Հարութը շարունակում էր լուսամուտից նայել դուրս, ուր մանրիկ անձրև էր սկսել։ Որպեսզի թաքցներ հուզմունքը՝ նա խոսեց հանդարտ ու ցածր ձայնով.
–Երբ առաջին անգամ տեսա քեզ ընթերցասրահում… Հիշու՞մ ես, դու զայրացկոտ շրջվեցիր ինձնից… Հետո մեր կուրսի Հակոբի հետ գնացիք պարելու… Թե իմանայիր ինչպես էի նախանձում ես նրան այդ պահին…
Հարութը կանգ առավ։ Հետո հանկարծակի շրջվեց Անուշի կողմը և, ուղիղ նայելով նրա սևորակ աչքերին, որոնց մեջ ինչ-որ ձգող ու շատ հարազատ բան կար, ասաց.
–Դու գիտե՞ս, թե ինչքան ծանր է, երբ ահա այսպես սիրում ես…Շատ խորունկ կերպով սիրում ես, իսկ քեզ ծաղրանքով, քամահրանքով են պատասխանում, և դու չգիտես նույնիսկ, թե ինչու… Չէ՞ որ դու չգիտես ինձ, դու նույնիսկ չկամեցար խոսել ինձ հետ։ Ես գալիս եմ ձեզ մոտ, իսկ դու փակվում ես սենյակում։ Միթե՞ այնքան ատելի եմ ես, որ ինձ նայելն անգամ տհաճ է քեզ համար… Այո, դու կարող ես չսիրել ինձ, դա քո գործն է, բայց հենց այնպես, մարդկայնորեն, հարգալից ձևով, գոնե որպես քո եղբոր ընկերոջ հետ, խոսել կարո՞ղ ես, միթե՞ դժվար է դա։
Եվ նա այդ ամբողջն արտաբերեց այնպիսի մի հուսաբեկ թախիծով, որ Անուշի շունչը կանգ առավ։ Եվ նրա ողջ ''կատաղությունը'', ողջ ''ատելությունը'' միանգամից, ասես հովի մի թեթև շրշյունով, իսպառ չքացավ։ Սիրտը արագ սկսեց բաբախել, շփոթվածության սարսափելի զգացումը ակնթարթապես պարուրեց նրան։ Նա, մի տեսակ վախեցած, մտածեց այն մասին, որ այդ խոսքերից հետո Հարութը կարող է թողնել ու գնալ։ Չգիտես ինչու, ինքը չեր ուզում, որ նա գնար։ Նա անզուսպ ցանկություն ունեցավ պահել նրան, թե ինչու՞ այդպիսի տարօրինակ միտք ծագեց իր մեջ՝ Անուշը բացատրել չէր կարող, բայց այն, որ նա չէր ուզում, որպեսզի Հարութը թողներ ու հեռանար՝ հաստատ էր։ Նա պատրվակ էր որոնում որևէ կերպ պահել նրան, խոսակցության որևէ նյութ գտնել՝ կարևոր թե անկարևոր, նշանակություն չունի, միայն պահեր նրան իր մոտ։
–Դու այստեղ, քաղաքու՞մ ես ապրում,-մի բան ասած լինելու համար հարցրեց Անուշը։-Այսինքն, քաղաքու՞մ ես ծնվել։
–Ուսանողական հանրակացարանում եմ ապրում, բայց ծնվել եմ գյուղում։ Մինչև ընդունվելը նույնպես գյուղում էի ապրում։ Հացի գյուղ՝ լսած կա՞ս։
–Հացի՞,-ժպտաց Անուշը։-Չեմ լսել։ Բայց միթե՞ այդպիսի անունով գյուղ կարող է լինել։
–Ինչու՞ չի կարող լինել, եթե կա։ Վաչագան թագավորը իր նստավայր Պարտավ քաղաքից, որ հիմա կոչվում է Բարդա, եկել էր մեր գյուղ՝ աղջիկ ուզելու։ Աղբյուրի մոտ նա հանդիպում է մեր գյուղացի Անահիտ անունով մի աղջկա, որը անչափ գեղեցիկ գորգեր էր գործում և ինքն էլ չտեսնված գեղեցկուհի էր։ ''Եթե արհեստ ունես, ասում է թագավորին, իմ համաձայնությունը կտամ, եթե ոչ, ուրեմն ամուսնության մասին խոսք լինել չի կարող''։ Վաչագան թագավորին դուր է գալիս նրա իմաստուն խոսքը, հետագայում, արհեստ սովորելուց հետո, նա ամուսնանում է Անահիտի հետ, և այդ օրվանից աղբյուրն այդ կոչվում է Անահիտի աղբյուր։ Հիմա էլ կա այդ աղբյուրը։
–Քո ծնողներն այնտե՞ղ են ապրում։
Հարութը քիչ լռեց, ասաց.
–Այո…Մայրս բժշկուհի է, իսկ հայրս կոլտնտեսությունում էր աշխատում, ագրոնոմ էր։ Այս կռվում ռմբակոծության ժամանակ սպանվեց մեր տան բակում…Փոքր քույր էլ ունեմ, վեցերորդ դասարանում է սովորում։
–Իմ հայրը նույնպես զոհվեց… Ավելի ճիշտ, մենք չգիտենք նույնիսկ՝ իրականում զոհվե՞ց նա, թե գերի վերցրեցին, որովհետև շատերին են գերի վերցրել այդ օրը: Ամեն ինչ այնպես միանգամից եղավ։ Բայց մեկ-մեկ լսում ենք, որ, իբր, տեսնող է եղել՝ սպանվել է։ Մի օրվա մեջ մոտ հարյուր մարդ էր զոհվել։ Նույնիսկ պառավ կանանց չեն խղճացել…Երբ պապաս կար, մենք երջանիկ էինք, նա շինարարությունում էր աշխատում, իսկ մայրս՝ Բաքվի Վոլոդարսկու անվան կարի ֆաբրիկայում։ Թևիկը սովորում էր դպրոցում, իսկ ես դեռ փոքր էի։ Բայց ամեն ինչ հիշում եմ, ճիշտ է, աղոտ կերպով, բայց հիշում եմ, փակում եմ աչքերս,-Անուշը մի կիսավայրկյան փակեց երկար թարթիչներով իր աչքերը,-փակում եմ աչքերս և ամեն ինչ, ոնց որ մշուշի մեջ, երևում է. ինչպես էին ռուս զինվորականները մեր շքամուտքի մոտ երկշարք կանգնել, և մենք նրանց արանքներով գնում էինք դեպի մեքենաները, քամի էր, ձնախառն անձրև էր տեղում և շատ ցուրտ էր,նավն եմ հիշում, և այն, թե ինչպես էր փայլփլում ջուրը, թեև արև չկար, և դարձյալ մշուշի մեջ, ոնց որ երազում, տեսնում եմ այն երկու աղջկան, որ իրենց գցեցին ծովը։ Հետո այլևս ոչինչ չեմ հիշում, միայն միտս է, որ նավը շարունակ օրորվում էր, և ես սաստիկ վախենում էի, որ այն կխորտակվի։ Ուրիշ ոչինչ չեմ հիշում։ Թևիկը լրիվ հիշում է։ Չէ՞ որ նա արդեն մեծ էր, երբեմն նստում, մայրիկի հետ խոսում են այդ մասին, ես դա չեմ հիշում, բայց նրանք ասում են, որ երկու հարյուր հիսուն տեղանոց նավում հազար յոթհարյուր մարդ կար, բոլորը՝ ծեծված, բոլորը՝ ջարդված դեմքերով, նավից ետ էին նայում դեպի քաղաք ու լաց էին լինում։ Այդ մասին խոսելիս մայրիկի աչքերը շարունակ արցունքոտվում են։ Թևիկը բանաստեղծություն ունի այդ մասին, ուզու՞մ ես կարդամ։ Կարող է քեզ դուր չգա, բայց ես հավանում եմ։ Մայրիկին նույնպես դուր է գալիս, երբեմն-երբեմն նրա համար արտասանում եմ, և մայրիկը լուռ արտասվում է։ Չէ՞ որ նրա ծնողներն այնտեղ զոհվեցին։ Կարդա՞մ։