–Կարդա,-ասաց Հարութը և ծխախոտատուփից մի գլանակ հանեց։ Բայց չծխեց։
Անուշը ելավ տեղից, աշակերտուհու պես կանգնեց ուղիղ, ձեռքերը սեղմած կողքերին, և արտասանեց.
–''Բաքու''։ Բանաստեղծություն, հեղինակ՝ Թևան Ասրիյան։
Հարութը, նայելով Անուշի մանկականորեն բեմական հուզական կեցվածքին, ճիգով պահեց իրեն, որ չժպտա, միաժամանակ անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ։
–Եթե դուր էլ չգա, միևնույն է, չընդհատես,-զգուշացրեց նա և կարդաց.
Մնաս բարով, Բաքու,
Հարազատ ու սիրելի,
Լուսապայծառ տեսքը քո
Արդյոք, կտեսնե՞նք էլի։
Երկնային դու դրախտ,
Բաքու, Բաքու, վշտալից
Որդիներդ տարաբախտ,
Հեռանում են քեզանից։
Հեռանում ենք մենք տրտում՝
Մեռածներին մեր թողած,
Նրանց ոգին մեր սրտում
Հավիտյանս անթեղած։
Լացակումած հեռանում,
Հեռանում ենք քաղաքից,
Գայլի ոհմակն է ոռնում
Գնացողների քամակից։
Օրորվում է ծովը լուռ,
Հրաժեշտի ծփանքով,
Խոր վշտի մեջ մենք անլուր
Ետ ենք շրջվում արցունքով։
Ետ ենք շրջվում, քեզ Բաքու,
Մի անգամ էլ նայելու,
Չէ՞ որ գիտենք դեմքը քո,
Ավաղ, էլ չենք տեսնելու։
Անուշն արագ նստեց իր տեղը, ասես մեկ ուրիշը կարող էր զբաղեցնել այն, և իր լուսաջինջ աչքերով նայեց Հարութին, որն այդ պահին ուզում էր վառել գլանակը, բայց լուցկու հատիկները, չգիտես ինչու, փշրվում էին մեկը մյուսի ետևից։
–Դու գիտե՞ս, որ սա մեր տունը չէ,– ասաց Անուշը՝ ուրախ, որ խոսակցության թեմա գտավ։
Հարութը գուցե և գիտեր այդ մասին, բայց, այնուամենայնիվ, հարցրեց.
–Իսկ ու՞մն է։
–Մեր հեռու բարեկամներից մեկի բնակարանն է։ Նրանք տասը տարվա պայմանագրային կարգով մեկնել են Գերմանիա։ Մինչ այդ ղարմետաքկոմբինատի հանրակացարանում էինք ապրում… Տան վարձ չենք տալիս, մենակ կոմունալ կենցաղային ծառայությունների համար ենք վճարում։ Տանն ինչ կա՝ նրանցն է, մերը՝ տան հետ միասին, լրիվ մնաց թուրքերին։-Նա մտածեց՝ էլ ի՞նչ նյութ գտնի՝ խոսակցությունը շարունակելու համար։– Մեր Թևիկը գիտե՞ք ինչքան սրտից բարակ է, -ասաց նա։-Ցրտահարված մի ճնճղուկ էր գտել, բերեց տուն, խնամեց, փայփայեց, կտուցը պաչելով կենդանացրեց ու բաց թողեց լուսամուտից։ Ուրախությունից քունը չէր տանում, հետո այդ ճնճղուկը հաճախակի գալիս, լուսամուտի դիմաց, բարդու ճյուղերին նստած, ճտճտացնում էր։ Իսկ Բաքվում մի անգամ գիտե՞ս ինչ է եղել,-Անուշը գլուխն օրորելով ծիծաղեց։-Առաջին դասարան էր գնացել, երկու թե երեք օր չէր անցել, մի հայ տղայի հետ եկավ՝ փոքր, լղար, անունը Վիգեն, փչեիր՝ կընկներ։ Հայրիկս շատ էր սիրում Թևիկին,տեսնում էր թե չէ՝ գրկում, փաղաքշում էր, բայց այդ տղայի մոտ չթողեց, որ հայրիկը գրկի իրեն, պատին քսվելով ետ-ետ գնաց։ Հետո ի՞նչ պարզվեց։ ''Այդ տղայի մոտ ինձ մի գրկիր, ասաց, նրա հայրը նոր է մահացել''։ Պատկերացնու՞մ ես։ Առաջին դասարանում։ Հայրս շատ վշտացավ։ Գիտե՞ք ինչու։ Ասաց՝ ''Այդպիսի սրտով սա ո՞նց է ապրելու այս աշխարհում''։ Մայրս էլ է միշտ կրկնում այդ խոսքը։-Անուշը քիչ հապաղեց, ասաց.-Ուզում եմ աշխատանքի տեղավորվել։
–Ինչպե՞ս,-զարմացավ Հարութը։
–Մայրիկին չեմ ասել դեռ, Թևիկն էլ չգիտի։ Դու էլ չասես, լա՞վ։
–Լավ,-գլխով արեց Հարութը։– Իհարկե, չեմ ասի։
–Արձակուրդներին մարզային հիվանդանոցում սանիտար եմ աշխատելու,-պարզաբանեց Անուշը։– Այդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը դասավանդում է մեզ։ Ես նրան խնդրեցի, և նա չմերժեց։ Նույնիսկ ասաց, որ ավարտելուց հետո կվերցնի աշխատանքի։ Մայրիկիս օգնել եմ ուզում։ Երկու հերթափոխության է աշխատում։ Թող մի հերթափոխության աշխատի։ Ես ոչ մի բանից չեմ խորշում, նույնիսկ բավականություն եմ զգում, երբ մարդկանց օգնում եմ։ Ամեն ինչ կանեմ, միայն թե մայրիկիս հոգսը քիչ թեթևացնեմ։ Նա չի ասում, բայց ես հո տեսնում եմ, թե ինչքան ծանր է նրա համար։
Միառժամանակ նրանք լուռ էին։ Մեղմիկ երաժշտության ախորժալուր հնչյունները շարունակում էին տարածվել կիսամութ սենյակում։ Հարութը կրկին մոտեցավ լուսամուտին, այդպես լռիկ կանգնեց մի պահ։ Նա ձեռափերը մոտեցրեց սառը ապակուն և ապակու պաղությունը դանդաղորեն սկսեց բարձրանալ նրա ձեռքերն ի վեր։ Այնուհետև, նայելով Անուշին, կամացուկ, բայց ոչ այն տոնով, որով իր սերն էր խոստովանել նրան, ասաց.
–Մոռացիր այն ամենը, ինչ ես քիչ առաջ ասացի քեզ։ Պարզապես ուզում էի, որ դու իմանայիր այդ մասին։– Մտքերի մեջ խորասույզ՝ նա սկսեց մատներով շփել ճակատը։
Անուշն ուշադիր նայում էր նրան։
–Ցու՞րտ է քեզ։
–Ոչ…-շշնջաց Հարութը։
–Չեմ լսում։
–Չէ, իհարկե։
Հարութը հազիվ նկատելի ժպտաց։ Նա հեռացավ լուսամուտից և, նստելով իր նախկին տեղը, հանեց ծխախոտատուփը, սակայն դարձյալ չծխեց, այլ սկսեց մատների մեջ ճմրթել գլանակը, հետո ամբողջ ծխախոտը լցրեց մոխրամանի մեջ, այնտեղ գցելով նաև դատարկ պարկուճը։ Մի կարճ պահ երկուսով լուռ էին։ Անուշը վերջապես թողեց իր անդադար խաղը՝ կարմիր նախշերով գորգի ծոպերի հետ, չիմանալով ուր թաքցնել ձեռքերը, ասես դրանք սաստիկ խանգարում էին նրան՝ կողմնորոշվելու, և վախվորած նայեց Հարութին, որը նստել էր, մի ձեռքով հենված սեղանին, իսկ մյուս ձեռքով ուժեղ շփում էր քունքը։