Выбрать главу

–Ի՞նչ է եղել,-հարցրեց Թևիկը։

–Ոչ մի բան, ես ձեզ չեմ խանգարի…ինձ համար տխուր է մենակ։

–Զբաղվիր որևէ գործով, և քեզ տխուր չի լինի,-խորհուրդ տվեց Հարութը։

Նրա տոնը դարձյալ անտարբեր ու չոր թվաց Անուշին և ցավագնորեն կծկվեց նրա սիրտը։ ''Ախր, ինչու՞ այդպես, Հարութ,''-հազիվ չասաց Անուշը։

Որտեղի՞ց կռահեր Հարութը, որ Անուշն ինքն անգամ չգիտակցելով դա, եկել էր, որպեսզի, նրա աչքերին նայելով, հասկանար՝ առաջվա պես սիրու՞մ է նա իրեն, թե ոչ։

Անուշը վհատ տրամադրությամբ շրջվեց ու գնաց իր սենյակը։ Նրա շուրթերը դողում էին։ Չհասնելով լուսամուտագոգին, նա ակամա նստեց մահճակալին և նրա սևորակ աչքերը միանգամից լցվեցին ջինջ արցունքներով։

Նա դեռ չգիտեր, չէր հասկանում, որ առաջին սերն այդպես շուտ չի մոռացվում…

==========

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

ՎԵՊ

ՄԱՐԴԻԿ,

ՔԱՆԻ ԴԵՌ,

ՁԵՐ ՍԻՐՏՆ Է ԶԱՐԿՈՒՄ,

ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ…

ԱՅԴ ՆՐԱՆՔ ԷԻՆ

ՁԵՐ ԲԱԽՏԸ ՓՐԿՈՒՄ,

ԱՅՆ ԷԼ ԻՆՉ ԳՆՈՎ,

ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ…

Ռ. ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԻ

Իմ սենյակում լռություն է:      Տխրություն: Իմ առջև քո լուսանկարն է: Տարիների հեռավոր խորքից դու լռին նայում ես ինձ:      Կամակոր շուրթերը քո գեղեցիկ են, զմայլիչ: Քո թախծանուշ աչքերից տամուկ լույս է հորդում: Դու նայում ես ինձ:      Մի նրբագեղ շարժում, թվում է, և քո շուրթերը կշշնջան անուշաձայն:       Աչքերդ կժպտան լուսաշղարշ ժպիտով: Բայց դու լուռ ես: Անթարթափ նայում ես ինձ:       Եվ ես շփոթվում եմ, որովհետև այդ ո՞վ է, որ չի շփոթվում գեղեցկության առջև:

Ես ուզում եմ գրել քո մասին, Մայա:

Ես եկա հեռավոր Կրասնոդոն ու Կրասնոդոնին կից՝ Պերվոմայկա բանավանում գտա ձեր տունը, որտեղ ապրել ես դու: Ես ուզում էի տեսնել այն բոլոր իրերը, ինչին ձեռք ես տվել, ուզում էի տեսնել քո գրասեղանը, քո մահճակալը, քո գրքերը, այն ամենը, ինչ կապված էր քեզ հետ, ուզում էի տեսնել մորդ, զրուցել քո մասին: Բայց դա հնարավոր չէր. մայրդ նոր էր դուրս գրվել հիվանդանոցից, խստիվ արգելված էր նրան հուզվել:       Նա կանգնած էր պատուհանի մոտ և հուսաբեկ հայացքով նայում էր դուրս, ուր երկինքը մանր արցունք էր մաղում:

Ես ուզում եմ պատմել քո մասին:       Քառասուներկու թվի հուլիսյան այն օրվա մասին, երբ աղջիկների հետ գնացել էիք դպրոց՝ հասունության ատեստատներ ստանալու, և մայրդ, սրտի անդիմադրելի մղումով, անհանգիստ դուրս էր եկել փողոց, քեզ էր սապասում:       Ձեր ձայնը մեկ հատվելով, մարելով գմո՜ւմ, հեռանում էր, մեկ քամու հետ թեթև գալիս, լսվում էր շատ մոտիկ, և Աննա Փահլևվանովան չեր կարողանում հասկանալ՝ գալի՞ս եք արդեն, թե՞ դպրոցի բակից են լսվում ձեր ձայները:

Անաստղ երեկո էր, երկինքը պատված էր գորշավուն ամպերով, ամպերի արանքից երբեմն երևում էր լուսինը, և այդ լուսինն էլ նման չէր լուսնի, կարծես երկնքից կախված լապտեր էր, որ աղոտ լուսավորում էր գետինը:

Տան բակից, ցանկապատի վրա կիսաթեքվելով, Աննա մի անգամ էլ նայեց կիսամութ փողոցին. Չէ, աղջիկները չէին երևում. Դատարկ փողոցով հարևանուհին քշում էր կովը՝ ձեռքի ափով խփելով նրա գավակին, և կովը մթան մեջ ծանրորեն օրորվելով գնում էր առջևից:

Այնտեղ, Վորոշիլովգրադից էլ այն կողմ՝ երևի, Լիսիչանսկի վրա, երկինքն ավելի սևակնած էր՝ ա՞մպն էր սև, ծո՞ւխ էր, թե՞ ինչ՝ երկնքի այդ մասը շարունակ խավարով էր պատված: Միայն մերթ ընդ մերթ հորիզոնի այդ հատվածը հանկարծակի կարմրում էր, հետո, ցնցելով գիշերային տաք երկինը, խուլ արձագանքում էին պայթյոնները, և նորից ամեն ինչ խաղաղվում, մարում էր: Մնում էր ծղրիդների տխուր, թախիծով լի երգը՝ այգու ինչ որ հեռավոր ծայրում, խավարի մեջ:

Աշնանն ու ձմռանը գերմանացիները գրավել էին Դոնի-Ռոստովը, Տագանռոգը, հետո՝ Վորոնեժը, Խարկովը, հետո՝ Սևաստոպոլը, Ստալինոն, թշնամին հարավից արդեն մոտենում էր Ստալինգրադին, ամենուր՝ ճանապարհներով ու ճանապարհներից դուրս՝ տափաստանի միջով, քայլումէին սովետական զինվորները՝ գունատ, գլխիկոր ու տխուր, գնում էին նրանք դեպի Լիխայա, Մորոզովսկ ու Ստալիգրադ, գնում էին տապի, անձրևի ու ցեխի միջով, գիշեր ու ցերեկ. նահանջում էին:

«Մի՞թե արդեն Լիսիչանսկը նույնպես վերցրել են,-տանիքների, այգիների, քնած տափաստանի վրայով նայելով հեռուները, տխրությամբ մտածում էր Աննա Փահլևվանովան:– Տեր աստված, մի՞թե ամեն ինչ վերջացած է»:

Տափաստանի վրա, հեռվում, ինչպես կայծակի ժամանակ, միանգամից բռնկվում էր երկինքը, լսվում էին խուլ որոտումները, գետինը դողում էր, հրդեհը նստում էր, րոպեները դանդաղ ձգվում էին, հետո նորից ու նորից, ավանի ծայրից գալիս էր աղջիկերի ձայնը՝ ծիծաղի փշրանքների, երգի կտորների առանձին բառեր՝ քամին սրբում, ամեն «նչ տանում էր, հարևանուհին քշում էր կովը՝ հո՜, արդեն մոտեցել, անցնում էր ցանկապատի մոտով, ասաց.

–Բարի երեկո, Աննա Վասիլևնա:

Ասես նոր միայն նկատեց. ավանային խանութի գործակատարուհի Ռաիսա Վիրիկովան էր՝ սուր դեմքով, քիչ վեր ցց ած սուր քթով, նիհար, երկար՝ շորի մեջ փաթաթած չոր ձող:

Աննան թեթևակի գլխով արեց.

–Բարի երեկո:

Այդ Ռաիսան, եթե մտնեիր նրա մոտ՝ խանութ, հարյուր գրամ շաքարի, մի տուփ լուցկու, մի կոճ թելի, երկու րոպեի արանքում հազար հարց կտար՝ առանց պատասխանի սպասելու, հազար նորությոն կասեր՝ հետն էլ զարմանալով, գլուխն օրորելով, շուրթերը ծռելով, նա ավանում եղած ու չեղած, անցած ու գալիք բոլոր նորությունները այդ հարյուր գրամ շաքարի, մի տուփ լուցկու, մի կոճ թելի հետ կդներ առջևդ՝ «բա, էսպիսի բաներ», ու նոր միայն դուրս կգայիր՝ թեթևացած ու բախտավոր, որ հաջողվեց այդքանով պրծնել նրանից: