–Ես չեմ որոշել, այլ բժիշկը։
–Իսկ դու՞։
–Ե՞ս։
–Այո, դու։ Դու՞ ինչ ես որոշել։
–Ես ի՞նչ պիտի որոշեմ։ Բժիշկն է որոշողը։
–Դու ես որոշողը, այլ ոչ թե բժիշկը,-խստորեն ասում է Հարութը։
–Դե, ես ի՞նչ…
–Ինչպե՞ս թե՝ ինչ։ Հարկավոր է հանձնել քննությունը։
–Դե, ես ի՞նչ եմ ասում որ,-կմկմում է Թևիկը, մտքում կշտամբելով նրան. ''Ասացի չէ՝ կպավ, պոկ չի գալու''։
–Սկսու՞մ ենք։
–Սկսում ենք,– դժկամորեն արձագանքում է Թևիկը և իր համար ևս անսպասելի, ասում է.-հիմա կսկսենք։
''Հետաքրքիր է,-զարմանում է Անուշը, իսկ առավոտվանից նվնվում էր. ''ցավում է, մեռնում եմ…''։ Նա հեռվից գողունի հետաքրքրասիրությամբ նայում է Հարութին. նրա խստավուն դիմագծերը Թևիկի խոսքերից հետո մեղմանում են։
–Դե, ուրեմն, չարժե ժամանակ կորցնել,-ասում է Հարութը, ձեռքն առնելով կոնսպեկտները։ ''Չէ, հարկավոր է դուրս գալ, մտածում է Անուշը։-Հետո ուշ կլինի, և այնքան էլ գեղեցիկ չի ստացվի''։ Բայց դարձյալ չի ելնում նստած տեղից. ինչ-որ անբացատրելի և բոլորովին ոչ իրեն յուրահատուկ երկչոտություն ստիպում է նրան մնալ իր տեղում։
–Տեղաշորս ուղղենք՝ սկսում ենք։
Հարութը մոտենում է խոհանոցի դռանը։
–Սաթենիկ մորաքույր, տեղաշորը մի քիչ ուղղել է պետք։
Մայրն արագ ելնում է խոհանոցից։
–Մամա, թափ տուր բարձս և մեկն էլ բեր։ Սկսում ենք պարապել։
Մայրը զարմացական մի հայացք է ձգում Հարութին, որի դեմքին բարեհաճ ժպիտ է տարածվում։ ''Ասես ներսից լույս ճառագեց'',-մտածում է Անուշը։
–Այո,– ի պատասխան Սաթենիկ մորաքրոջ զարմացական հայացքին, ասում է Հարութը։-Թևիկի արարքն այսօր պետք է համարել հերոսական։
–Դու էլ այնպիսի բան կասես,– քիչ շփոթված ասում է Թևիկը, այնուամենայնիվ գոհ ընկերոջ տված գնահատականից։ Նա ինքն էլ ուրախ է իր կայացրած վճռից՝ պատրաստվել քննության, ինչ էլ որ լինի, և ինչ-որ տեղ համաձայն է այն մտքին, որ իր քայլն իրոք իսկական տղամարդու քայլ է։
Մայրը մի անգամ ևս նայում է որդուն և նրա հոգում երկու տարբեր զգացում են խլրտում՝ հպարտություն որդու հանդեպ և տագնապ՝ նրա առողջության համար։ Նա գնում է մյուս սենյակ՝ բարձը բերելու։
Անուշն արագ գլուխը խոնարհում է սեղանին՝ գործնականորեն նոր ամսաթիվ դնելով ընկերուհուն ուղարկվող նամակի տակ։
–Դու դեռ չե՞ս ավարտել նամակդ։
''Աստված իմ, ախր, նա ինչու՞ է այդպես ճչում…Միթե՞ չի կարող քիչ կամաց…''։
–Ոչ, ես…ես արդեն վերջացրի, մամա։
Նա ելնում է տեղից և դատապարտվածի պես գնում է կրնկի վրա բացված դռան կողմը։
