Եվ ահա այդ Ռաիսան, ոտը կախ գցելով, ասաց.
–Երևի աղջիկներին եք սպասում, հա՞, Աննա Վասիլևնա: Դպրոցի բակում են, հեռվից տեսա: Ինչ որ մեկը հարմոն էր նվագում: Կարծեմ Պոպովների Տոլիկն էր: Նա նվագրլ գիտի՞:
–Չգիտեմ,– անտարբեր պատասխանեց Աննան:
–Նա է՞լ է տասը ավարտել:
–Այո,– մտասույզ պատասխանեց Աննան:
–Մեր Զինան էլ այնտեղ է: Ես հեչ չգիտեի, դաշտից եկավ խանութ, ասեց՝ ուշ եմ գալու:Հասունության ատեստատները բերել են, ասաց պիտի ստանանք: Ամբողջ դասարանով էնտեղ են: Երաժշտությոն են լսում… Մայան գերազանց ավարտեց, չէ՞-անսպասելի հարցրեց նա:
Նրա հարցը, հարցման ձևը, ձայնի նախանձկոտ չորությունը՝ բոլորովին դուր չեկան Աննա Փահլևվանովային, բայց նա ուշադրություն չդարձրեց դրան:
–Այո,– հպարտությամբ ու անչար ասաց նա:– Ուզում էինք բժշկական ինստիտուտ տալ: Հորեղբայրը Ռոստովում է ապրում, ամեն նամակում գրում էր՝ տասն ավարտեց թե չէ՝ գալիս եմ տանեմ մոտս: Բայց ամեն ինչ տակն ու վրա եղավ… Գոնե շուտ վերջանար…
–Մերը երեքներով ավարտեց,– կեղծ թառանչանքով ասաց Ռաիսա Վիրիկովան:– Բայց դե, չեմ տխրում,– միանգամից ու փոխված ձայնով ավելացրեց նա:– Նույն բանն է՝ ուզում ես գերազանց ավարտիր, ուզում ես երեքներով, միևնույն է, ոչ մի տեղ չես կարող գնալ սովորելու: Ամբողջ Ուկրաինայից մի Վորոշիլովգրադի մարզ է մնացել, են էլ հրեն վերցնում են: Էսօր առավոտյան, ժամը հինգը չկար դեռ, նոր նոր լույսը բացվում էր, տեսնեմ մեկը ծեծում է դուռը: Ռուս զինվոր է՝ ուսապարկը շալակին, անթրաշ՝ իսկական մուրացկան՝ հաց է ուզում: «Գերմանացիները Լիսիչանսկը վերցրին»,– ասաց: Բա, հիմա մարտերը Վորոշիլովոգրադի մոտերքում են գնում: Դրա համար եմ ասում՝ միևնույն է: Այսօր կաս՝ դրանով էլ պիտի գոհ լինես: Մարդ չգիտի, թե վաղն ինչ է գալու իր գլուխը: Իսկ նրանց ի՜նչ կա,– ասաց նա աղջիկների մասին:– Նրանց համար ոչ պատերազմ կա, ոչ կոտորած, ջահել են, չեն հասկանում, իրեց համար երժշտություն են լսում: Իսկ մենք, ահա, մտածում ենք, թե ինչ է լինելու: Ես մի բան ասեմ քեզ. իմ կարծիքով, գերմանացիները կհաղթեն: Հիտլերն ասել է՝ մինչև էս նոյեմբերի յոթը չի քաշի: Տեսնենք, գուցե լավը դա է:
–Ինչպե՞ս,– ականջներին չհավատաց Աննա Վասիլևնան:– Ինչպե՞ս թե՝ գուցե լավը դա է:
–Այն էլի, որ Զինաս երեքներով վերջացրեց տասը,– խոսքն իսկույն շուռ տվեց Ռաիսա Վիրիկովան:– Թող ինստիտուտ, համալսարան չլինի, թող տեխնիկում լինի՝ ի՞նչ նշանակություն ունի: Թող բժշկական տեխնիկում լինի, պահանջ՝ ինչքան ասես: Ճի՞շտ չեմ ասում…
