Выбрать главу

–Ես էլ էստեղ քնով եմ անցել, -ասես արդարանում էր՝ մեղավոր տեսքով ժպտաց Մարիամը, թեյնիկը կրկին դնելով գազօջախին։

–Հոգնել եմ,– ասաց Եվան, մտնելով խոհանոց ու նստելով այն աթոռին, ուր քիչ առաջ հայրն էր նստած։– Հարմար ոչ մի բան չգտա։ Ամեն տեղ նույնն են հարցնում՝ ի՞նչ մասնագիտություն ունեք, որտե՞ղ եք ավարտել…Իսկ հենց որ իմանում են իմ թերի բարձրագույնի մասին, տարածում են ձեռքները։

–Դու էլ գնա էդ Ռաֆայելի մոտ,– ասաց Մարիամը մորմոքուն հառաչանքով,– ախր, միասին սովորել եք, չի կարող պատահի, որ չօգնի։ Բա ոնց, գործը հո փողոցում թափած չի։

–Մարիամ, ուշ է այդ մասին արդեն։ Եվ Ստեփանին նույնպես չեմ խնդրի։ Ամեն ինչ անցած է… Հնար լիներ՝ քնով անցնեի հիմա… ու երբեք չարթնանայի։ Ի՜նչ երանություն կլիներ։

–Դե սուս արա, հիմար աղջիկ,– բարկացավ Մարիամը։ -Էլ խոսելու բան չունե՞ս, ինչ է։

–Մեզ դիմավորեց ջահել տանտիրուհին…,– մրմնջաց Եվան դառը քմծիծաղով, և ձեռքը տարավ դեմքի վրայով՝ ասես ձգտելով հեռու վանել անախորժ մտքերը։– Ոչ ոք չի՞ զանգել։

–Ոչ,– պատասխանեց Մարիամը և, ասես նոր միայն հեշելով, ավելացրեց,– հայրդ էր եկել։

–Ինչպե՞ս,– հոգնած ետ ընկնելով աթոռին, հարցրեց Եվան։– Արդեն վերադարձե՞լ է։ Իսկ ո՞ւր է հիմա։

–Տուն գնաց։ Ասաց, որ դու էլ գնաս…Քեզ ի՞նչ է պատահել, Եվա, վա՞տ ես զգում։

–Ոչ, պարզապես քունս տանում է։ Ինչպե՞ս էր։

–Հե՞րդ։ Լավ է։ Տան վերանորոգումով էր հետաքրքրվում։

–Ի՞նչ վերանորոգում,– անտարբեր հարցրեց Եվան։

–Պարկետն, ասում է, նո՞ր է, պատերի մասին էր հարցնում։ Հետո կաֆելի մասին հարցրեց. էպես էլ բան չհասկացա։

Եվան տարակուս հայացքով նայեց Մարիամին և հոգնած ասաց.

