Выбрать главу

Առավոտյան բժիշկ եկավ, նայեց վերքը, վիրակապեց ու խորհուրդ տվեց անկողնուց չելնել։ Ասաց, որ հանգիստ է պետք։

Թևիկի համար շատ էր վիրավորական. չէ՞ որ վերջին քննությունն էր։ Ընդամենը մի քննություն։ Չէ, ինչ էլ լինի, հարկավոր է փոխադրվել հաջորդ կուրս։ Պարզ է, Գայանեն փոխադրվելու է։ Եվ Հարութը նույնպես կփոխադրվի։ Նրանն ուրիշ՝ առաջինից մինչև տասերորդ, հայերեն դպրոցում է սովորել, իսկ ինքը՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն, ստացվում է՝ ոչ ռուսերեն է կարգին կրթություն ստացել, ոչ հայերեն։

Եվ ահա Թևիկը՝ թուխ բեղերով ու վեհասքանչ, անշարժ պառկած է անկողնում։ Ցավից կնճռոտվելով՝ նա ալարկոտ ու դանդաղորեն թերթում է գիրքը, կոնսպեկտները։

–Հը, ինչպե՞ս ես, Թևիկ,-խոհանոցից հարցնում է մայրը։

–Լավ չեմ, մամա, ցավում է։

Անցնում է մեկ-երկու րոպե, մայրը նորից է սկսում.

–Հիմա դա ո՞նց պիտի լինի… Մաման մատաղ, մի կերպ փորձեիր… հաղթահարել էդ ցավը…

Թևիկը զայրանում է։ Մոր խոսքերում կարծես թե ինչ-որ թաքնված կշտամբանք է զգում նա։

–Դու շատ հետաքրքիր ես, այ մամա,-ասում է նա, չփորձելով թաքցնել վիրավորվածությունը։-Կարծում ես հե՞շտ է տաքության մեջ պարապելը։ Չէ՞ որ ամեն մի բառը հասկանալ, հիշել է պետք… Դա հո մաթեմատիկա կամ ֆիզիկա չի։ Պատմություն է, չէ՞, մամա…

–Դե լավ, մի բարկացիր,-հաշտվողաբար ասում է մայրը։– Ախր, ես ուզում եմ, որ փոխադրվես, չմնաս նույն կուրսում, չկտրվես ընկերներից։

Մայրն, իհարկե, Գայանեի մասին չգիտի։ Իրենից՝ Թևիկից բացի, ոչ ոք չգիտի։ Ոչ ոք։

–Քիչ պառկեմ… Սպասեմ մի քիչ, գուցե երեկոյան կողմ բաց թողնի ցավը… պարապեմ։ -Թևիկը ինքն էլ շատ լավ հասկանում է, որ պարապել պետք է։ Ցանկության դեպքում նա, իհարկե, ատամները սեղմած, մի կերպ կարող է հաղթահարել ցավը։ Բանն այն է, որ հենց այդ ցանկությունն է որ չկա։ Ցավի գիտակցությունը նրան արդարացնում է սեփական աչքում։ Հազիվ մի էջ կարդացած՝ Թևիկը կրկին փակում է գիրքը՝ իր երկարուկ թուխ մատը պահելով անհրաժեշտ էջի վրա. չէ, ոչինչ չի ստացվում, սրտնեղության զգացումը անկարող է փոխարինել կամքի ուժին։

Նա գլուխը ետ է գցում բարձին, լուսամուտից նայում է դուրս, դեպի սարերին թիկնած կապտաժեռ երկինքը, և անքուն գիշերվա հորինած բանաստեղծության տողերը՝ նվիրված Գայանեին, թրթռում են նրա հոգում։ Այդ բանաստեղծության ամեն մի հնչյունի մեջ նա Գայանեին է տեսնում, նրա լուսապայծառ տեսքը միշտ իր աչքի առջև է, ոչ մի կերպ մոռանալ չի կարողանում։

Անհնար է մոռանալ

Շուրթերը քո քաղցրանուշ,

Մատները քո նրբատաշ,

Հասակը քո նրբատեսք՝

Բարակիրան, սլացիկ՝

Ինչպես բարդի մի մատղաշ,

Անհնար է մոռանալ,

Անհնար է մոռանալ…

Ինքը Գայանեին չի կարող ասել իր մեծ սիրո մասին, Իգորի պես ինքը ևս երբեք չի համարձակվի նրան բացել իր սիրտը, բայց, եթե նա կարդար այս տողերը, անկասկած կհասկանար, որ իր մասին են գրված դրանք և կտեսներ, որ Թևիկը, իրոք, գժի պես սիրում է իրեն, և սիրում է հենց առաջին վայրկյանից, այն պահից, երբ առաջին անգամ տեսավ նրան ընդունելության թղթերը հանձնելիս ու կհասկանա նաև, որ հենց հանուն իրեն՝ Գայանեին, նա իր թղթերը պատմաբանասիրական հանձնեց ու դրա համար էլ տանջվում է հիմա, չէ՞ որ իր մտքով երբևէ չի էլ անցել այդ բաժինն ընդունվել, ախր, ֆիզիկա ու մաթեմետիկա ինքը լավ գիտի, դպրոցում այդ առարկաներից ''չորսից'' պակաս գնահատական չի ստացել երբեք։ Նա դարձյալ ու վերստին մտածում է Գայանեի մասին, և նորանոր տողեր են ծնվում իր հոգու անտեսանելի խորքերում.

Ասա, ինչպե՞ս մոռանամ

Փայլը սևուկ աչքերիդ,

Թավշե ձայնդ հոգեթով,

Ժպիտն ալվան շուրթերիդ,

Քո նայվածքը շեղակի,

Քո քայլվածքը հմայուն,

Քո պահվածքը եզակի,

Քո կազմվածքը նրբագեղ,

Պարանոցդ մարմարյա՝

(Նեֆերտիտյան համարյա),

Ինչպե՞ս, ինչպե՞ս մոռանամ։

Թևիկին թվում է՝ դեռ ամեն ինչ չէ ասված Գայանեի մասին, իր սիրտը պռնկեպռունկ լիքն է անսպառ զգացմունքներով, նա ուզում է, որ իր բանաստեղծությունը կարդալով՝ ընթերցողը պարզ տեսնի Գայանեին, ինչպես ինքն է տեսնում նրան՝ աստվածային, լուսերես, անարատ։ Եվ դեռ չմտածած այդ մասին, նոր տողեր են ծնվում. ''Սեր իմ, սեր իմ դու անգին, վսեմաշուք սրբություն, մղկտում է իմ հոգին, քո կարոտից գիշեր-զօր''։ Եթե ոտքի ցավը չլիներ, ինքը հիմա պառկած չէր լինի այստեղ։ ''Գամել է ինձ բախտը անգութ…'',-շշնջում է նա, ծուլորեն հանգ որոնելով այդ ''անգութ'' բառի համար։ Աջ այտը քիչ բարձրանում է. ուրեմն ժպտում է իր գտած հանգի համար՝ ''Հարութ''։ ''Անգութ Հարութ''։-Նա մանր ծիծաղեց, թուղթը մի կողմ գցեց, ձեռքը դրեց վիրավոր ոտքին։ Ոտքը կրակի պես այրվում էր, անոթներով զարկահարում էր արյունը՝ մեկ-երկու.. երեք-չորս… Թևիկը մտահոգ տեսքով նայում է առաստաղին. ''Դե արի ու այս վիճակում պարապիր''։

–Մամա։

–Ի՞նչ է, բալաս։

–Շա՞տ ես զբաղված։

–Ի՞նչ է պետք։

–Ոտքս մի քիչ մասաժ արա։

Մայրը՝ նիհար կազմվածքով, լռակյաց, հավիտյան նվիրված, շտապկոտ դուրս է գալիս խոհանոցից։ Մայրական վարժ ու հոգատար շարժումով, զգույշ բարձրացնում է որդու ուռած, ծանր ոտքը և սկսում է մաժել։ Գնալով կարծես թե ցավը մեղմանում է, արյունը հոսում է մեղմ, ռիթմիկ։