–Ինձ հե՞տ ես, հայրիկ,– հյուրասենյակից հարցրեց Եվան, չկարողանալով ըմբռնել հոր խոսքերի իմաստը։
–Չէ, ինքս ինձ հետ եմ խոսում,– արձագանքեց հայրը զվարթ ձայնով,– նստիր, նստիր, հիմա գալիս եմ…
Լոգասենյակից թխթխկոց լսվեց, հետո ինչ-որ բան ասես փուլ եկավ։ Եվան վախեցած բարձրացավ տեղից, մի պահ սպասեց՝ գնա, թե ոչ, և գնաց ձայնի վրա։ Սակայն դեռ միջանցք չհասած, կանգ առավ՝ դեմուդիմաց հանդիպելով հորը։ Նրա ձեռքին կաշվե փոքրիկ տոպրակ կար, իսկ դեմքը ողողված էր երջանկության լույսով։ Տոպրակը խնամքով սեղմած կրծքին, հայրը գոհ, ուրախ քմծիծաղով ասաց.
–Ապրեցինք։
–Դու ի՞նչ էիր անում այնտեղ։
–Ահա, ահա քո հայրը,– նա անցավ սենյակ, տոպրակը դրեց սեղանին։– Կարծում ես ինձ նստացնելով ամեն ինչ վերջացա՞վ… Չէ-է-է-է… Ես դիմացկուն եմ։ Ինձ այնքան էլ հեշտ չի մեջքին գցելը։ Ամենագլխավորն՝ ահա։
–Դա ի՞նչ է, հայրիկ,– ցածր, սոսկումով հարցրեց Եվան։
–Սպասիր,– հայրը զգուշությամբ նայեց չորս կողմը, ոտքերի ծայրերին մոտեցավ, բանալիով փակեց դուռը, հետո իջեցրեց թանձր վարագույրները և, մոտենալով տոպրակին, աճապարելով քանդեց կապն ու տոպրակի պարունակությունը միանգամից շուռ տվեց սեղանին։ Եվան միացրեց լույսը և էլեկտրական ջահի տակ վայրկյանապես շողշողացին ձուլակտոր ոսկիները, շողակնով մատանիները, անթիվ, անհամար ականջօղերն ու ապարանջաները։
–Հանգցրու լույսը,– վախեցած հրամայեց հայրը։ Եվան ակամա ենթարկվեց հրամանին, լույսն անջատեց։
–Ահա սա է մեր հարստությունը,– ասաց հայրը բարձրաքրքիջ ծիծաղով։-Սա քեզ համար և ամուսին է, և տուն, և մեքենա, և երջանկություն՝ ինչ-որ սիրտդ ուզի։ Սև օրվա համար եմ հետ գցել… Հիմի էնպես ապրենք, որ չուզողի աչքը դուրս գա։ Մարդ պիտի կուլտուրական կյանքով ապրի,– հայրը կրկին ծիծաղեց։– Նրանք կարծում էին ինձ բանտ են գցել, հա՞, չեք տեսնի, ահա ես, կանգնած եմ ձեր առջևը…
Եվան դանդաղ , ոնց լուսնոտ, ելավ տեղից, մոտեցավ սեղանին։ Նա մի առ ժամանակ, ասես ինքն էլ չհավատալով իր աչքերին, դիտում էր սեղանին թափված իրերը՝ առանց ձեռք տալու դրանց, հետո դարձավ հոր կողմը և կամաց ասաց.
–Սա՞ է ամբողջը։
–Չէ, ուրիշ տեղեր էլ կան,– բազմանշանակորեն աչքով արեց հայրը։
–Եվ վե՞րջ։ Դա՞ է ամբողջը։
Հայրը զարմացած նայեց աղջկան։
–Դու գժվե՞լ ես, ինչ է… էդքանն ուրեմս քի՞չ է… Սա մի ամբողջ հարստություն է,– ասաց նա։ -Հասկանո՞ւմ ես՝ հարստություն։ Դրանով տասը հարկանի շենք կարելի է առնել՝ իր բնակիչներով։ Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում։
Եվ այստեղ Եվան անսպասելիորեն հիշեց. մայրն էր պատմում. այս տունը, ուր իրենք ապրում էին, շատ առաջ, դեռևս մինչև հեղափոխություն, պատկանում էր մի հարուստ նավթատիրոջ։ Սա ներքնահարկում ոսկու պարկեր ուներ։ ամեն օր, տնեցիներից թաքուն, գնում էր ներքնահարկ, հաշվում ոսկիները։ Օրերից մի օր, հերթական այցի ժամանակ, դուռը, որ անկիզելի, ներսից չբացվող ծանր մի դուռ էր՝ ձեռափի հաստությամբ, հանկարծակի փակվում է։ Տերը սարսափահար այս ու այն կողմ է ցատկում, աղաղակում է, բայց անօգուտ։ Եվ այդպես քաղցից մեռնում է նա իր ոսկիների մեջ։ Այդ պատմությունից հետո Եվան մի առժամանակ վախով էր նայում ներքնահարկի երկաթապատ դռանը։ Հիշեց Եվան, և նրան այնպես թվաց, թե ճակատագրով դատապարտված այդ մարդն իր հայրն է…
–Սա՞ է ամբողջը։
–Լսիր, ի՞նչ է եղել քեզ,– անակնկալ բղավեց ծերունին։ Նրա դեմքը ծամածռվեց, ռունգերը պրկվեցին, շուրթերը սկսեցին դողալ։– Դու ցնդե՞լ ես, ինչ է։
–Ես հարցնում եմ՝ սա՞ է այն ամենը, ինչի հասել ես դու քո կյանքի յոթանասուն տարիների ընթացքում,– արտաքուստ հանգիստ՝ Եվայի շուրթերը ևս դողացին…– Յոթանասուն տարի… Յուրաքանչյուր տարվա մեջ՝ երեք հայուր վաթսունհինգ օր… Եթե այդ բոլոր օրերն ու տարիները գումարվեն իրար… Եվ դու այդ ամենը վատնել ես այս կույտի վրա՞։ Դրա համա՞ր ես ապրել յոթանասուն տարի, դրա համա՞ր ես բանտ ընկել, դրա համա՞ր մահվան դուռը հասցրիր խեղճ մորս, որի մասին գոնե մի անգամ չես հարցնում, ասա, դրա համա՞ր խորտակեցիր կյանքս։ Հայրիկ…
–Ի՞նչ պատահեց քեզ,– ալեհեր գլուխը ցնցեց ծերունին։– Հո չես գժվել, ուշքի եկ… Ախր, քեզ համար է բոլորը… Իմ ինչի՞ն է պետք՝ ինքդ մտածիր, էսօր կամ վաղը չեմ լինելու, իսկ դու ջահել ես դեռ, քեզ ապրել է պետք։ Քեզ համար է…
–Այո, այո, ինձ համար է,– անկարող զսպելու այտերն ի վար հոսող արցունքները, ասաց Եվան։– Ամեն ինչ ինձ համար է։ Այո, այո, իհարկե։ Ստեփանը քո սրտովը չէր, բաժանել տվեցիր մեզ՝ և դա նույնպես ինձ համար էր, հանուն իմ երջանկության։ Ես թողեցի ինստիտուտը, կորցրի բոլոր ընկերներիս, և դա ևս ինձ համար էր։ Ես դեռ վսահ չեմ՝ արդյոք ինքս չկործանեցի՞ Անտոնյանին… Եվ դա նորից ինձ համար էր, դարձյալ հանուն իմ երջանկության։ Աստված իմ, ի՞նչ է կատարվում։ Չէ՞ որ ճիշտ չես դու, սուտ է, սուտ է այդ բոլորը… Ահա, ահա թե ինչի համար ես ապրել այս աշխարհում, հանուն դրա գողացել ես, ապականել մարդկանց, խաբել, խորամանկություն բանեցնելով դուրս պրծել ամեն տեղից, նորից գողացել, նորից խաբել, և այդ ամենը նրա համար, որպեսզի դուրս գաս բանտից և պատի ճեղքից հանելով այդ տոպրակը, թափահարես օդում,– շնչահեղձվելով շարունակեց եվան։-Չեմ ուզում, չեմ ուզում տեսնել այդ ամենը,– արագ հասնելով սեղանին, Եվան ուժգին ձգեց սփռոցի ծայրից և ոսկիներն ու ադամանդները սորուն թափվեցին հատակին։