–Ոչ, մամա,-խոր հոգոցով պատասխանում է Թևիկը։-Մենք ընդմիջումներով ենք պարապում։
Ձայներ լսելով՝ Անուշը դուրս է գալիս իր սենյակից։ Նստելով եղբոր ոտքերի մոտ, մահճակալին, նայում է Հարութին, բայց, հանդիպելով նրա հայացքին, շփոթված ասում է.
–Մեր Թևիկը կեցցես, չէ՞։
Հարութը ժպտում է.
–Բա, ասացի, չէ՞, հերոսական արարք է նրա արարքը։
Սակայն Թևիկի վրա ոչ մի գովեստ չի ազդում այլևս. նա հոգնել է։ Նրա դժգոհ տեսքը զգաստացնում է Հարութին։ Ժպիտը չքանում է նրա դեմքից։ Ընդհանուր տետրից առանձնացնելով շուրջ երեսուն էջ, Հարութը ցույց է տալիս Թևիկին, միաժամանակ գրպանից հանելով անվանական ժամացույցը, որի մասին Թևիկն ասել էր քրոջը։
–Չորսին հինգ է պակաս։ Հինգ րոպե ընդմիջում՝ առաջ ենք անցնում։
Թևիկը չի առարկում՝ անօգուտ է։ Երկուսից հինգ րոպե՝ Հարութի սահմանած կարգն է՝ ոչ մի ավել վայրկյան։ ''Չէ, սա հաստատ հոգիս հանելու է'',-կնճռոտվում է Թևիկը։
–Թևիկ, ուզու՞մ ես քիչ մասաժ անեմ ոտդ,-ասում է մայրը, կարեկցությամբ նայելով որդուն։
Թևիկը սրտանց կուզենար, իհարկե, ասել՝ ''հա, մամա'', բայց հայացքով որսալով Հարութի ակնոցի սառը փայլը, ոչինչ չի ասում։ Այդ փայլի ետևում չեն երևում Հարութի աչքերը, բայց Թևիկը զգում է. դրանք համարյա ուղղված են իր քթարմատին, և նա այդ աչքերում ասես կարդում է. ''Դե, ասենք թե մի քիչ թեթևացավ ոտքիդ ցավը, դրանից որևէ բա՞ն է փոխվելու, ժամանակ ենք կորցնելու միայն, և ուրիշ ոչինչ''։
–Չէ, մամա, պետք չի, ես ինձ լավ եմ զգում։ ''Քննությունը վերջանա, կգնամ վիրահատության,-մտածում է նա։-Այդ անիծյալ բեկորից է այս ամբողջ ջերմությունն ու տառապանքը''։
–Սաթենիկ մորաքույր, դուք նրան բոլորովին քնքշակյաց եք դարձրել, -դարձյալ ժպտում է Հարութը։-Այդպիսի վերաբերմունքից հետո նա կարող է երևակայել, թե իրոք լուրջ հիվանդ է, այնինչ ինքնաներշնչում է, ուրիշ ոչինչ։
–Ախր, Հարութիկ ջան, երեսի գույնից տեսնում եմ, չէ՞…-և հանկարծ ինչ-որ հիշելով ասում է.-կաց մի հատ չափենք ջերմությունը։
–Նա ոչ մի ջերմություն էլ չունի, Սաթենիկ մորաքույր։ Մի՞թե ես չեմ տեսնում,-նա թեքվում, ձեռքը դնում է ընկերոջ ճակատին։-Ասում եմ, չէ՞, ոչ մի ջերմություն։ Թևիկ, ինքդ ասա, ու՞ր է այստեղ ջերմությունը,-նա կիսաշրջվում, դառնում է Անուշին,-Անուշիկ, նայիր, ես ճի՞շտ եմ ասում, թե չէ. ոչ մի ջերմություն էլ չկա։
–Հա, ոնց որ թե չկա, -մրմնջում է Թևիկը։
Անուշը նայելով եղբորը, ծիծաղում է աղջկական իր քաղցրաձայն ծիծաղով։ Բայց մայրը ոչ ոքի չի լսում, նա սառը ջերմաչափը զգուշորեն դնում է որդու թևատակին։
Ուղիղ ժամը չորսին Հարութը վերցնում է տետրը։
–Սկսու՞մ ենք։
–Սպասիր,– զայրալից ասում է Թևիկը։-Աստված, սա ի՞նչ մարդ է, չեմ հասկանում,– մռայլորեն ավելացնում է նա, թևատակից հանելով ջերմաչափը։ Սակայն նա չի հասցնում նայել թվերին, որովհետև մինչ նա անշտապ դանդաղկոտությամբ կհաներ ջերմաչափը, մինչև դանդաղաշարժ կմոտեցներ աչքերին, մինչև դանդաղորեն կնայեր, Հարութը նրա ձեռքից արագ վերցնում է ջերմաչափը ու մոտենում լուսամուտին։
–Դե, իհարկե, չկա։ Հավատացեք, երբ ասում են, 37 ու 3, -և ձեռքի եռանդուն շարժումով թափ է տալիս ջերմաչափը։– 37 ու 3-ն էլ ջերմություն է, բայց պարապել, համենայն դեպս, կարելի է։
Մայրը թեթևահավատությամբ նայում է Հարութին, այնուհետև կոշտացած ձեռքը դնում է Թևիկի ճակատին և , շուրթերը սեղմած, օրորում է գլուխը։ Հարութը գրպանից դուրս է բերում թաշկինակը և, հանելով ակնոցը, սրբում է քրտնած ապակիները։ Անուշն առաջին անգամ է տեսնում Հարութին առանց ակնոցի և մնում է ապշած. նրա առջև բոլորովին ուրիշ մարդ է կանգնած։ Ասես ակնոցի հետ միաժամանակ Հարութը հանել էր մինչև այդ անտեսանելի դիմակը, որը նրա դեմքին գերգործնական արտահայտություն էր տալիս։ Նա այնպիսի անօգնական, սրտառուչ-մոլոր տեսքով էր կկոցել իր կարճատես աչքերը, որ Անուշը մի պահ խղճաց նրան և սրտի անդիմադրելի մղումով ցանկացավ մոտենալ Հարութին ու քնքշանքով փաղաքշել նրան։
Հարութը դնում է ակնոցը և սպասում այնքան, մինչև Անուշն ու մայրը դուրս կգան։ Անոշը ելնում է տեղից և գնում իր սենյակը։ Կանգ առնելով սենյակի մեջ տեղը, նա ձեռքերը տանում է այտերին. այտերը այրվում են։
Մորը ևս ոչինչ չի մնում անելու, քան ենթարկվել. նա տեսնում է, որ, միևնույն է, պարապմունքը պետք է շարունակել, անցնում է միջանցք և, բացելով ննջասենյակի դուռը, ասում է Անուշին. ''Անուշիկ, ես հարևանի մոտ եմ, խնդրել էր, որ անցնեմ, ոչ մի տեղ չգնաս, քիչ հետո կգամ''։
Հարութը բացում է տետրը. ամբողջ մի էջ բանաստեղծություն է գրած՝ գրած-ջնջած, խզմզած, նորից ջնջած-գրած։
–Սա պատմության կոնսպե՞կտ է, թե ոտանավորների ժողովածու,-խիստ տոնով հարցնում է նա։ ''Կարո՞ղ է Գայանեի մասին է'',-վախեցած մտածում է Թևիկը և դարձյալ հոգում թրթռում է նրա քաղցր անունը՝ ''Գայանե… դու իմ կյանքն ես, շունչն ու հոգին, երազանքս՝ քաղցրանուշիկ…''։
–Սա ի՞նչ է, քեզ եմ հարցնում, Ասրիյան,-նրա մտովի թռիչքն ընդհատում է Հարութը։ – ''Գամել է ինձ բախտը անգութ…''։ – Նա նայում է Թևիկին, քմծիծաղում։ Թևիկը նրա ձեռքից խլում է տետրը, պոկում է էջը։ ''Աստված, այս ի՞նչ պատիժ ես ուղարկել ինձ համար'',– մտովի փնթփնթում է նա՝ խոնջանքով ու հուսաբեկ։ Հարութը կրկին հանում է ժամացույցը.