Նրանք դուրս եկան դպրոցի բակից՝ աղմուկով, աղաղակով, վեճ ու կատակով, դարպասի մոտ խմբվեցին ծերունի պահակ Սեմյոն Միտրոֆանովիչի գլխին, սկսեցին հրաժեշտ տալ:
–Դե պինդ կացեք Սեմյոն Միտրոֆանովիչ, դպրոցը ձեզ ենք թողնում,-ժպտաց Դեմյան Ֆոմինը:– Մի գերմանացու անգամ չթողնեք ներս մտնի դպրոց:
–Չ-չեմ թողնի,-կակազելով ասաց ծերունին՝ ժպտալով:-Վից-ունտեր օֆիցերՍեմյոն Կ-Կոմոլովի ձեռքերում ուժ կա դեռ… Մ-մենք էստեղ, Դոնի տափաստանում ինչե՞ր ենք արել ընկեր Բ-Բուդյոննու հրամանատարությամբ… Տ-տասնութ թվականին գերմանացիներին էնպես ջարդեցինք… Ափսոս, հազար ափսոս, անցյալ տարի Մ-Մոսկվայի մոտ, Յախոմայում, վիրավորվեցի, թե չէ՝ կ-կռվեի մինչև վերջ… Քայց ոչինչ,-մատներով բուդյոննական երկար բեղերը շտկելով ավելացրեց նա՝ դարձյալ ժպտալով:– Իմ փոխարեն ուրիշները կ-կռվեն, ջահելները… գերմանացիներին էնպես կփեն, որ նրանք մինչև Բեռլին մի գլուխ կփախչեն… Իսկ դ-դպրոց՝ ոչ մեկին չեմ թողնի…
Բոլորը ժպտացին՝ գոհունակությամբ ու սիրով նայէլով ծերունուն, հետո հրաժեշտ տվեցին ուսուցիչներին, ու միայն այն ժամանակ, երբ Սեմյոն Միտրոֆանովիչը նրանց հետևից ծածկէց երկաթե ծանր դռները, նրանք բոլորն էլ ակամա տխրեցին. Ասես նոր միայն հասկացան, որ այլևս վերջ, որ նրանք ընդմիշտ բաժանվեցին իրենց համար այնքան թանկ ու հարազատ դպրոցից և առաջվա պես աշակերտի իրավունքով՝ անկաշկանդ, հպարտությամբ ու համարձակ ոտք չեն դնի այնտեղ: «Մնաս բարով, դպրոց,– մտովի շշնջում էր նրանցից յուրաքանչյուրը:– Մնաս բարով…» Եվ ոչ ոք չէր համարձակվում առաջինը շրջվել հեռանալ, ոչ ոք չէր ուզում առաջինը խոսել: Նրանք խմբովին կանգնել, լուռ նայում էին դպրոցի կողմը, իրեց դասարանի լուսամուտներին էին նայում, և այդ լուսամուտները մթան մեջ թվում էին միայնակ ու լքված:
–Դե գնանք,– լռությունը հանկարծ խախտեց Ուլյան:-Մեր կողմի վրա ո՞վ է գալիս՝ Անգելինա, Բորյա, Նինա, Մայա, Շուրա, Անատոլի, Վիկտոր, Զինա: Էլ ո՞վ կա՝ գնացինք Դիմկա, քիչ մնաց մոռանայինք քեզ… Արի…
Բոլորը ծիծաղեցին:
Պերվոմայկան քնած էր: Փողոցները լուռ-լուռ էին. Միայն ծղրիդների միալար ճռռոցն էր, որ երբեմն կորչում էր Վորոշիլովգրադի կողմերից եկող որոտների մեջ:
–Երեխեք, երգում ենք,– ձայնը բարձրացրեց Անգելինա Սամոշինան:-Ամբողջ խմբով:
–Լինա, անհարմար է,– խառնվեց Մայան:– Ամբողջ ավանը քնած է: Ինչ կասեն մեզ:
–Կասեն երանի նրանց, միջնակարգի ավարտականները ձեռքներին երգում են. Ճի՞շտչեմ ասում, աղջիկներ,– և առանց պատասխանի սպասելու, Անգելինան երգեց.