Հարութը շրջվում է Անուշի ձայնի վրա և բարձրանում նրան ընդառաջ։
–Բարև, Անուշիկ,-ասում է նա մեկնելով ձեռքը, և Անուշը միանգամայն պարզ հասկանում է, որ Հարութն իրեն տեսել է այստեղ գալու հենց առաջին վայրկյանից։
–Բարև, Հարութ… Կներես…Ես…ես զբաղված էի… Նամակ էի գրում ընկերուհուս։ Նստիր, ինչու՞ ես կանգնել։
–Վերջացե՞լ են ձեր քննությունները,-հարցնում է Հարութը և, մի կերպ սքողելով շփոթմունքը, նստում է իր տեղը։
–Էհ, բախտավոր մարդիկ են,-խոսակցությանը խառնվելով, երանությամբ ասում է Թևիկը։ -Իսկ մենք ամբողջ երկու օր պիտի տքնենք։ -Նա կիսապառկած է անկողնում՝ վիրակապերով փաթաթված ծանր ոտքը առաջ մեկնած, մեջքով թիկնած փափուկ բարձերին։
–Ասես Իրանի շահնշահ Փեհլևին լինի,– ծիծաղում է Հարութը, գրպանից հանելով ծխախոտատուփը։ – Ծխու՞մ ես։
–Ոչ։
–Ոնց կուզես։ Միայն, նայիր, հետո չեմ թողնելու։-Նա կոնսպեկտները քաշում է դեպի իրեն և, շրջվելով Անուշի կողմը, անչափ մեղմ ձայնով ասում է.-Իսկ հիմա, Անուշիկ, դու արդեն մեզ խանգարում ես,– և, ասածին ավելի մեղմացուցիչ տոն տալու համար, ավելացնում է,-մենք շատ քիչ ժամանակ ունենք։
Սակայն Անուշը չի էլ վիրավորվում, նա ըմբռնումով գլխով է անում և, արդեն սենյակից դուրս գալիս, իր ետևում լսում է Հարութի ձայնը.
–Այսպես, ուրեմն։ Թեման կոնսպեկտով կարդում եմ մինչև վերջ։ Ինչ կարդացի՝ պատմելու ես։ Հոգնեցիր՝ ասում ես, բայց ավելի լավ կլինի, որ առհասարակ մոռանաս ոտքիդ մասին։
Թևիկը հառաչում է.
–Լավ, լավ… Մի տես ի՜նչ գործնական է դառել։
Վարպետորեն թաքցնելով քմծիծաղը, Հարութը գլուխը խոնարհում է հաստափոր տետրին. նա շատ լավ գիտի, որ եթե նրա հոգու վրա չկանգնես՝ չի պարապելու։
Անուշն իր ետևից ամուր փակում է դուռը։ Հետո մոտենում է գրքերի պահարանին, ծրար է որոնում, որպեսզի նամակն ուղարկի, սակայն չի գտնում։ Այնուհետև վերցնում է Դովլաթովի պատմվածքների ժողովածուն, որ ընկերուհիներից մեկն է վերջերս տվել իրեն կարդալու, և սկսում է կարդալ նրա պատմվածքներից մեկը։ Սերգեյ Դովլաթովի մասին Անուշը եղբորից է լսել, կարդում է անսահման հաճույքով և զարմանում է, որ այդպիսի տաղանդավոր գրողի ստեղծագործությունները արգելված են եղել Սովետական Միությունում։
Մյուս սենյակից հազիվ լսելի, սակայն անդադար հնչում է նույն ձայնը: Հարութի ձայնն է. նա է կարդում։
Դուռը դանդաղորեն բացվում, անաղմուկ ներս է մտնում մայրը։
–Թևիկ ջան, ո՞նց ես, մաման մատաղ, չե՞ս հոգնել։