը բաժակը դրեց սեղանին, ծերունու առջև, շաքար ու մուրաբա հանեց։– Մենակ վատն էն էր, որ տղան չէր խոսում հոր հետը, խռով էր, իսկ նա թոռանը կարոտում էր։
–Իսկ շա՞տ էր ստանում,– հարցրեց ծերունին։
–Ի՞նչն էր շատ ստանում։
Ծերունին կնճռոտեց դեմքը, ասաց.
–Փող շա՞տ էր ստանում։ Աշխատավարձն ինչքա՞ն էր։
–Ոնց որ վատ չէր, ապահով ապրում էին, հատուկ խանութից ինչ ասես բերում-թափում էին… Մենակ մի բան էր վատ՝ փողի արժողությունը չէր իմանում, ինչ-որ պատահում, առնում, տուն էր բերում։ Մի դրանց նայիր,– Մարիամը խոհանոցի բաց դռնից ցույց տվեց գրադարակների վրա դրված արձանիկները։– Հրեն, ամբողջ փողը էդ բաներին էր տալիս։ Թուհ, մի դրանց մռութներին նայիր։
–Դրանք, ինչ է, թա՞նկ արժեն,– հետաքրքրվեց ծերունին՝ աղմուկով խմելով թեյը։
–Էն էլ ինչքան,– Մարիամն օրորեց գլուխը։– Ձեռքից էր առնում։ Խանութներում չկան։
–Դու մի նայիր է,– զարմանք հայտնեց ծերունին։– Ինչ կա որ, էդ էլ է փող, ուզած ժամանակ կարող ես ծախել։ Եվային ասա, թող հավաքի, մի տեղ դնի։ Դրանից բացի տանն էլի՞ կա։
–Ի՞նչ,– հարցրեց Մարիամը։
–Էդ արձաններից եմ ասում։
–Ես ինչ գիտեմ՝ կա, թե չէ։ Հո ինձ չեն ասել։
–Էդ էլ է ճիշտ,– գլխով համաձայնություն տվեց ծերունին։– Ոչինչ, հետո կիմանանք։ Իսկ խոհանոցում ոչ մի բանի չե՞ն դիպել։
–Ի՞նչ խոհանոց։ Ինչի՞ պիտի դիպչեն։
Ծերունին հուսահատ տարուբերեց գլուխը՝ իբր սրան բան հասկացնել չի լինում։
–Մեր խոհանոցում կամ վաննայում, ասում եմ, նորոգում բան չի՞ եղել,– սկսեց ջղայնանալ ծերունին։– Կաֆելը տեղակա՞նն է, թե՞ փոխել են տվել։
''Հիմի էլ խոհանոցից ու վաննայից է կպել'',– սրտնեղեց Մարիամը։
–Այ մարդ, դու ոնց որ տուն առնելիս լինես։ Ախր , քո տունն է…
–Քու գործը չի,– սաստեց ծերունին, դատարկ բաժակը հրելով սեղանի մեջտեղը։ -Մի հատ էլ լցրու։ Հարց են տալիս՝ պատասխանիր։ Ուրեմս, պետք է, որ հարցնում են։
–Էն նույնն է՝ ոնց որ եղել է։ Ո՞վ պիտի փոխեր։ Էլի՞ բան ունես հարցնելու։
Ծերունին լուռ խմեց թեյը, հետո ծնկներին հենվելով ծանր ելավ տեղից։
–Ավելի լավ է՝ գնամ իմ աչքով տեսնեմ,– ասաց նա։– Եվան եկավ թե չէ՝ ասա թող շուտ գա ինձ մոտ։
''Բանտում խելքը թռցրել է,– ինքն իրեն ասաց Մարիամը, սպասելով՝ մինչև ծերունու ոտնաձայները մարեն ներքևի սանդուղքներին։– Մի գլուխ պատերից ու պարկետից է հարցնում։ Իսկ հարազատ աղջկա մասին ականջի մի ծերով էր լսում։ Կնկա մասին չհարցրեց էլ… Պարզ է, խելքը թռցրել է էնտեղ… Զուր տեղը չեն ասել, որ փողը մարդուն կարող է երկինք տանել ու երկքից գցել ցած''։
Տաք խոհանոցում, սեղանի մոտ նստած, Մարիամն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ննջեց։ Նրան արթնացրեց դռան զանգի ձայնը։ ''Եվան է'',– մտածեց նա և քունը գլխին վազեց դուռը բացելու։ Եվան՝ սև գլխաշորով, հոգնած ու անտրամադիր, մտավ տուն։