Ռաֆայելը նայեց կնոջը, ծիծաղեց։
Առաջինը եկավ Ելենան։ Չանցած տաս-տասնհինգ րոպե՝ Լեոնիդը։
–Ախ, դու մեր սիրելի նորելուկ բժշկուհի,– սկսեց Լեոնիդը հենց դռան մոտից։– Սա ծաղիկներ են, սա՝ կոնֆետ, այս մեկն էլ կատարելագործված լսափող է՝ լեհական, ընդ որում տակից տվեցին, ամենավերջին տեսակի է՝ խանութում ասացին։ Իսկ ընդարձակ կենաց՝ սեղանի շուրջ կասեմ։ Սպասիր, մի խելքս հավաքեմ գլուխս։ Խորհրդակցությունից ուղիղ ձեզ մոտ եմ եկել։ Կարո՞ղ եք հավատալ, երեք ժամվա ընթացքում լավատեսական այնքան ճառեր արտասանեցին, որ խորհրդակցության վերջում ուզում էի անուշադրի սպիրտ տալ որոշ մարդկանց՝ քնից արթնացնելու համար։
–Իսկ ո՞ւր է Ստեփանը,– առաջ գալով հարցրեց Ռաֆայելը։
–Հիմա կասեմ,– գլխով արեց Լեոնիդը։– Բայց նախ ես պետք է իմանամ, թե Ամալյան ինչո՞վ է մտադիր հյուրասիրել մեզ։
–Սալաթ՝ ծովախեցգետինով, վինեգրետ,– սկսեց թվել Ամալյան,– տոլմա շագանակով ու խնձորով։
–Ապրես,– ասաց Լեոնիդը հանվելով,– նա ասաց, որ ուշքը գնում է քո պատրաստած տոլմայի համար։
–Ո՞վ,– հարցրեց Ամալյան։
–Ինչպե՞ս թե՝ ով։ Ստեփանը։
–Իսկ որտե՞ղ է նա,– խնդումնասիրտ հարցրեց Ելենան, հյուրասենյակից դուրս գալով միջանցք։
–Չէ՞ որ ասացի՝ դրսում կանգնած է։
–Ե՞րբ ասացիր,– ծիծաղեց Ամալյան։– Դու ոչինչ էլ չես ասել։ Լավ, իսկ ինչո՞ւ չի բարձրանում։
–Հասկանալի է թե ինչու- եզրակացրեց Ելենան գոհ ժպտալով։– Նա սրամիտ վճիռ է կայացրել, որպեսզի և չզրկվի այդ համեղ բաներից և, դրա հետ միասին, պահպանի սեփական արժանապատվության զգացումը, եկել, հասել է մինչև շքամուտք, իսկ այնտեղից մինչև տուն բարձրանալու համար անհրաժեշտ է, որ Ռաֆայելը իջնի բակ և, ինչպես հարկն է, խնդրի նրան տուն բարձրանալ։
–Իսկ եթե չգնա՞մ խնդրելու, – ծիծաղեց Ռաֆայելը,– այդպես էլ պիտի մնա կանգնա՞ծ շքամուտքի առաջ։
–Անկասկած, – հաստատորեն պատասխանեց Լեոնիդը և ավելացրեց, – իմիջիայլոց, ոհիանալի նվեր է գնել և այն էլ, կարծեմ, արծաթյա։
–Նվե՞ր, – նրա տոնով ասաց Ամալյան։-Ռաֆայել, շուտ գնա կանչիր։
Ծիծաղեցին, իսկ հետո Լեոնիդը, նայելով միջանցքի մի ծայրում ցցված հին պահարանին, հարցրեց.
