Выбрать главу

Այդ խոսքը մայրն էլ մի անգամ ասաց։ Դա վաղուց, շատ վաղուց էր, չի հիշում նույնիսկ՝ չորրորդ, թե հինգերորդ դասարանում էր։ Ելենայի մայրը նոր էր մահացել, և Եվան չէր ուզում ընկերուհուն մենակ թողնել, հետը բերեց տուն։ Ինչպես ամեն օր՝ դասերից հետո, Եվայի մայրը ցանկացավ գրկել, համբուրել իրեն, բայց Եվան անսպասելի խույս տվեց, մեջքով սեղմվելով պատին, և ներկայացրեց ընկերուհուն։ Ելենային պատահած դժբախտությանը մայրը տեղյակ էր, անհարմար դրության մեջ ընկավ։ Աղջկա արարքը, ըստ երևույթին, հուզել էր մորը։ Ելենայի գնալուց հետո նա գլուխն օրորելով ասաց. ''Էդպիսի սրտով էս աշխարհում ոնց ես ապրելու''։ Եվ հանկարծ Եվան զարմացավ այն դաժան մտքից, որ չի ուզում բարձրանալ տուն, տեսնել հորը։ Ասես նա ինքնակամ կերպով եկել, մտել էր Եվայի հեռավոր պատրանքներով ստեղծված արևալից աշխարհը, և Եվան այլևս մուտք չպիտի ունենա այնտեղ։

–Գնա, գնա, բարձրացիր,– ասես կռահելով նրա մտքերը, ետևից ասաց Մարիամը։

Դանդաղ բարձրացան երրորդ հարկ։ Եվան սեղմեց դռան զանգի կոճակը։

Սպասման րոպեները անցան շատ դանդաղ։ Վերջապես բանալիները պտտվեցին, երկաթե զանգվածային դուռը ետ գնաց և հայրը՝ անթրաշ, միանգամայն պառաված, սակայն նախկին վազվզուն աչքերով, դռան մոտ թատերական ժեստով մի քայլ ետ գնալով, ձեռքերը տարածած առաջ եկավ աղջկան առնելու գիրկը։

–Ախ , դու իմ սիրունիկս,– արմունկով ետ հրելով դուռն ու գիրկն առնելով աղջկան, շշնջաց հայրը։– Տեսնում եմ, աղջիկս, ծանր վիշտ ես ապրում, դե, պարզ բան է, մեծ դժբախտություն է պատահել։

–Ի՞նչ դժբախտություն, հայրիկ,– հարցրեց Եվան և նստելով բազմոցին, հայացքով հրավիրեց, որ Մարիամը նույնպես նստի։

–Ինչպե՞ս թե՝ ինչ դժբախտություն,– շփոթվեց հայրը։– Բա քո տարիքում մարդ կորցնելը հեշտ բա՞ն ես կարծում։

–Իսկ ի՞նչ է տարիքս,– ուսերը թոթվեց Եվան։– Ամենածաղկուն տարիքն է։ Մեկը մեռել է՝ մի ուրիշին կգտնեմ։ Իսկ ինչո՞ւ չէ։ Թղթակիցներ ընդունել կարո՞ղ եմ։ Կարող եմ։ Բարեհամբույր ժպտալ կարո՞ղ եմ։ Նույնպես կարող եմ։ Հարմա՞ր եմ որպես ջահել տանտիրուհի։ Հարմար եմ։ Ի՞սկ էլ ինչ է պետք ինձ։ Հրես, հայրիկս էլ վերադարձել է, կկարգավորի կյանքս ինչպես պետք է, առաջին անգամ չի։ Ճի՞շտ չի, հայրիկ։

Հայը նստեց հեռու սեղանի ծայրին, կասկածանքով նայեց աղջկան, ասաց.

–Աղջիկս, դու ոնց որ էնքան էլ ուրախ չես, որ եկել եմ։

–Այդ ի՞նչ ես ասում, հայրիկ,– ափերն իրար միացնելով՝ իբր շատ զարմացած ու դեռ մի տեսակ էլ վիրավորված, ասաց Եվան։– Ես առանց քեզ չգիտեի, թե ինչ անեմ։

–Էդ արդեն ուրիշ բան է,– ուրախացավ հայրը։– Ախր, ես հենց էնպես չեմ եկել… Գիտե՞ս ինչ կա…– Նա խեթ նայեց Մարիամի կողմը։

Սա մեղավոր ելավ տեղից, կամացուկ ասաց.

–Խանգարում եմ, հա՞…

–Հա,– արագ վրա բերեց հայրը։– Մտի երկու րոպեով էն մի սենյակում սպասիր, մենք էստեղ Եվայի հետ խոսելու բան ունենք։

Մարիամը անցավ մյուս սենյակ, ետևից անաղմուկ ծածկելով դուռը։

–Գիտե՞ս ինչ կա, աղջիկս,– ասաց հայրը՝ ավելի մոտենալով Եվային։– Մարդ լավ է մեռնի, քան աղքատանա… Որովհետև առանց փող որ թագավոր էլ լինես, մեկ է, երեսիդ նայող չի լինի… Բա ոնց, ով որ փող ունի, խոսքը նրանն է, փող ունեցար, տղա ես, չունեցար՝ ծառա ես։ Փողից սարերն էլ են վախենում…

–Խոսքն ինչի՞ մասին է, հայրիկ։

–Ախր, ես հենց էնպես չեմ եկել,– ծիծաղելով ասաց հայրը, զգուշությամբ նայելով դռան կողմը։– Սրանից հետո գիտե՞ս ինչպես ենք ապրելու… Մատով են ցույց տալու… կտեսնես… Ստիպված չես լինելու աշխատանք որոնել։ Պետք չի։ Ամեն ինչ կունենաս՝ ինչ-որ սիրտդ ուզում է։

Եվան, հետզհետե ավելացող զարմանքով, նայում էր հորը՝ առանց նրա ասածներից որևէ բան հասկանալու։ Նույնիսկ եղավ մի պահ, որ նրան թվաց, թե հայրը ցնորվել է։

–Խոսքն ինչի՞ մասին է, հայրիկ,– կրկին հարցրեց Եվան։

Հայրը թեքվեց աղջկա կողմը։

–Խոհանոցի կաֆելը հո չե՞ք փոխել,– հարցրեց հայրը, թեպետ արդեն հասցրել էր տնտղել, և գիտեր, որ իրենից հետո նորոգում չի եղել տանը։

–Ի՞նչ,– չհասկացավ Եվան։– Ի՞նչ կաֆել։ Իսկ ինչո՞ւ պիտի փոխեինք։

–Չեք փոխել, ուրեմս,– ձեռքերն ուրախ շփեց հայրը։

–Իհարկե, ոչ։ Իսկ ի՞նչ է։-Եվան վախեցած նայեց նրան։

–Փառքդ շատ լինի , աստված,– հայրն աչքերը գցեց առաստաղին։– Դու կարո՞ղ ես էդ Մարիամին ուղարկել տուն… Չեմ կարողանում կենտրոնանալ։ Թող գնա։

–Ինչո՞ւ։

–Պետք է։ Որ ասում են, ուրեմս, պետք է։ Ասա թող գնա, ես քեզ կտանեմ տուն։

Եվան չուզենալով ելավ տեղից, անցավ մյուս սենյակը։

Ծերունին անհամբեր ետ ու առաջ էր քայլում՝ մերթընդմերթ հայացք ձգելով դռան կողմը։

Եվան ետ վերադարձավ և ասաց, որ Մարիամին ուղարկեց տուն։

–Բա ի՞նչ ասացիր,– հետաքրքրվեց հայրը։

–Ասացի՝ ինքս կգամ։

–Ապրես, լավ ես արել,– գովեց ծերունին,– էստեղ նստիր, հիմի գալիս եմ։– Նա առույգաբար դնդնալով գնաց դեպի խոհանոց։ Քիչ անց լոգասենյակից եկավ նրա ձայնը։– Էստեղից՝ շարք երկրորդ, ներքևից՝ շարք երրորդ… Ըհը, ապրես, կեցցես, հիշողությունդ տեղն է դեռ…