Выбрать главу

Հայրը սոսկումահար չոքեց գետնին՝ պատրաստ ուշաթափվելու այդ ոսկիների, մատանիների , ականջօղերի ու ապարանջանների վրա։

–Դու հաստատ խելագարվել ես,– գոռաց հայրը ներքևից վերև արյունած աչքերով նայելով աղջկան։– Ձեզպեսների համար սրբություն չկա… Դու մի աշխարհի բանին նայիր. իսկ ես ամբողջ ճանապարհին երազել եմ, ուրախությունից լաց եմ եղել, որ ահա կտեսնեմ իմ սիրասուն աղջկան։

–Աղջիկ չունես դու,– դանակի պես կտրեց Եվան։– Եվ դու հայր չես ինձ համար, այլ թշնամի։ Դու թշնամուց էլ վատ ես… Թշնամին մի հարվածով սպանում է մարմինը, իսկ դու հոգիս ես սպանել՝ դանդաղ, տարիներով… Չեմ ուզում տեսնել քեզ, չեմ ուզում…

Եվան, ձեռքերով այտերը սեղմած, միջանցքով վազեց դեպի դուռը և դողացող մատներով պտտելով բանալիները, դուրս եկավ։ Երկաթե ծանր դուռը շրխկոցով փակվեց։

Եվային մի պահ թվաց, թե հայրն այնտեղ, կիսախավարի մեջ, ներսից չբացվող երկաթե ծանր դռան ետևում սարսափահար այս ու այն կողմ է ցատկում, աղաղակում է, սակայն անօգուտ, նրան լսող չկա։

*******

''Եվ ահա ամեն ինչ վերջացավ,– փողոցում կանգնած մտամոլոր մտածում էր Եվան,– և գնալու տեղ անգամ չունեմ… Ոչինչ, Մարիայի մոտ կգնամ, իսկ հետո կտեսնենք''։ Նա ոտքով քայլեց մինչև տուն, որ այնքան էլ հեռու չէր հորական տնից, դանդաղ բարձրացավ երրորդ հարկ։ Հիշեց, որ այսօր Ամալյայի դիպլոմը պետք է նշեն։ Ո՞վ ասաց՝ մտաբերել չկարողացավ։ Նա Նեֆերտիտիի փղոսկրե արձանիկը տեղավորեց պայուսակում և դռան մոտ կանգնած նայելով բնակարանին՝ ասես հրաժեշտ տալով իր կյաքի այդ թեթևամիտ կտորին ևս, դուս եկավ։

Այո, թեթևակի կերպով վերաբեվեց կյանքին, և կյանքը արժանին է վերադարձնում իրեն։ Իսկակա՞ն սեր էր, արդյոք, իր սերը Ստեփանի հանդեպ։ Դարձյալ այդ հարևանին հիշեց, որի պատճառով Ստեփանն այն ժամանակ սաստիկ խանդեց իրեն։ Վերելակով բարձրանալիս մի անգամ այդ հարևանը շողոմքոր ժպիտով ասաց. ''Աստված իմ, թե իմանայիք ինչպես եմ նախանձում ձեր ամուսնուն''։ Ամուսնուն իսկականից սիրող կինը կնարմատ ամուրի այդ կնամոլին կշշպռեր ինչպես հարկն է, կամ այնպիսի նսեմացնող, սառցային հայացքով կնայեր, որ նա այլևս չհամարձակվեր անգամ նայել իր կողմը։ Իսկ ինքը՝ հիմար, բթամիտ, ապուշ, ասես հալվեց այդ խոսքից, մի քանի օր շարունակ չէր կարողանում մոռանալ։ Ամուսնուն իսկապես սիրող կինն, այո, այլ կերպ կվարվեր, իսկ ինքը, հիշում է, զգեստալանջի բացվածքով՝ անչափ գեղեցիկ էր այդ օրը, նայելով նրան, թեթևակի ժպտաց և դուրս եկավ վերելակից, հնարավորություն տալով խրախճասեր, ցինիկ ու կանանց ետևից քարշ եկող այդ լովելասին մյուս անգամ հրավիրելու իր մոտ, վեցերորդ հարկ՝ իբր չտեսնված ձայնապնակ լսելու, որտեղ նա, մի երկու ումպ կոնյակից հետո ազատություն տվեց ձեռքերին, և մարող շշուկով ասված իր բառերը՝ ոչ, ոչ, չհամարձակվեք, միայն իրեն՝ Եվային էին լսելի ''Բոլերոյի'' ահագնացող երաժշտության տակ, և դա նույնիսկ դիմադրության փորձ չէր, այլ ինքնապաշտպանության բնազդային ճիչ, որ թրթռացին ու հանգան նրա բոսորակարմիր շուրթերին։ Եվ այդ հարևանը տենդային հևքով, հուժկու, տաք կրակ, ինչպես կատաղի հովատակ, այնպիսի մի անսանձ մոլեգնությամբ մխրճվեց նրա մեջ, որ Եվայի շունչը հառաչանքի հետ կանգ առավ, և նա՝ ակամա- զիջողական, նվաճված, չհասցրեց անգամ մտածել դիմադրության մասին։

