–Նստիր, մամա, նստած հեշտ կլինի,-խորհուրդ է տալիս Թևիկը։
Լռության մեջ անցնում է մեկ-երկու րոպե։ Ժամացույցի միապաղաղ տկտկոցն է միայն լսվում ննջարանում, և դա ավելի է ընդգծում լռությունը։ Թևիկին հաճելի է, նա ուզում է, որ մայրն այդպես երկար մաժի ոտքը։ Նա հոգնածորեն փակում է աչքերը, ամբողջովին տրվելով անվրդով երանության այդ վայելքին։
Դռան ձայնի վրա մայրը ետ է նայում։ Անուշիկն է՝ բարակավուն, վայելչակազմ, կարճ թևերով կարմրագոտի ճերմակաթույր զգեստով։ Դեմքը նրա թուխ է արևայրուկից, մերկ ուսերին իջնող մետաքսի պես նուրբ մազերը՝ փայլուն ու լրիվ սև, շուրթերը՝ վառ կարմիր ու քնքուշ՝ ինչպես մանկան շուրթիկներ, իսկ աչքերը՝ քաղցրաբարո ու մի տեսակ ծաղրասեր արտահայտությամբ։
–Դու էդ որտե՞ղ ես էսքան ժամանակ,-կշտամբանքով հարցնում է մայրը։
–Ընկերուհուս՝Արփենիկի հետ կինո էինք գնացել,-պատասխանում է Անուշը։-Լավ նկար էր՝ ''Արևամուտից մինչև լուսաբաց'', վաղուց էինք ուզում տեսնել, բայց չէր հաջողվում։– Նա մոտենում է եղբորը, նստում թախտի ծայրին։-Ցավու՞մ է։
–Բա ոնց, ցավում է, գիտես, ուղղակի… Ո՞նց բացատրեմ… Ներսից ասես պայթում է… Սաստիկ ցավում է։
Անուշը նայում է մորը.
–Մամ, տուր ես անեմ։
Թևիկն ի վերջո անհարմար է զգում։
–Չէ, պետք չէ… Հիմա մի քիչ լավ է։ Մամա, հանգիստ դիր տեղը… Զգույշ, նայիր, որ ցավ չտա,– ավելացնում է նա։
Մայրը որդու ոտքը զգուշորեն դնում է տեղաշորի տակ։
Անուշը գնում է մյուս աենյակը։ Նա փոխում է շորերը, տնային պարզունակ խալաթ է հագնում, հետո հանում է կոշիկները, մնալով բոկոտն՝ ''լրիվ բոբիկ-բոբիկ'' , ինչպես ինքն է ասում տնավարի։ Հետո թուղթ ու գրիչ է վերցնում, տեղավորվում է լայնածավալ լուսամուտագոգի առջև (լուսամուտը նայում է փողոցին և այստեղից, բարձունքից, երևում է ամբողջ քաղաքը՝ կորած ծառ ու ծաղկի, կանաչի մեջ) և շարունակում է իր կիսատ մնացած նամակը՝ ընկերուհուն, որն ապրում է հեռավոր Սանկտ-Պետերբուրգում։
Միջանցքում, փոքրիկ սեղանի վրա, հնչում է հեռախոսը, սկզբում կարճ, ասես անվճռական, հետո երկար, անհամբերությամբ։ Մայրը մոտենում է հեռախոսին։
–Ո՞վ… Հարու՞թը… Ա՜, բարև, բարև, Հարութիկ ջան, չճանաչեցի ձայնդ։ Ի՞նչ։ Ո՞վ է հարստանալու… Ա՜, դե ինչ եմ ասում, տա աստված, տա աստված…Հա, պառկած է… Հիմա՞… Չէ, ինչի՞ չեմ ուզում… Դե, լավ, շատ լավ, շնորհակալություն, որդիս… շատ շնորհակալություն։
–Ի՞նչ է ասում, մամա,-հարցնում է Թևիկը։-Ուզում է այստե՞ղ գալ։
–Հա, Հարութն է, մենակ թե՝ չեմ հասկանում, որտեղի՞ց է նրան հայտնի, որ բացվել է վերքդ, ախր…
–Թևիկ, ես եմ ձեր տղաներին ասել,-ննջասենյակից լսվում Անուշի ձայնը։ – Հանրակացարանի մոտով անցնելիս տեսա, նրանք հարցրին քո մասին, ես էլ բացատրեցի։ Հարութը նրանց հետ չէր։
Պարզվեց, որ հանրակացարանի մոտ Անուշը պատահաբար տեսել էր Թևիկի համակուրսեցիներին։ Հարութը, իսկապես նրանց հետ չէր եղել։ Իմանալով, որ Թևիկը հիվանդ է, նրանք սկզբում որոշեցին խմբով գալ և պարապել Թևիկի հետ, սակայն նրանցից մեկը, երևի կուրսի ավագն էր եղել, Անուշը չգիտի նրա անունը, առաջարկեց բազար չսարքել, այլ հանձնարարել տղաներից որևէ մեկին, ընդ որում, այնպիսի մեկին, որին Թևիկը չկարողանար հակադրվել, որովհետև եղբոր ալարկոտությունն ու ամեն ինչ վաղվան գցելու վատ սովորությունը քաջ հայտնի էր կուրսեցիներին։ (Պատմելիս Անուշն, իհարկե, այդ մասերը բաց թողեց)։ Տղաները եկան ընդհանուր կարծիքի, որ, իրոք, խմբով գալը հիմարություն է, օգնելու տեղ, ընդհակառակն, կարող են խանգարել, և Անուշին հավաստիացրին, որ իրենք հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի Թևիկն անպայման հանձնի քննությունը և փոխադրվի հաջորդ կուրս, և որ թող Անուշը բոլորովին չանհանգստանա։ Եվ ահա Հարութը զանգել է։
–Թևիկ, ազնիվ խոսք, ես չեմ իմացել, որ հատկապես Հարութը պիտի գա,– մեղավոր տոնով շարունակեց Անուշը, իսկ հետո ավելացրեց.– Վերջ ի վերջո, հասկացիր, դու պետք է, չէ՞, հանձնես քննությունդ։
Թևիկը դժգոհ բարձրացնում է սև, թավ հոնքերը, խոժոռվում։ Մտացիր-ցավագին արտահայտությունը մի քանի վայրկյան դրոշմվում է նրա դեմքին։ Հետո նա գլուխը շրջում է պատի կողմը և փակում է աչքերը։ '' Կգա ու հոգիս կհանի,-դժգոհությամբ մտածում է նա։-Հազար անգամ լա՞վ չէր լինի մեկ ուրիշին ուղարկեին, քան թե նրան''։
Անուշը կրկին վերադառնում է ննջասենյակ և, լուսամուտագոգի առջև նստած, շարունակում է իր անավարտ նամակը ընկերուհուն։ ''Հարութը կարող է մտածել, թե ես հատուկ գնացել եմ, որպեսզի իրեն կանչեմ Թևիկի մոտ,-առկայծում է Անուշի մտքում։-Էհ, թող ինչ ուզում է մտածի''։
Անուշը Հարութին վաղուց գիտեր և , ինչպես նրան թվում էր, գիտեր շատ լավ, սակայն ճշտորեն բնորոշել իր վերաբերմունքը նրա նկատմամբ, այնուամենայնիվ, չէր կարողանում և, դրա համար էլ, գտնում էր, որ իր և Հարութի միջև ''բարդ և խճճված'' հարաբերություններ են ստեղծվել։ Ծանոթացել էին նրանք, ինչպես բոլոր ծանոթությունները, պատահականորեն։ Անցյալ տարի, ծննդյան տոների առթիվ, ինստիտուտում երեկույթ էր կազմակերպվել։ Անուշը եղբոր հետ գնաց այդ երեկույթին։ Մանկավարժական ինստիտուտի հանդեսային դահլիճը գեղեցիկ կահավորված էր։ Ամենուր աղմուկ էր, երաժշտություն, ծիծաղ։ Անուշը թավշյա զգեստով էր, որը շատ էր բռնում նրա թուխ, թեթևակի գունատ դեմքին։ Կուրսի տղաները մոտենում էին Թևիկին, նա քրոջը ծանոթացնում էր նրանց, և նրանցից մեկը՝ Հակոբը, աղջկա պես կոտրատվող մի տղա, Անուշին հրավիրեց պարի։