Երգը հնչեց աղջկանց՝
Կանաչկարմիր շորերով…
Իսկ այն ժամանակ, հիշում է, հեռվում, կիսաթափանցիկ կապտագույն մթության մեջ մի կարճ պահ ցոլցլաց Թարթառը։ Թարթառից այն կողմ, Հաթերք գյուղից էլ վեր՝ Մռավա սարի գագաթներին նստած ձյունը շողշողաց արևից։ Այս ու այնտեղ, ոչ այն է քիչ այն կողմ, բլրակին, ուր ծաղկած ավելը տարուբերվում էր վաղորդյան սյուքից, ոչ այն է կորնգանի կարմրավառ ալիքվող արտերում ու ոչ այն է մոտակա մարգագետնում, հնչեց արտույտի բյուրեղյա ձայնը, հետո կլկլացրին մարգարտալորերը, գետից այս կողմ դայլայլեց դեղձանիկը, քաղցրածոր երգեցին կեռնեխները, և դա այնքան սրտառուչ, այնքան հուզիչ ու հեքիաթային էր, որ Թևիկը չդիմացավ, ճիշտ հիմիկվա պես՝ աչքերը լցվեցին երանելի սքանչանքից։ Նա երջանիկ էր, որ չզոհվեց երեկ, որովհետև շրջափակման մեջ էին ընկել, ռացիայով օգնություն խնդրեցին, ուրիշ ջոկատներից համալրում եկավ՝ Վոլոդյա Բալայանի ու Նորիկ Դանիելյանի գլխավորությամբ, և իրենք կռվելով դուրս եկան շրջափակումից, նա արտասվում էր գուցե և այն բանի համար, որ, իրոք, չզոհվեց երեկ, չէ՞ որ Իգորի մոր պես՝ իր մայրն էլ չէր դիմանա իր կորստին, չզոհվեց և ահա տեսնում է նոր օրվա լուսաբացը՝ իր բազմերանգ գույներով, կկվի տրտմագին կանչով, դեղձանիկի ու կեռնեխի դայլայլով, արտույտի բյուրեղյա ձենով, մարգարտալորի կախարդական երգով, ճնճղուկների ցաքուցրիվ երամով, որ շրջան կազմած՝ մի երկու պտույտ արեցին ու անցան բլրի վրայով… Թևիկն այս բանաստեղծությունը չի տա Հարութին՝ կարդալու, ոչ միայն նրա համար, որ կարող է ասել ''երկարաշունչ ոտանավոր է'', այլ, որովհետև նա իսկույն կհասկանա, որ Գայանեին է ձոնված այն, նրա մասին է, որովհետև ոչ միայն Հարութը, կուրսեցիներից ով էլ որ կարդա՝ իսկույն կհասկան դա, ախր, ուրիշ էլ ում մասին կարելի է այդպես գրել, եթե ոչ Գայանեի, և Թևիկի միտքը կրկին վերադարձավ Գայանեին, և բաղձալի տողերը՝ նրա մասին, մեղեդու պես վերստին հնչեցին նրա հոգում.
Ասա, անգին,
Ի՞նչ անեմ ես,
Որ հասկանաս
Դու իմ հոգին։
Հո չե՞ս ուզում,
Սիրուց գերված՝
Ես խենթանամ,
Եվ ամենուր,
Եվ ամեն օր,
Գիշեր ու զօր,
Նաև պատեհ
Ու անպատեհ,
Արցունքն աչքիս
Անունդ տամ,
Ճամփադ պահեմ։
Ասա դու ինձ,
Ի՞նչ անեմ ես,
Որ ինձ սիրես.
Ախր, շատ եմ
Տարված քեզնով,
Իմ անուշիկ։
Արար աշխարհ
Գնա ման եկ,
Իմ աննման,
Գտիր մեկին,
Որ քեզ սիրի
Նա ինձ նման…
Ինչ-որ մեկը կարճ, սակայն եռանդուն, ծեծեց դուռը։ Թևիկը բանաստեղծությունների տետրը խոթեց ներքնակի տակ, սեղանից վերցրեց պատմության գիրքը, բաց արեց, դրեց կողքին։ Միջանցքում լսվեց Հարութի ծանոթ ձայնը։
–Մի անգամ էլ բարև, Սաթենիկ մորաքույր։ Քնա՞ծ է Թևիկը։
–Չէ, Հարութիկ ջան, քնած չի, -արձագանքեց մայրը։– Քնած չի, ցավը թողնու՞մ է, որ քնի։
–Էհ, Սաթենիկ մորաքույր, մի հավատացեք նրան։ Ձևացնում է,-ասաց Հարութը։ Ձայնից երևում էր՝ կատակում է։ Թևիկը լսում էր՝ բազուկով ծածկած աչքերը։ ''Աշխարհն էլ փուլ գա, չի հավատալու,-քրթմնջաց նա։– Ասելու է՝ ինքնաներշնչում է… Նրա համար ամեն ինչ ինքնաներշնչում է։ Նոր Զիգմուդ Ֆրեյդ է հայտնվել գլխիս՝ իր հոգեվերլուծական տեսություններով''։
–Դե, լավ, ու՞ր է նա՝ մեր ժամանակի հերոսը։
Հարութը ձեռքերը քիչ առաջ պարզած, ետ սանրած սև մազերով, գլուխը թեքած մի կողմի, արագ քայլերով շրջանցելով սեղանը, մոտեցավ Թևիկին, կանգնեց նրա դիմաց։ Եղջյուրե մեծ ակնոցը համարյա զբաղեցնում էր նրա լայն ու կլոր դեմքի կեսը, ապակիների արանքում ասես սեղմելով ոչ մեծ, թեթևակի վեր ցցված քիթը։
–Հը, ինչ է, Թևիկ, պառկած հանգստանում ենք, հա՞,-քիչ փքուն նրա շուրթերը ժպտում են, բայց աչքերը ակնոցի տակից նայում են ուշադիր։
–Ողջույն, Հարութ… Նստիր։
–Վա՞տ ես զգում քեզ։
–Շա՜տ… Հասկանու՞մ ես…ես…ջերմությունս էլ շատ բարձր է…-հոգնած բացատրում է Թևիկը և նրա զսպված թավ ձայնի հնչյուններում ակամայից կեղծության թախծագորով երանգներ են որսվում։ Թևիկը զգաց դա։ Նա անցողակի նայեց Հարութին. արդյոք, նա նույնպե՞ս զգաց։ Չէ, ոնց որ չնկատեց… Բայց չի իմացվի, խորամանկի մեկն է՝ չես խաբի։ Իրեն հատուկ շտապկոտությամբ, Հարութը հանում է ամառային կապույտ կուրտկան, հագցնում է այն բազկաթոռի թիկնակին, մնալով սպիտակ վերնաշապիկով։ Այնուհետև արագ մոտենում է լուսամուտին՝ բացելու լուսամուտափեղկը, սակայն, հիշելով Թևիկի ջերմության մասին, վերադառնում, նստում է սեղանի մոտ, դեմքով ննջարանի կողմը։ Անուշն այնտեղ է։
''Ոնց որ թե տեսավ ինձ'', մտածում է Անուշը, նայելով մինչև վերջ չփակված դռան նեղլիկ անցքին։ Թե չի՞ տեսել։ Ախր, ինչու՞ եմ այսպես վախենում… Հիմա դուրս կգամ և, առանց այլևայլության, կասեմ. ''Բարև, Հարութ, ներիր, զբաղված էի, չկարողացա դուրս գալ։ Եվ վերջ''։ Սակայն շարունակում է մնալ նստած։ Չի ելնում տեղից։
–Իսկ բժիշկն ի՞նչ է ասում,-հարցնում է Հարութը, նայելով Թևիկի այտերի կարմրությանը։
–Ի՞նչ պետք է ասի բժիշկը… Ասում է՝ մոռացիր քննության մասին։
–Ինչու՞,-Հարութն ուզում է հարցուփորձով պարզել, թե կոնկրետ ի՞նչ է ասել բժիշկը։
–Չգիտեմ։
–Եվ դու որոշել ես մոռանա՞լ։
''Վերջ, կպել է ու պոկ չի գալու,-դժգոհ մտածում է Թևիկը։-Մեկ ուրիշին ուղարկեին՝ իսկույն կհասկանար, իմ վիճակի մեջ կմտներ, իսկ սա… հազար հարց է տալու''։