Կյանքը օրերի հաջորդական շղթա է, մտածում էր Եվան, և ամեն օր մի սխալ գործելով՝ ստացվում է, որ մեր կյանքը դա սխալների շղթա է՝ օղակ-օղակ իրար միացված անուղղելի սխալների շղթա։ Մտքերով տարված, նա չէր նկատել, որ մի կանգառ անցել է արդեն։ Նա իջավ տրոլեյբուսից և ստիպված մի կանգառ ետ գնաց։

*******

Սեղանն արդեն պատրաստ էր։ Ամալյան մի անգամ ևս աչքի անցկացրեց այն՝ արդյոք որևէ բան չի՞ պակասում, գոհ ժպտալով գնաց դեպի խոհանոց և, նկատելով ամուսնուն, որը միջանցքում դրված զգեստապահարանի դիմաց կանգնած ինչ-որ բան էր մտորում, ասաց.

–Դու ի՞նչ ես այդպես կանգնել։ Արի օգնիր։

–Ասում եմ այս պահարանը դուրս նետենք,– արձագանքեց Ռաֆայելը՝ առանց կնոջը նայելու։

–Ժամանակ ես գտել, հիմա հյուրերը կգան,– մոտենալով ասաց Ամալյան։-Հարկավոր է նորն առնել՝ հինը դուրս նետելու համար… Իրոք որ բանի պետք չէ, բժիշկ մարդու տանը սազո՞ւմ է այդպիսի պահարանը,– ավելացրեց նա, հանկարծակի ըմբռնելով իր ասածի իմաստը, և ասես փորձեց պաշտպանել ինչ-որ մեկից։-Իսկ ի՞նչ է։

–Ոչինչ, ոչինչ,– թաքցնելով հեգնական ժպիտը հուսադրեց Ռաֆայելը։

–Չէ, ասա, ի՞նչ մտածեցիր հիմա,– կամակոր կերպով պնդեց Ամալյան։– Մինչև չխոստովանես, ձեռք չեմ քաշելու։

–Դատարկ բան է,– անփութորեն ասաց Ռաֆայելը ժպտալով։– Ես մտածեցի այն մասին, որ ինձ համար երանելի օրեր են սկսվում՝ բժիշկ այսինչի տունը, բժիշկ այսինչի ամուսինը… Սիրուն դնչիկդ, իմիջիայլոց, շատ է թեթևամիտ՝ բժշկի համար։ Վախենում եմ փախչեն քո բոլոր հիվանդները։

–Իրոք որ այդպես էլ կա,– հայելու մեջ իրեն դիտելով ասաց Ամալյան։– Շատ հիմար տեսք ունեմ։ Շարունակ ձգտում եմ լուրջ կեցվածք ընդունել, բայց դեռայժմ չի հաջողվում։