–Սա՞ է այն հայտնի պահարանը։
–Ինչո՞ւ հայտնի,– զարմացավ Ամալյան։
–Որովհետև այդ պահարանի մասին հիմա ամբողջ նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտն է խոսում,– ծիծաղեց Ելենա ն։– Եվ, իմիջի այլոց, մեխերի մասին նույնպես խոսում են։
–Դեն գցեք,– դեմքը թթվեցնելով խորհուրդ տվեց Լեոնիդը,– չի սազում ձեզ։
–Ես էլ եմ ասում, բայց Ամալյան չի ուզում,– ասաց Ռաֆայելը։
–Ինչո՞ւ,– հարցրեց Լեոնիդը։
–Ինչպե՞ս թե ՝ ինչու,– երեխայի պես խռովկան՝ ասաց Ամալյան։– Ախր, դա իմ օժիտն է։
–Խեղճ Ռաֆայել, – կարեկցանքով գլուխն օրորեց Լեոնիդը։– Իր կնոջ օժիտի պատճառով տանջվում է… Բոլոր դեպքերում պահարանը հարկավոր է դեն գցել։ Եվ ոչ թե գաղափարական բովանդակության տեակետից, այլ որ մոդայից դուրս է եկել արդեն։
–Ամալյա, դու նրա հետ մի վիճիր, – գլխով Լեոնիդին ցույց տալով ասաց Ելենան։– Նա բացեիբաց զուրկ է գերզգայնությունից և չգիտի, թե ինչ ասել է կապվածություն սեփական իրերին։ Նա, երևի, քսաներորդ դարի վերջի ճգնավորներից է։
Ի պատասխան, Լեոնիդը ծիծաղեց, սակայն ոչինչ չհասցրեց ասել, որովհետև այդ պահին հնչեց դռան զանգի ձայնը։
–Ստեփանն է, – բավականությամբ ասաց Ռաֆայելը և գնաց դուռը բացելու։ Երկու րոպե անց նա վերադարձավ Ստեփանի հետ։
–Ահա և Ստեփանը, – ասաց նա հանդիսավոր կերպով, ասես անծանոթ մարդկանց ներկայացնում էր իր նոր հյուրերին։
–Ինչո՞ւ չսպասեցիր, որ Ռաֆայելը գար, մի լավ խնդրեր քեզ ու նոր բարձրանայիր, – նախատինքով հարցրեց Լեոնիդը, աչքերում անսքող ծիծաղ։
–Իսկ ինչո՞ւ պիտի խնդրեր, – գլխի չընկնելով՝ արտասանեց Ստեփանն ուսերը թոթվելով։– Ես առանց այն էլ գալիս էի։
–Եվ իզուր, – անչար ասաց Լեոնիդը։– Մարդիկ ինձ արդեն ռեստորան էին խոստանում՝ քեզ այստեղ բերելու համար։ Գոնե մի քիչ սպասեիր։
–Մյուս անգամ, – ասաց Ստեփանը, և, մոտենալով Ամալյային, ժպտադեմ ավելացրեց,– ի սրտե շնորհավորում եմ, թող քո բոլոր հիվանդներն իրենց ամբողջ կյանքում քաղցր խոսքով հիշեն քեզ, սակայն երբեք ու երբեք այլևս չվերադառնան քեզ մոտ։– Նա ետ տարավ ձեռքի փաթեթը, և արծաթյա մի բաժակակալ հանելով այնտեղից, պարզեց Ամալյային։
–Շնորհակալություն, – ժպտաց Ամալյան, ընդունելով նվերը։– Այս ինչքա՜ն եմ սիրում նվեր ստանալը, ձեռքերս ուղղակի դողում են։ Ի՜նչ գեղեցիկ բան է, – գովեց նա։
–Գովասանքը միշտ էլ հաճելի է, – ասաց Ստեփանը, – երբ այն լսում ես սիրելի մարդուց։
–Առավել ևս, երբ այդ սիրելի մարդու համար առանձնահատուկ օր է այսօր, – ավելացրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով հավաքվածներին։
–Լսեք, դուք ինչ է, արդեն հանդիսավոր մասի՞ն եք անցել, – կեղծ լրջությամբ ասաց Ռաֆայելը։– Շուտ սեղանի մոտ, սկսում ենք։ Որպես հեռուներից եկած մարդ՝ խոսքը տրվում է Լեոնիդին։
Հյուրերը զվարթ տրամադրությամբ տեղավորվեցին սեղանի շուրջը, ըմպանակներն ու գավաթները լցվեցին օղով, կոնյակով ու շամպայնով, և Լեոնիդը, վերցնելով ըմպանակը, ելավ ոտքի.
–Դու՝ մեր աննման ու սիրելի բժշկուհի։ Գիտատեխնիկական հեղափոխության, միջուկային ու տիեզերական սպառազինությունների այս սրընթաց դարում ի՞նչ կուզենայիր, որ բարեմաղթեինք քեզ այն բանի նախադռանը, ինչ ընդունված է կոչել հասարակականորեն օգտավետ գործունեություն։ Գուցե ցանկանք, որ հիվանդներ քի՞չ ունենաս։Ավաղ, դա այնքան էլ շուտ չի լինի, քանզի աշխարհում չափազանց բարեհաջող պիտի գնան գործերը, որպեսզի բժիշկները նստեին անգործ։ Այնպես որ, սկզբնական շրջանում ես քեզ ցանկանում եմ, որպեսզի դու քո հիվանդներին գոնե ողջ թողնես, որովհետև այս աշխարհը, իր բոլոր պակասություններով հանդերձ, այնուամենայնիվ, այնքան էլ վատը չէ, որպեսզի մարդիկ շտապեին այն մյուսը։ Ահա հենց դրանից էլ պետք է ելնել՝ ամեն անգամ նոր հիվանդ ընդունելիս։ Ով գիտի, գուցե այդ հիվանդներից մեկը ես լինեմ, կամ Ստեփանը, կամ էլ, ասենք, աստծո խոնարհ ծառա Ռաֆայել Աղասիևիչը։