Выбрать главу

Թևիկը շատ էր փափագում, որպեսզի Անուշն այդ օրը տեսներ Գայանեին, ինքը հետո զարտուղի ճանապարհներով կիմանար Անուշի կարծիքը, նա հենց դրա համար էլ քրոջը վերցրեց հետը, բայց Գայանեն չկար, և դա բավականին գցեց Թևիկի տրամադրությունը։ Չէր երևում և Հարութը։

–Հարութին չե՞ս տեսել,-հարցրեց նա ընկերներից մեկին։

–Երևի ընթերցարանում է,-եղավ պատասխանը։

Անուշը սրտանց ծիծաղեց։

–Ընթերցարանու՞մ։ Ի՞նչ է անում նա ընթերցարանում։-Անուշին զարմանալի թվաց այն, որ փոխանակ այս տոնական օրը պարելու, ուրախանալու բոլորի հետ, նա ճգնավորի պես նստել է ընթերցարանում։ Այ քեզ բթամիտ։ -Թևիկ, աղաչում եմ, ծանոթացրու ինձ այդ ցնդածի հետ։

–Ինչու՞ է ցնդած։ Տես, հա, խելքիդ չփչի ձեռ առնես նրան,-զգուշացրեց Թևիկը։-Թե չէ, գիտեմ քեզ՝ սիրում ես բոլորին ձեռ առնել, պիտակներ կպցնել։

–Ե՞ս,-քթիկը նրբագեղորեն կնճռոտելով ծիծաղեց նա։

–Տեսնու՞մ ես՝ ինձ էլ ես ձեռ առնում՝ ''ե՞ս''։ Ինձ՝ ոչինչ, ես քո եղբայրն եմ, բայց նրա հետ գործ չունես։

–Ինչու՞,-մի տեսակ շինծու խռովկանությամբ հարցրեց քույրը։

–Որովհետև նա իմ մոտ ընկերն է, լուրջ տղա է և անլուրջ բաներ չի սիրում։

–Դե լավ, խոսք եմ տալիս, ծանոթացրու։

Նրանք երկար միջանցքով անցան, մտան ընթերցասրահ։ Մի խումբ տղաներ ու աղջիկներ լռին տարված էին ընթերցանությամբ, մի քանիսը ինչ-որ բան էին գրում։

–Այ, նստած է այնտեղ,-կամացուկ ասաց Թևիկը։

–Ո՞ր մեկն է։

–Ծաղկամանի ետևի անկյունում։

Անուշը ժպտաց, նա տղայի ուսերն էր տեսնում միայն և գլուխը, որ խոնարհված էր առջևը փռած լրագրին։ Թևիկը խստորեն նայեց քրոջը, շշուկով ասաց.

–Ես քեզ զգուշացրեցի, չէ՞, Անուշիկ. ոչ մի ծաղրական բան։

–Բոլորովին, բոլորովի՞ն։

–Բոլորովին, բոլորովին։

Անուշի համար ցավալի էր, որ Թևիկը կռահել էր իր մտադրությունը՝ ձեռ առնել այդ ճգնավոր տղային և, եթե Թևիկը հենց հիմա առաջարկեր իրեն վերադառնալ դահլիճ, ինքը մեծավ ուրախությամբ կհամաձայներ։

–Նրա հետ կատակ- բան մի արա, այդպիսի բաներ չի սիրում նա,-խոժոռվելով փնթփնթաց Թևիկը։

Դա խիստ կպավ Անուշին, նա բռնկվեց ներքուստ, սակայն չհամարձակվեց որևէ բան ասել. այնուամենայնիվ, եղբորից վախենում էր։ Նրանք մոտեցան Հարութին։ Հարութը բարձրացրեց գլուխը, և Անուշը նույնիսկ զարմացավ, տեսնելով, որ նա հաստ ապակիներով ակնոց է կրում։

Հարութի հագին մուգ կապույտ կոստյում էր և օձիքը բաց շերտանախշով սպիտակ վերնաշապիկ։ Նա հանգիստ նայում էր իրենց։ ''Անձեռմխելի անձնավորություն,– կնքեց Անուշը, համարյա ատելությամբ նայելով նրան։-Մի գրամ քաղաքավարություն անգամ չունի։ Գոնե վեր կենար տեղից''։

–Ողջույն, Հարութ,-ասաց Թևիկը և Անուշին թվաց, թե փաղաքշական ինչ-որ երանգ կար եղբոր ձայնի մեջ։ ''Ինձ համար է վախենում'',-վճռեց նա։

–Ողջույն,-պատասխանեց Հարութը աղջկա ներկայությունից շփոթված։

–Ծանոթացիր, սա իմ քույրիկն է։

–Անուշի՞կը։-Նա բարձրացավ տեղից, քաղաքավարությամբ խոնարհվեց ու լայն ժպտաց, ցուցադրելով իր միահավասար սպիտակ ատամները։-Բարև ձեզ, Անուշիկ։-Նա սեղմեց Անուշի ձեռքը, որը Անուշը պարզել էր՝ կանխապես սառը արտահայտություն տալով դեմքին։-Ահա թե ինչպիսին եք դուք…Գիտե՞ք, Թևիկը այնքան է պատմել ձեր մասին, ազնիվ խոսք…և գերազանց գնահատականներով եք սովորում, և երգում եք լավ և լավ պարում եք։ Երաժշտականում եք, չէ՞, սովորում։

–Ոչ, թատերական պարարվեստի։

Թևիկը կատաղաբար նայեց քրոջը։

–Կատակում է, Հարութ… Բժշկական տեխնիկումում է սովորում… Չէ՞ որ ես ասել եմ քեզ։

Հարութը թեթևակի կկոցեց աչքերը և ապակիների տակից հետաքրքրասիրությամբ ու դարձյալ մի քիչ էլ շփոթված կերպով ուղիղ նայեց Անուշի դեմքին։ Անուշը ցուցադրաբար շրջվեց մի կողմ։

–Թևիկ, գնանք դահլիճ,-ասաց նա։

–Գնանք,-աճապարանքով արձագանքեց Թևիկը։-Հարութ, արի մեզ հետ, ի՞նչ ես նստել այստեղ։

''Արտադրության զարգացման տեմպերի տեսակետից տոների նպատակահարմարության պրոբլեմն է որոշում'',-ներքուստ ծիծաղելով, մտովի ասաց Անուշը։

–Ազնիվ խոսք, ինքս էլ չգիտեմ։ Մի թերթ կար, մտա նայելու, ու այդպես էլ մնացի։ Ծիծաղելի է, չէ՞։ Դե, գնանք։

Նրանք անցան վառ լուսավորված միջանցքով, մտան դահլիճ։

–Անուշիկ, այս որտե՞ղ եք,-բացականչեց Հակոբը։-Ես էլ, ահա, ձեզ եմ որոնում։ Գնանք պարելու։

–Գնանք,-Անուշը ձեռքը մեկնեց նրան, և նրանք մտան պարահրապարակ։

Անուշը մի երկու անգամ անցողակի նայեց Հարութին։ Թևիկն ինչ-որ բան էր պատմում նրան, Հարութը մտացրիվ կերպով լսում էր, ժամանակ առ ժամանակ թռուցիկ հայացքներ ձգելով պարողների կողմը։

Անցել էր մի քանի օր։ Անուշն արդեն սկսել էր մոռանալ Հարութի մասին, երբ հանկարծ, միանգամայն անսպասելի, երեկոյան նա ինքը եկավ իրենց մոտ։

Ամբողջ երեկոյան նստեց առանց մի խոսք ասելու։ Անհարմար ու ձանձրալի էր։ Թևիկն ինչ-որ պատմություն սկսեց։ Հարութը, հավանորեն, հանուն քաղաքավարության, ուշադիր նայում էր նրան, սակայն երևում էր, միտքն ուրիշ տեղ էր, չէր լսում։ Հետո Թևիկն առաջարկեց շախմատ խաղալ։ Հարութը համաձայնեց, բայց տաս քայլ չարած, պարզասրտորեն ժպտալով, խաղատախտակի վրայից ձեռափով խաղաքարերը թափեց սեղանին։ ''Թևիկ, խաղալ չգիտես'',-ասաց նա։ ''Անտաշ'',-քիչ մնաց նետեր Անուշը, ցասումով փայլատակող աչքերով նայելով նրա կողմը։ Այնուհետև վեր կացավ և, առանց ներողություն խնդրելու, գնաց քնելու։