–Կգա՞ս միասին գնանք։

–Ինչի՞ չեմ գա,– զարմացավ Մարիամը։– Թեյդ խմիր, գնանք։

*******

Ամեն անգամ, ճանապարհվելով հոր տուն, ուր ինքը ծնվել, մեծացել էր, ուր անցել էին իր կյանքի ամենալավ օրերը՝ Եվան տարօրինակ զգացում էր ունենում։ Դա մի տեսակ ասես ճանապարհորդություն էր դեպի մանկության արևալից ու անվերադարձ աշխարհը։ Այս վերջին ժամանակները Եվան, ինքը ևս , չգիտես թե ինչու, հաճախակի էր ուզում լինել այնտեղ։ Ի՞նչն էր այդպես ձգում նրան այդպես՝ հասկանալ չէր կարողանում։ Նա մտնում էր տուն, իջեցնում էր վարագույրները և լռին, միայնակ ետ ու առաջ էր քայլում կիսախավար սենյակներում և խառնիխուռն, իրարամերժ մտքերը պաշարում էին նրան, ստիպելով մեկ առ մեկ մտաբերել ոչ այնքան վաղուց անցած օրերը, որ հիմա նրան թվում էին անիրական ու շատ հեռու։ Դառն ու միաժամանակ հաճելի էր մտովի զրուցել մոր հետ, նրա խոսքերը տարիների հեռվից նոր իմաստ էին ստանում։ Առհասարակ կենսախինդ կնոջ տպավորություն էր թողնում մայրը, շատերը նույնիսկ նախանձում էին նրան։ Բայց ինքը՝ Եվան, հո գիտեր, որ խաբուսիկ տպավորություն էր դա, որովհետև մոր իրական տառապանքը շատ էր մեծ՝ կարծեցյալ երջանկության համեմատ։ Հայրը շվայտ կյանք էր վարում, պատահում էր՝ երեկոները ուշանում էր, և մայրը, ձեռքը սրտին սեղմած, շարունակ մոտենում էր լուսամուտին, նայում դեպի փողոց՝ սպասելով ամուսնու վերադարձին։ Երբեմն էլ՝ իբր գործուղման է մեկնել՝ հայրը օրերով բացակայում էր տնից, իսկ հետո սկսում էին պտտվել լուրերը, որ նա սիրուհիներ է պահում տարբեր քաղաքներում։ '' Փողն ու ընկերները դրան կործանեցին,– ասաց մայրը մի անգամ։– Աղքատը հացի կարոտ է, հարուստը՝ ամեն բանի… Իր փողերի պես նա իմ կյաննքն էլ քամուն տվեց… Աղջիկս, գոնե դու բախտավոր լինեիր…''։ Հիմա, տարիներ հետո, Եվան դառնակսկիծ ժպտաց այդ խոսքի վրա։ Նա սարսափով մտածեց այն մասին, որ ինքը շարունակում է մոր ընդհատված կենսագրությունը։

*******

Իջնելով տրամվայից, նրանք քիչ կանգ առան՝ մինչև դիմացից եկող ավտոբուսն անցներ։ Ահա այստեղ էր, դպրոցից էր գալիս, ձյունառատ օր էր, ձյունն արևի տակ պսպղում էր, տրամվայից իջել, ուզում էր անցնել փողոցը, մի խումբ տղաներ գոռում- գոչյուննեով սկսեցին ձնագնդով խփել։ Եվ հանկարծ տղաներից մեկը սաստող ձայնով հրամայեց. ''Տղերք, չխբեք''։ Մազերին, դեմքին ու երկարուկ թարթիչներին ձյան փաթիլներ՝ Եվան, շլացուցիչ ձյունից կկոցված աչքերով, նայեց տղաների կողմը և տեսավ Ստեփանին։ Նա կանգնած էր տղաների խմբում՝ շփոթված ու ցրտից կաս-կարմիր, և սևեռուն նայում էր իրեն։ Եվան ակամաբար երախտապարտ ժպտաց նրան և գլխահակ քայլեց դեպի տուն։ Քանի տարի է անցել , բայց մինչև հիմա էլ աչքի առաջ է այդ տեսարանը։

Անցնելով տրամվայի գծերն ու կտրելով փողոցը, Մարիամն ու Եվան մտան հաստաբուն վիթխարի բարդիներով երիզված ընդարձակ բակը։ Մի քանի կանայք իրենց շքամուտքի առջև նստած զրուցում էին՝ մեկ-մեկ ընդհատելով զրույցն ու ուշադիր նայելով անցուդարձողներին։ Եվան բարևեց նրանց ու արագ մտավ շքամուտք։

–Երեկոները մայրս միշտ նստած էր լինում նրանց հետ,– հառաչանքով հիշեց Եվան։– Սիրտս ամեն անգամ կսկծում է՝ նրանց մեջ չտեսնելով մորս։ Ախր, նա բոլորից ջահել էր։

–Մորը պառավ ու ջահել չկա, մատաղ,– ցածր արձագանքեց Մարիամը։– Մեծ կնիկ եմ, բայց ես էլ եմ ուզում տեսնեմ մորս։ Քանի անգամ քնած տեղս տեսել եմ նրան, վեր կացել, տեղաշորում նստած լաց եմ եղել։ Աշխարհում ամեն բան կճարվի՝ մորից՝ չէ, մերը մի հատ է… Դու էլ ես սրտից խեղճ,– ասաց նա Եվային։– Էդպիսի սրտով դժվար է ապրելը։