Դե մնացեք բարով, աղջիկներ,
Մեզ հեռավոր ճամփան է կանչում…
Աղջիկները միացան: Տղաները նույնպես սկսեցին երգել: Անատոլի Պոպովը ձգեց հարմոնը:
Դուք առանց մեզ, աղջիկներ, չտխրեք,
Հաղթանակով մենք նորից ետ կգանք…
Այստեղ-այնտեղ, ասես վախվորելով, վառվեցին ավանի աղոտ ճրագները. մթության մեջ նկարվեցին բաց դռները, դռների մեջ կանգնած ներքնաշորերով մարդիկ: Նրանք վաղուց երգի ձայն չէին լսել, և այն էլ այսքան ուշ: Տղաներն ու աղջիկները ավելի բարձրացրին իրենց ձայնը.
Դե մնացեք բարով, աղջիկներ,
Արշալույսին մենք գնում ենք ճակատ…
-Մայա,– թեթևակի բռնելով նրա նրա արմունկը, կամացուկ, քնքշաձայն ասաց Վիտալի Պոկրովինը:– Մի րոպեով, եթե կարելի է…
–Վիտյա՞,– զարմացավ Մայան:– Դու այս ո՞րտեղ էիր, չեմ նկատել:
–Իհարկե, չես նկատի,– դանդաղ ժպտալով ասաց Վիտյան:– Որովհետև չես ուզում նկատել:
–Չէ՝ ճիշտ:
–Այստեղ, ցանկապատի մոտ կանգնած էի:
–Գուցե մայրի՞կս է ուղարկել:
–Ոչ, ինքս եմ եկել: Քրոջս՝ Վերային ուղարկեցի ձեր տուն, եկավ ասաց դպրոցում ես: Ես էլ եկա:
–Վաղո՞ւց ես սպասում:
–Չէ, նոր եմ եկել:
Խմբից քիչ ետ էին մնացել: Բորիս Գլավանը շարունակ շրջվում, նայում էր նրանց կողմը: Հետո, հանկարծ դառնալով Ուլյային, արագ ասաց:
–Բարի գիշեր, ես գնացի:
–Ո՞ւր,– զարմացավ Ուլյանան: Բայց Բորյան տների արանքով ձգվող նեղ փողոցում էր արդեն:
–Առավոտյան կգամ, շուտ ենք գնալու,– հեռվից ասաց նա:
Մայան ժպտալով նայեց Ուլյանային:
–Ախ, աստված իմ,– ժպտալով ձեռքերը տարածեց Ուլյան,– էս խանդոտ երեխոց վերջն ի՞նչ է լինելու:
Իսկ երգը՝ ճակատ մեկնող տղաների մասին, շարունակվում էր տարածվել քնած Պերվոմայկայի վրա:
Դե, մնացեք բարով, աղջիկներ,
Մեզհեռավոր ճամփան է կանչում…
-Իսկ ի՞նչ է պատահել,– ցածր հարցրեց Մայան:
Վիտյան մի պահ լուռ էր, հետո միանգամից ասաց.
–Վաղը գնում եմ:– Ասես ծանր բեռից ազատված՝ նա խորը շունչ քաշեց:– Բանակ եմ գնում:
–Բանա՞կ:
–Այո: Թույլատրել են,– հպարտությամբ ասաց Վիտյան:– Չէին ուզում, հետո մի գնդապետ ասաց՝ վերցրեք: Վերցրին, առավոտյան գնում եմ: Եթե գնդապետը չլիներ, չէին թողնելու:
Մայան նայում էր նրան. ախր, նա բոլորովին երեխա էր, երեխայի պես մազափպւնջը ճակատին՝ իսկական երեխա. մի՞թե կարող է կռվել:
–Քեզ համար եմ կռվելու,– հանկարծակի ու վճռական ասաց Վիտյան՝ փախցնելով ճայացքը:– Ու եթե չգամ, եթե մեռնեմ՝ իմացիր, որ քեզ համար էր,– դողացող ձայնով ավելացրեց նա:– Ես ճիշտ եմ ասում: