Ծառերը դարձյալ օրորվում էին խշշուն լռության մեջ՝ կատարներով քսվելով երկնքի կապույտին, տերևները թեքվում էին մի կողմի, թրթռում, , փայտփորիկը հղում, հա հղում էր իր մորզեգիրը, սպասում էր որոշ ժամանակ, մինչև, երևի, այնտեղ, մյուս կողմում, կընդունեին նրա հաղորդումը, և նորից էր սկսում իր անդադրում
տկտկոցը։
Հազարավոր զոհեր տալով, գերությունից ազատում էին բազմադարյան հայոց շեն գյուղերը, ազատագրեցին Շուշին, Լաչինը, Քարվաճարը՝ Դադի վանքով ու Խաթրավանքով՝ Թարթառի աջ ու ձախ ափերին, որ նախկինում, ինչպես ուսուցիչ Գաբրիելյանն էր ասում, Արցախի Ծար գավառի կենտրոնն էր, և Թևիկը, բարձրաբերձ հասակով, աջ այտով ժպտալով, միշտ առաջին գծում էր։ Կանգնեցրեցին նրանց, հետախուզական տվյալների համաձայն ՝ Կիրովաբադում, Խանլարում ու մյուս տեղերում, ադրբեջանցիները ճամպրուկները կապած փախչում էին արդեն, բայց հրաման եկավ՝ առաջ չշարժվել։ Գերության մեջ մնացին ամբողջ Շահումյանը, Գետաշենը, Ոսկանապատը, Բուզլուխը, Բանանցը, տասնյակ ու տասնյակ այլ գյուղեր, նմանապես և բուն ինքնավար մարզի շատ ու շատ գյուղեր։ Զինադադար կնքվեց, թեթևակի կաղալով՝ Թևիկը վերադարձավ տուն։ Եվ որոշեց ընդունվել ինստիտուտ։ Ֆիզիկայի ֆակուլտետ։ Առհասարակ մաթեմատիկայից ու ֆիզիկայից ուժեղ էր։ Հավաքեց բոլոր փաստաթղթերը՝ հասունության ատեստատ-բան, գնաց ինստիտուտ։ Եվ այտեղ պատահեց այն, ինչին Թևիկը չեր սպասում. նա տեսավ Գայանեին։ Պարզ է , որ նա դեռևս չգիտեր նրա անունը։ Տեսավ ու, ինչպես զիգզագաձև շանթի փայլատակում, արյան տաք հարվածը՝ երակներում, տառացիորեն ընդհատեց նրա շնչառությունը։ Վայրկյանական զմայլանքից Թևիկը մնաց շվար կանգնած։ Լեզուն կապ ընկավ, սիրտը մարեց։ Թևիկը գլխի ընկավ, որ սիրահարվեց։ ''Այ քեզի բան'',– հաճելի զարմանքից թալկտած մտածեց նա և, արագակարգիչ սպիտակ թղթապանակը թևատակին, իրենից անկախ, որս տեսած վագրի պես զգուշորեն փոխելով ոտքերը, դանդաղ մոտեցավ այն խմբին, ուր կանգնած էր Գայանեն՝ բարձր, սիրուն, մեծաչյա, բոսորակարմիր շուրթերով, արձակ փարթամ մազերով, որ գանգուրներով իջնում էին մեջքին։
–Դու՞ք էլ եք պատմաբանասիրական հանձնում,– հանկարծակի շրջվելով, հարցրեց աղջիկը՝ դեմքին ընկնող անհնազանդ խոպոպիկը հետ տանելով։ Նրա կամակոր շուրթերի կիսաթափանցիկ փայլն ու շողշողուն թարմությունը մոտիկից կախարդեցին Թևիկին։
–Ե՞ս,– իրեն կորցրեց Թևիկը։
Աղջիկը, ստորին շուրթն ատամներով սեղմած, ծիածանային ժպիտով սպասում էր պատասխանի, և նրա շողուն ու մի քիչ էլ ծիծաղկուն աչքերը չարաճճի նայում էին Թևիկին։ Այդ աչքերում ամեն ինչ կար՝ և աղջկական բերկրալի կոկետություն, և մարտականչ, և շրջանավարտուհու նախաքննական վախ, և դեղձագույն մամրմնի ամառային նվաղություն, և անհերքելի գեղեցկության հանդարտ ինքնավստահություն։
–Այո,-ասաց Թևիկը, աղջկա թովչանքով գերված։
–Օյ, ի՜նչ լավ է, – ճառաքուն ժպտաց աղջիկը։– Կուրսում Ժոֆրեյ կունենանք…Բայց ափսոս, որ սպի չունեք ձեր այտին։
–Ե՞ս,-աջ այտով շփոթված ժպտալով ասաց Թևիկը։ Նա չհասցրեց ասել, որ այտին՝ չէ, բայց կռնակին ու ոտքին մի երկու սպի ունի, որովհետև աղջիկն այդ այնպես կարկաչուն ծիծաղեց ու այնպիսի մի խանդավառ բերկրանքով նայեց Թևիկին, որ Թևիկի ոչ միայն վիրավոր՝ առողջ ոտքն էլ թուլացավ։
–Դե, շուտ հանձնեք,– շտապեցրեց Գայանեն և ցույց տվեց, թե պատմաբանասիրականի համար որ սեղանի մոտ են ընդունում թղթերը։
Եվ Թևիկը, մինչև ուշքի կգար՝ արդեն հանձնել էր թղթերը։ Հանձնեց ու սարսափը միանգամից պատեց նրան. նա սաստիկ վախեցավ՝ հանկարծ չկարողանա հանձնել ընդունելության քննությունները։
''Կտրվեցի՝ կորած եմ''։-Սա էր Թևիկի վերջնական եզրակացությունը։
Եվ ահա էլի նույն երկյուղն է պատել նրան. մի քննություն է մնացել, որպեսզի փոխադրվի երկրորդ կուրս, ու, այ քեզի բան, ոտքի վերքը բացվել է։ ''Անպայման բեկոր կա մեջը,– մտածում էր Թևիկը։– Ռենտգենանկարը ցույց չի տալիս,բայց ինքը հավատացած է, որ բեկոր կա, այն ժամանակ, հոսպիտալում, ըստ երևույթին, բոլոր բեկորները չէ, որ հանել են։ Հարկավոր է գնալ Երևան, հանրապետական հիվանդանոց, այնտեղ բժշկական ժամանակակից սարքավորումներ կլինեն, որոնք անպայման ցույց կտան այդ բեկորը''։ Բայց ինչի մասին էլ որ մտածում էր, մեկ է՝ նույն կուրսում մնալու սարսափը հանգիստ չէր տալիս նրան։ ''Եթե այդպիսի բան եղավ, ուրեմն, կորած եմ'',-այն ժամանակվա նման մտածեց Թևիկը։