Выбрать главу

–Ղարաբաղը, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախը, միշտ հայոց աշխարհ է եղել, նրա ամբողջ տարածքում, սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը ու այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերս ապրում ենք վաղնջական ժամանակներից։ Չիչերինը Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում նա մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները։ Դժբախտաբար, հայերին վերաբերող բոլոր նամակներն ու զեկույցները Լենինը մակագրում էր հայատյաց Ստալինին, մեր կորուստների մեծ մասը դրանով է պայմանավորված։ Կարդացեք Հերոդոտ-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ջովաննի Գուայտա ու Դեվիդ Լենգ, նմանապես արաբական ու հունահռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջ մասը դարեր ի վեր Հայաստան էր կոչվում, իսկ ձախ մասը ալանների երկիր, որտեղ ապրող ցեղերից մեկի՝ գարգարցիների համար Մեսրոպ Մաշտոցը տառեր ստեղծեց…

Թեթև հողմիկից ծառերն օրորվում էին, տերևները թրթռում, խշշում էին, ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, փայտփորիկը անձանձիր տկտկացնում էր չոր ծառաբունը, մի պահ կանգ էր առնում, ասես ականջ էր դնում արձագանքին ու դարձյալ վերսկսում էր իր համաչափ տկտկոցը։ Կյանքը հանդարտ հոսում էր հավիտենական թվացող այդ խշշուն անդորրի մեջ, Թևիկի մտքում, ավելի շուտ, ոչ թե մտքում, այլ սրտում, հոգու ամենախորքում, այս ամենը փոխարկվում էր բանաստեղծության, հանգավորվում էր, կկվի ձայնը թախծական երգ էր դառնում, փայտփորիկի տկտկոցը՝ մորզեգիր, դեղձանիկի գեղ-գեղ երգը՝ սիրո կանչ ու մեղեդի, և նրան անիմաստ ու ցավալի էր թվում այն, որ շուտով, գուցեև մի քանի րոպեից հետո, այս ամենը կմարի, կխլանա ռումբի ահարկու պայթյունից ու ավտոմատների կրակոցներից, և Թևիկն իր ջոկատը կտանի մարտի ու, ամենայն հավանականությամբ, տղաներից մեկը, որ հիմա գլուխը ձեռափին հակած խաղաղ լսում էր Վաղարշակ Գաբրիելյանի պատմությունը՝ հայրենի Ղարաբաղի մասին, պատահական գնդակից կզոհվի այնտեղ, ինչպես Իգոր Բաղունցը զոհվեց, և ինքը խեղդվում էր իր ներսում հորձանք տվող դառը արցունքներից։

Աստված, Աստված, ինչպիսի տղաներ զոհվեցին, և, եթե, իրոք, աստված կա , նա ինչպե՞ս է հանդուրժում այդ ամենը, ինչպե՞ս չի կուրանում, եթե աչքեր ունի ու տեսնում է, թե ինչպիսի ջահել տղաներ են զոհվում, որոնց հարազատների, սիրած աղջիկների աչքը հավիտյան նրանց ճամփին է մնալու։ Ախր, ինչպե՞ս է Աստված այդ բոլորը տեսնում ու դարձյալ մնում անտարբեր՝ նստած իր բարձր գահին։ Քանի-քանիսը զոհվեցին, և առաջիններից մեկը Սամվելիկն էր, Սամվել Ադյանը՝ Ղազարահող գյուղից, քաջ ու անձնվեր, բոլորի համար պաշտելի։ Իր նման, նա էլ բանաստեղծություններ էր գրում, և միակ երազանքն էր՝ կռվից հետո անպայման գիրք հրատարակել։ Բանաստեղծություններ շատ է կարդեցել Թևիկին, բայց մեկը՝ ''Զինվորի երգը'', որ նա գրել էր Սովետական բանակում ծառայելիս, Թևիկին շատ դուր եկավ։ Մի երկու անգամ Սամվելիկը կարդաց իրեն այդ բանաստեղծությունը և, զարմանալի բան, ինքն իսկույն անգիր արեց.

Հե՜յ, երկնքի սիրուն հավքեր,

Ամպերի հետ տարված խաղով,

Արդյոք ճամփան ձեր հրեղեն

Չի՞ անցնում մեր Ղարաբաղով։

Ախ, գնում եք շարվեշարան՝

Դուք ձեր անուշ երգ ու տաղով,

Ինչ կլինի՝ բարև տանեք,

Թե անցնեք մեր Ղարաբաղով…

Սկզբի այդ երկու քառյակն է միայն հիշում, մյուս երկուսը, դժբախտաբար, մոռացել է։ Թևիկը փորձ արեց վերհիշել շարունակությունը, բայց ապարդյուն։ Չէ, մնացածը չի հիշում, միայն առանձին տողեր ու բառեր՝ դա է, չի հիշում մնացածը… Մինչև հիմա էլ Սամվելիկի քաղցրահունչ ձենն իր ականջում է ու երբեք-երբեք չի մոռանա…

Շատ բաների մասին էր մտածում Թևիկը, ու շատ բան չէր հասկանում։ Իրոք, ահա, իրենք ստիպված ինքնապաշտպանության են դիմել, սար ու ձոր ընկած՝ կռվում են, զոհվում, վիրավորվում են, ուրիշ կերպ հնարավոր էլ չէ՝ պաշտպանում են իրենց հնամյա հողը, իրենց տունը, իրենց կանանց, մոր ու քրոջ պատիվը, նախնիների սուրբ գերեզմանները, իսկ նրանց՝ այդ ադրբեջանցիներին, ո՞վ է քշել բերել Ղարաբաղի լեռները, իրենք՝ հասկանալի է, նրա՞նք հանուն ինչի են զոհվում այս անտառներում՝ հարյուրավոր կիլոմետր հեռու իրենց ծննդավայրից։ Բաքվում սովորելիս նա երկու մտերիմ ընկեր ուներ՝ Ֆուադն ու Սամիրը, շարունակ իրար հետ էին, շարունակ իրարից անբաժան, և Թևիկը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ նրանց նույնպես կարող է քշել, բերել են այստեղ, և շատ հնարավոր է, որ այն ժամանակ, գետի մյուս կողմից նրանց արձակած ֆուգասային արկի բեկորներից ինքը ծանր վիրավորվեց։ Այո, դա, իրոք, հնարավոր է, և, ով գիտի, գուցե հենց այս պահին նրանք նմանապես մտածում են իր մասին, կարոտով հիշում են, ինչպես ինքն է սրտանց կարոտել նրանց ու անձկությամբ հիշում է, և, Աստված վկա, շատ կուզենար, որ նրանց ոչինչ չպատահեր, ողջ-առողջ վերադառնային իրենց ծնողների մոտ, որոնց նույնպես Թևիկը հիշում է, քանի-քանի անգամ եղել է նրանց հյուրընկալ տանը, և նրանք նույնպես քանիցս եղել են իրենց մոտ… Չէ, սխալ է, այս աշխարհում սխալ բան շատ կա, շատ-շատ սխալ բաներ կան…