Выбрать главу

Խմբից քիչ ետ, կողք-կողքի քայլում էին, և Մայան չգիտեր, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. նա ինչ-որ բանում իրեն մեղավոր էր զգում Վիտյայի առջև, իսկ հատկապես ինչո՞ւմ՝ չէր կարողանում ըմբռնել:

–Ե՞րբ ես գնում,– մի բան ասաց լինելու համար հարցրեց նա:

–Վաղը,– Վիտյան և քայլում, և կողքանց նայում էր նրն:– Առավոտյան ժամը իննին: Գուցե և տասին՝ չգիտեմ: Իննին այնտեղ՝ զինկոմիսարիատում պիտի լինենք:

–Իսկ տա՞նը,– նորից մի բան ասաց լինելու համար հարցրեց Մայան:

–Տանն ի՞նչ:

–Տանն ո՞վ է մնում:

–Պարզ է՝ մայրիկն ու Վերան: Մեկ-մեկ անցիր նրանց մոտ, եթե կարելի է, խնդրում եմ…

–Շատ լավ, Վիտյա: Կանցնեմ: Իսկ հայրիկից նամակ չկա՞:

–Հայրիկի՞ց…-Վիտյան կծեց ներքևի շրթունքը, այդպես մի կարճ դադար մնաց և միանգամից ու խոր թառանչով ասաց.– Հայրիկը չկա, զոհվել է:

–Ինչպե՞ս:

–Սև թուղթը ստացել ենք: Տանը չգիտեն, ես եմ ստացել: Չեմ ասել ոչ ոքի:

Լռություն: Երկինքը հանկարծակի մթնեց. Լուսինը մայր էր մտել: Մայան նայեց երկնքին և, չգիտես ինչու, հորիզոնից հորիզին ընկած մութ երկինքը նրան անսկիզբ ու անեզր մի սև թուղթ թվաց՝ փռված աշխարհի վրա: Նա երկար այդ մասին էր մտածում:

–Ինձ նամակ կգրես, Վիտյա,– անսպասելի ասաց Մայան:

–Լավ,– շողացող աչքերով նայելով Մայային, ասաց Վիտյան:– Իսկ դու կպատասխանե՜ս:

–Իհարկե:

–Ուրեմն հիշելո՞ւ ես ինձ,– զգացմունքով ու ասես չհավատալով, հարցրեց Վիտյան,– Մի՞թե հիշելու ես:

–Դե իհարկե,– ժպտալու փորձ արեց Մայան:– Չէ որ մենք հարևաններ ենք:

–Որպես հարևա՞ն ես հիշելու, ուրեմն,– ընկճված ասաց Վիտյան:

–Այո…– Մայան շփոթվեց նրա հայացքից. նա չէր ուզում Վիտյային վիրավորել:– Եվ որպես հարևան, և որպես ընկեր,– Ավելացրեց Մայան:– Ուլյա,-կանչեց նա,– աղջիկներ:

Երգը վերջացել էր, աղջիկները տաք վեճի մեջ էին, թե իմացած երգերից որը երգեն: Նրանք ետ շրջվեցին:

–Վաղը Վիտյան բանակ է գնում, նայելով մեկ Վիտյային, մեկ՝ նրանց, ասաց Մայան:– Գնա՞նք ճանապարհելու:

–Գնանք,– ասաց Ուլյան:-Անպայման: Ժամը քանիսի՞ն է, Վիտյա:

Վիտյան ասաց ժամը:

–Բոլորս գնում ենք ճանապարհելու: Մի քիչ կուշանանք աշխատանքից: Կարելի է, չէ՞, ընկեր քարտուղար:– Ուլյան ծիծաղով լի աչքերը հառեց Մայային. մթան մեջ բոցկլտում էին նրա սև, խոշոր աչքերը:

Անկարելի ոչինչ չկա քեզ համար, իմ գեղեցկուհի Ուլկա,– հանդիսավորությամբ ասաց Մայան:

Բոլորը ծիծաղեցին:

Աննա Փահլիվանովան թփերի արանքով ըմկած նեղ, տոփանված կածանով գնաց, բաց արեց այգու դռնակը, դուրս եկավ փողոց: Փողոցի մյուս ծայրից գալիս էր աղջիկների խումբը: «Վերջապես»,– հանգիստ շունչ քաշեց նա: Առաջ Աննան երբեք չէր անհանգստանում, երբ Մայան ուշամում էր: Նրա համար Մայան փոքր երեխա էր դեռ: «Ընկերուհիների մոտ կլինի»,– ասում էր ինքն իրեն: Եվ հանկարծ Մայան նրա աչքին միանգամից մեծացավ, դարձավ հասուն աղջիկ: Նա նույնիսկ զարմացավ, այդ ե՞րբ այդպես մեծացավ Մայան: Անցյալ տարի էր դա, տարեվերջի ավարտական հանդեսին. Մայան մեծ հուզմունքով էր սպասում այդ օրվան: Ընկերուհիները՝Ուլյան, Լինան, Շուրան, Մարինան, Լիլիան, Նինան հաճախակի էին հավաքվում, միասին երգում ու արտասանում. շարունակ լսում էր նրանց զրնգուն ծիծաղը: Աննան շատ էր ուզում, որ Մայան ամենից լավ լինի հագնված: «Թող չասեն, թե հայր չունի, թող ամենևին չըմկճվի»,– այդպես էր մտածում մայրը: Հատկապես այդ երևույթի առթիվ, Աննան Մայայի համարկապույտ կտորից գեղեցիկ շրջազգեստ կարել տվեց, չնայած Մայան չէր ուզում, նա ուզում էր, որ մայրն իր համար կարի այդ շրջազգեստը… Աննան մի կերպ համոզեց նրան, և, երբՄայան հագավ շրջազգեստը՝ ձյունաճերմակ ժանյակավոր օձիքով, Աննան հիացմունքից խոսք չգտավ ասելու: Նա աղջկա մազերի մեջ կովկասյան երիցուկ ամրացրեց, Մայան նայեց իրեն հայելու մեջ և ծիծաղեց. «Այնպես շքեղ եմ հագնվել, կարծես հարս գնալիս լինեմ,– ասաց նա,-ես այսպես չեմ ուզում, շատ է աչքի զարնում»: Մայան հանեց այդ շրջազգեստն ու հագավ իր ամենօրյա կապույտ բրդյա հագուստը: Երեկոն Գորկու անվան ակումբում էր: Մայան շարունակ բեմի վրա էր՝ իր կապույտ շրջազգեստով: Ամեն կողմից հիացմունքով հարցնում էին. «Ո՞ւմն է այս գեղեցիկ աղջիկը»: «Այսի՜նչ լավիկն է»: Հետո, մի քանի օր անց, իրենց տուն եկավ Կրասնոդոնի շրջսովետի աշխատակցուհի Գալինա Նեստերովան: «Աննա Վասիլևնա, եկել եմ աղջկադ տեսնելու,– ասաց նա:– Տղաս Ռոստովի բժշկական ինստիտուտում է սովորոմ և ուղղակի սքանչացած է նրանով»: Զարմացավ: «Աղջիկը ո՞րն է,– ժպտաց Աննան:– Երեխա է դեռ»: Երբ Մայան դպրոցից եկավ, Աննան սկսեց ուշադիր ու թաքուն նայել նրան: Ասես առաջին անգամ էր տեսնում. շարունակ նայում էր: Նրա աչքին Մայան ավելի սլացիկ թվաց, քան առաջ: Նրա աչքերը՝ շողարձակող ու խոշոր, դիմագծերը՝ նուրբ ու գրավիչ, նրա փարթամ ու թխավուն մազերը, նռան պես կարմիր ու լիքը շուրթերը- մայրը աչքը չէր կարողանում կտրել նրանից. հմայված նայում էր: «Մամ, ինչո՞ւ ես այդքան նայում,– աչքերի թեք նայվածքով, ժպտալով հարցրեց Մայան:– Շարունակ նայում ես»: Իսկ մայրն ասես չէր լսում: «Հորն է քաշել,– սրտի նվազումով մտածում էր նա:– Լրիվ նա է: Նույնիսկ աչքերի այդ թեք նայվածքը, թեթև ժպիտը՝ շուրթերի ծայրերին: Մազերի գույնը, հոնքերը՝ թանձր ու թուխ, նուրբ կտրվածքով իջնող կամակոր շուրթերը…» Այդ օրվանից նա այլևս Մայային մենակ ոչ մի տեղ չէր թողնում: Եթե դասից քիչ ուշանում էր՝ հազար անգամ ներս ու դուրս էր անում, փողոցում կանգնում, սպասում էր: