Выбрать главу

–Տասներկու րոպե զուր տեղը կորցրինք։

Թևիկը խամրած տեսքով նայում է առաստաղին ու ալարելով արտաբերում է.

–Տեր աստված, սա ի՞նչ մանրախնդիր մարդ է եղել, ես չեմ իմացել։

–Մանրախնդրությունն ի՞նչ կապ ունի այստեղ։ Ժամանակը չի սպասում, իսկ վաղը չէ մյուս օրը պետք է քննություն հանձնես։

–Չեմ էլ հանձնի… Մեծ բան է…

–Չհանձնելը հեշտ է, հանձնելն է դժվար։ Այնպես որ, մտածիր։ Եվ չարժե հիստերիկայի մեջ ընկնել այն բանի համար, որ ինչ-որ բան չի ստացվում։ Չեխովն ասում է, որ կյանքը շատ դյուրին է և հարկավոր է ահագին ջանք թափել, որպեսզի ինքդ քո ձեռքով փչացնես այն։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ, բարեբախտաբար, անորոշելի հանգամանքներն այնքան քիչ են, որ դրանց թվարկման համար մեր մի ձեռքի մատներն էլ հերիք են։ Թե չէ հրեն գրում ես՝ ''բախտը անգութ'', և հասկանալ չես ուզում, որ անհրաժեշտ է լարել ուժերը և կտեսնես, որ ոչ մի ''անգութ բախտ'' էլ չկա։

Թևիկը կատաղում է.

–Ի՞նչ ես կպել այդ բառերին՝ բախտ, բախտ… Հա գրել եմ, հետո՞ ինչ, թող հիմարություն լինի, հա, հիմարություն է, հետո՞, ուզու՞մ ես հենց այս րոպեին պատռեմ։ Եթե դա քեզ բավականություն է պատճառում, կարող եմ պատռել։– Նա պատռում է բանաստեղծությունը, թղթերը լցնելով մոխրամանի մեջ։– Բավարարվա՞ծ ես։

–Ըհը։– Հարութը գոհունակությամբ շփում է ձեռքերը։– Այ, դա ուրիշ բան։ Դե, ուրեմն առաջ անցնենք։ – Եվ նա խոնարհվում է կոնսպեկտների վրա։

Անուշը շրջվում, երկարելով ձեռքը, հրում, փակում է դուռը։ Եվ դարձյալ այնտեղից թափանցում է Հարութի խուլ ու միալար ձայնը… Որոշ ժամանակ Անուշը ականջ է դնում այդ ձայնին, այնուհետև, մտքերի մեջ, մոտենում է մեծադիր հայելուն։ Առաջներում նա երբեմն սիրում էր կանգնել հայելու առջև և ինքնահիաց դիտել ինքն իրեն։ Վատ տրամադրության դեպքում օգնում էր։Նայելով իր գեղանի կազմվածքին, շամամի պես կլորիկ դեռահաս կրծքերին, լուսաշող սպիտակուցներով սևորակ աչքերին, նորաբաց կակաչի պես հրակարմիր թրթռուն շուրթերին, հիշելով, թե կոլեջում ու ատամնաբուժարանի տղաներն ինչպիսի կրակոտ հայացքներով էին նայում իրեն, տրամադրությունն ինքնաբերաբար բարձրանում էր։ Սակայն այսօր սովոր զվարթությունը չկար, աստված գիտի, թե որտեղից հայտնված, անհասկանալի ու անորոշ ինչ-որ տրամադրություն պատել ու չէր լքում նրան։

Անուշը շրջվում, նստում է լուսամուտագոգի առջև, ուր միշտ սիրում էր նստել և, նորից վերցնելով Դովլաթովի գիրքը, սկսում է կարդալ. երեկ գիշեր նա ''Կոմպրոմիսը'' կիսատ էր թողել։

–Հարութ, արի մի քիչ ընդմիջում անենք,-ասում է Թևիկը կես ժամ անց։

–Այս էջն էլ վերջացնենք…– Հարութը կարդում է. ''Մարտի տասնվեցին ֆրանսիական բուրժուազիան, որը ներկայացված էր ազգային գվարդիայում, ցույց կազմեկերպեց՝ ուղղված Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության դեմ։ Այն հանդես էր գալիս ''Կորչի Լենդրու-Ռոլլենը…՛՛, ''Կորչի ժամանակավոր կառավարությունը'' լոզունգներով։

Կիսափակ կոպերի տակից Թևիկը տեսնում է Հարութի շտապկոտ շարժվող շուրթերը, թեթևակի ծռված ակնոցը… Թևիկը ցնցում է գլուխը՝ խոնջությունը վանելու իրենից։

–''… և անցնել բուրժուական հանրապետության կողմը, դրանով իսկ հարված հասցնել բուրժուազիային…''։

''Մի շաբաթ, ոնց որ լարովի, կարդալու է'',-մտածում է Թևիկը։

''…Այսպիսով ,նա ամրացրեց նրա դիրքերը, փոխանակ…''։

''Ով՞ ամրացրեց։ Ո՞ւմ դիրքերը,''-սարսափով մտածում է Թևիկը։– Այ քեզի բան, բաց եմ թողել։ Գրողը տանի… Լավ, հետո կտեսնենք…Գուցե պարզվի…''։ Նրա աչքին է ընկնում ''Շիպկայի'' ծխախոտատուփը։ Նա մի գլանակ է վերցնում այնտեղից։ Կանգ առնելով կես խոսքի վրա՝ Հարութը դառնում է նրան.

–Պատմիր՝ ինչ որ կարդացի։

Թևիկը հանգիստ ծխում է, վառված լուցկու հատիկը դնելով ծխախոտատուփին։ Հարութը այն վերցնում, գցում է մոխրամանի մեջ։

–Դե՞հ։

–Իյա՜… ի՞նչ դեհ։ Կարծում ես չե՞մ պատմի։

Հարութը բարձրացնում է գլուխը։

–Իմ ուզածն էլ հենց այն է, որ պատմես։

–Հի-հի-հի… խորամանկն է, հա… Ուզում ես բռնացնել ինձ։ -Թևիկը քրթմնջում է։– Վերջ տուր, Հարութ։ Ես, ինչ է, ախմախի մե՞կն եմ քո կարծիքով։ Երկու բառ ես կարդացել՝ դե պատմիր։ Ոչ մի բան էլ չեմ պատմելու։

Հարութը խուզարկու նայում է նրան։

–Ո՞նց թե՝ չեմ պատմելու։ Ցնդե՞լ ես, ինչ է։

–Չեմ ցնդել, ասում եմ, որ չեմ պատմելու, ուրեմն չեմ պատմելու։ Հասկացա՞ր, չեմ պատմելու։

–Պատմելու ես, Թևիկ։

–Ե՞ս։

–Վերջ տուր այդ հիմար սովորությանդ՝ ե՞ս, ե՞ս։ Այո, դու։

–Չես տեսնի։ Եվ քննության էլ չեմ գնա։ Ոտքս պայթում է, իսկ նա՝ պատմիր հա պատմիր,– բղավում է Թևիկը։ – Հերիք է հրամայես։ Լսու՞մ ես։ Հերիք է… Ես երեխա չեմ, ես նույնքան տարեկան եմ, որքան և դու։ Հասկանու՞մ ես։ Քեզ համար փոքր երեխա չեմ։

Հարութը մթնում է, այտոսկրի մկանը խաղում, ցնցվում է կաշվի տակ։

–Դու ինչ է, վիճե՞լ ես ուզում ինձ հետ,-շինծու քմծիծաղով հարցնում է նա, ճիգով զսպելով ջղայնությունը։

–Այո, ուզում եմ… Հոգիս հանեց արդեն…Չեմ ցանկանում պարապել, հասկանու՞մ ես, ինձ ոչ մի քննություն պետք չէ, կարող ես գնալ…-Դաժանորեն վրա է տալիս Թևիկը և իսկույն էլ զղջում այդ վերջին բառերի համար։ Նա մի տեսակ ամբողջովին կակղում, տարտամում է։ Բերանում ինչ-որ դառնություն է։ Նա իր մեծ, թխավուն ձեռքը դնելով այտին, գլուխը ետ է գցում բարձին, ծոծրակով զգալով բարձի պաղ թարմությունը։ Անցնում է մեկ, երկու րոպե։ ''Կծխի ու կգնա'', – որոշում է Թևիկը, լսելով լուցկու շրշյունը, և մի ակնթարթում ասես պարզորոշ տեսնում է համակուրսեցիների հայացքները. ոմանք նայում են նրան կշտամբանքով, ոմանք՝ ներողամտորեն, մյուսները՝ դաժան նախատինքով։ Չէ՞ որ նրանք, իր ընկերներն են ուղարկել Հարութին։ Քրտինքը պատում է Թևիկի ճակատը։ Եվ այդ հասարակ , սովորական դեպքը, որին նա առաջներում կարող էր ոչ մի ուշադրություն չդարձնել, նրա աչքում այժմ կարևոր ու առանձնահատուկ իմաստ էր ստանում։