Պատասխան չկար:
–Դե ես գնամ,– ցածր ասաց Վիրիկովան:– Բարի գիշեր:
Աննա Վասիլևնա Փահլևվանովան մտախոհ կանգնել էր այգու դռնակի մոտ, մթան մեջ, և երկար նայում էր կիսամութ, անմարդ փողոցով քայլող հարևանուհու ետևից:
Ամպերը քանդվում, ցրվում էին: Քանդված ամպերի արանքից կապտին էին տալիս հեռու երկինքը՝ լիքը փոքր ու մեծ աստղերով: Աստղերը սառը ժպտում էին: «Նրանց համար ոչ պատերազմ կա, ոչ կոտորած, իրենց համար երաժշտություն են լսում»: Աննան ծանր օրորեց գլուխը: «Պատերազմը նրանց համար է,– մտովի պատասխանեց նա:– Մերն անցել է, մենք մեր կյանքը՝ լավ, վատ, ապրել ենք: Իսկ նրանցը առջևում է դեռ»: Հիշեց աղջիկներին մինչև պատերազմը՝ ուրախ, շարունակ ծիծաղը շրթերին: Հավաքվում էին, ինքը նրանց համար թթվասերով կարկանդակ էր թխում: «Էս ինչ լավն է, Աննա Վասիլևնա,– ասում էին:– Է՞լ երբ եք թխելու»: Իրար ձեռ առնելով ուտում էին, կատակում, ծիծաղում էին: «Կամաց ծիծաղեցեք,– ժպտալով ասում էր ինքը,– ապակիները թափվեցին»: Ո՜ւմ ես ասել… Իսկ հետո, պատերազմը սկսելուց հետո, նրանք փոխվեցին, ասես միանգամից մեծացան: Էլ կատակներ՝ համարյա չէին լինում. Չէր ստացվում, ծիծաղ՝ բոլորովին չէր լինում, եթե լինում էր, ուրեմն, դա ծիծաղ չէր, պարզապես ծիծաղի նման մի բան էր՝ թախծոտ, տխուր: Պատեֆոն էին նվագում՝ միշտ միևնույն երգը՝ դեղնած արտերի ու այդ արտերի միջով գնացող միայնակ ձիավորի մասին: Ձայնապնակը դանդաղ պտտվում էր, դանդաղ ծորում էր երգը: «Դեղնած արտերը մեղմիկ օրորվում են,– երգի հետ կամացուկ ասում էր Ուլյանան. Ասես երգը օտար լեզվով էր, թարգմանում էր:– Արտերը օրորվում են, արտերի մեջ լուռ կանգնած ծառերը քամու հետ տխուր գնում, գալիս են: Տերևները թրթռում, դողում են՝ շրջելով երեսները, հեռվում, արտերից այն կողմ, իրիկնային աղջամուղջի միջով մի ձիավոր է գնում: Ո՞ւր է գնում նա այդպես ուշ, աղջամուղջի միջով ո՞ւր է գնում նա…»
Լռելյան, մտախոհ նստում էին, անորոշ նայում մի կետի ու հետո՝ «Էս ի՞նչ դառավ կյանքը,– հանկարծ հառաչում էրմեկնումեկը:– Ինչո՞ւ այսպես դառավ, աշխարհն ինչո՞ւ այսպես փոխվեց…» Ոչ ոք չէր պատասխանում:
Ամպերը արագությամբ ետ էր քաշվում: Անեզր երկնքի վրա մի ամպակտոր կար միայն՝ ուղիղ լուսնի դեմ- հանդիման: Հետո ամպակտորի հետ ետևից սահեց , հանդիսավոր դուրս եկավ գունատ լուսինը՝ արդեն մաշված, թափանցիկ մի սառցակտոր՝ երկնի կապտաժեռ ծովում, և ամեն ինչ սկսեց շողշողալ կաթնալույսի մեջ: