Выбрать главу

Իսկ Բորյան սպասում էր, իհարկե: Ես մայրիկին հո չէ՞ի կարող ասել, թե Բորյայի մոտ եմ գնում: Ես մայրիկին ասացի գնում եմ Ուլյայի մոտ՝ գիրք կա վերցնելու:

–Ի՞նչ գիրք է,– ուշադիր նայելով ինձ, հարցրեց նա:

–Ֆիզիկայի դասագիրքս:– ասացի ես:– Անցյալ ուրբաթ էր տարել, մոռացել, թողել է տանը:

–Վաղը դաս ունե՞ք ֆիզիկայից:– Մայրիկը նայեց գրասեղանի դիմաց, պատին փակցված դասացուցակին:

–Ոչ, Բայց… ասել եմ գալու եմ տանեմ,– շփոթվելով ու փախցնելով հայացքս, ասացի ես:– Երևի սպասում է:

Մայրիկը ոչինչ չասաց, բայց ինձ թվաց, թնա հասկացավ, որ ես ճիշտ չեմ ասում: Կյանքում առաջին անգամ ես ճշմարտությունը թաքցրի մայրիկից, մինչև այդ չէր եղել, երբեք չէր եղել, որ սուտ որևէ բան ասեի նրան, և հիմա ամբողջ դեմքս վառվում էր ամոթից: Ես ուզում էի ներողություն խնդրել, բայց նա ասաց.

–Ոչինչ, վաղը ցերեկով կվերցնես: Հիմա ուշ է, քամի:

–Լավ,– չհամարձակվելով նայել նրան, ասացի ես:

Իսկ Բորյան սպասում էր ինձ ավանային գրադարանի մոտ: Նա ինձ ի՞նչ պիտի ասի, հետաքրքիր է: Եվ ինչո՞ւ դպրոցում չասաց: «Երեկոյան իասեմ,– հայացքը գետնին, դողացող ձայնով ասաց նա:– Խնդրում եմ, կգա՞ս»:

–Ոչ,– ասացի ես:

Դասերն արդեն վերջացել էին, աղջիկները՝ Նինա Գերասիմովան, Շուրա Բոնդարևան, Նինա Մինաևան, Ուլյան, Լիլիա Իվանիխինան, Զինա Վիրիկովան, Անգելինա Սամոշինան քիչ հեռվում կանգնած սպասում էին. երկրորդ օրն էր ինչավանային ակումբում ցուցադրում էին «Իշխանուհի Մերի» կինոնկարը, իսկ մենք չէինք տեսել: Աղջիկների հետ որոշել էինք գնալ, իսկ նա կանգնել էր իմ դիմաց, նայում էր ինձ, հառաչում:

–Չեմ կարող,– նորից ասացի ես, մտքում ծիծաղելով նրա կաշկանդվածության վրա. ախր առաջ նա այդպիսին չէր. համարձակ էր:

–Ինչո՞ւ,– կամացուկ հարցրեց Բորյան:

–Որովհետև…չեմ ուզում,– ճիգ գործադրելով ասացի ես:– Ախր ի՞նչ պիտի ասեք:

–Այստեղ չեմ կարող: Չգիտեմ, չեմ կարող,– կրկնեց Բորյան:– Այստեղ դժվար է: Իսկ երեկոյան կասեմ: Խնդրում եմ: Մի՞թե այդքան դժվար է քեզ համար: Մի քանի րոպեով գոնե:

–Չգիտեմ,– ասացի ես:

–Ես կսպասեմ գրադարանի մոտ: Ժամը ութին:– Նրա դեմքը վառվում էր. ես դա տեսնում էի: Չգիտեմ ինչու, հաճելի էր տեսնել, թե խոսելիս նա ինչպես էր հուզվում ու կարմրում:

Իսկ քամին գնալով ուժեղանում էր. թվում էր հիմա կպոկի տանիքը:

–Գիշերս ձյուն է գալու,– ասաց մայրիկը

Ես ժպտացի, որովհետև երկնքում ամպի ծվեն անգամ չկար, մաքուր-մաքուր էր՝ հորիզոնից-հորիզոն կապույտ, իսկ նա ասում էր գիշերս ձյուն է գալու:

Բայց ձյունը իրոք եկավ: Առավոտյան դեռ գալիս էր: Ամբողջ Պերվոմայկան կորել էր ձյան հաստ շերտի տակ, և ձյունը՝ սպիտակ, շողշողուն՝ աչք էր կուրացնում: Միակ սև բանը ավանի վրա՝ երդիկներից ելնող ծուխն է, որ այնպես դանդաղ ու ծուլորեն բարձրանում, երկար օրորվում է տանիքների վրա: Իսկ ձյունը դեռ գալիս է, ճերմակ ամպերից, ինչպես մահացած թիթեռներ՝ անկյանք, թևերը փակ, թափվում են ճերմակ փաթիլները, շեղակի խփում պատուհաններին, արցունքի պես խոշոր ու թափանցիկ՝ սահում ապակու վրայով:

–Մենակ ո՞նց ես գնալու մինչև դպրոց:– Մայրիկն է:-Մի մետր ձյուն է նստել: Ո՞ւզում ես գամ հետդ:

–Ոչ մամ,– դռների մեջ ասում եմ ես: – Ես ինքս,-,– հետո ժպտալով ավելացնում եմ: Ամեն մարդ ինքը պիտի հարթի իր ճանապարհը:

Ճռ-ռ, ճռ-ռ, ճռ-ռ, տոփանվում է ձյունըոտքերիս տակ: Ձյունը՝ կաթի պես ճերմակ, ճերմակ ու փափուկ: Ձյունափոշին ցածր սահում է ձյան վրայով. քամի է ու ձյուն: Ճռ-ռ, ճռ-ռ… Իսկ նա ի՞նչ էր ուզում ասել: Եվ ինչո՞ւ հատկապես հիմա. առաջ ինչո՞ւ չէր ասում: Չէ՞ որ առաջ նույնպես խոսում էր ինձ հետ: Ամիսուկես առաջ, երբ դեռ նոր էր եկել մեր դպրոցը՝ անթացուպերով, վիրավոր, կոմերիտական տոմսը բերեց կնիքելու:– «Դո՞ւք եք դպրոցի կոմերիտկազմակերպության քարտուղարը»,– հարցրեց նա:

–Այո,– անվրդով ասացի ես:

–Տարօրինակ է,– ժպտաց նա:

–Ինչո՞ւ:– Ես զարմացած նայեցի նրան:

–Չգիտեմ… Իմ կարծիքով, սխալ է, երբ գեղեցիկ աղջիկներին առաջ են քաշում:

Ես ժպտացի:

–Ձեր դպրոցո՞ւմ էլ այդպես էր:

–Ի՞նչ դպրոց… նա քիչ մտածեց, ասաց.– Ես ռազմաճակատից եմ վերադարձել:

Ես իհարկե, գիտեի դա, բայց ասացի.

–Մի՞թե:

–Այո: Իսկ դուք, ի՞նչ է, չգիտեի՞ք:

–Ոչ,– մի պահ նայելով նրան, ասացի ես:–Չգիտեի:

–Դե, ուրեմն ծանոթանանք,– ժպտաց նա:– Կրտսեր լեյտենանտ, մոլդավ ժողովրդի անվեհեր որդի Բորիս Գլավան: Ավելի շուտ՝ Բորյա: Բորյա՝ այսպես լավ է:

–Իսկ գերմանացիների հանդիպե՞լ եք,– կատակով հարցրի ես:

–Դե, իհարկե,– անհոգ ծիծաղեց նա:-Ինչքան ասեք: Մենք մեր խրամատից կանչում էինք, Կեստեր, այնտեղ, մրանց խրամատից մեկը երկարում էր գլուխը. «Ո՞վ է ինձ հարցնում»: Դախկ՝ կրակում էինք, ու այդպես շարունակ: Հետո նրանք էին կանչում՝ Իվան. ձայն չէինք հանում: Նիկոլայ. ձայն չէինք հանում: Քիչ անցնում էր, նորից, առանց խրամատից բարձրանալու, մեկն ու մեկս կանչում էր. «Ո՞վ էր ինձ հարցնում»: Նրանց խրամատից մեկը բարձրացնում էր գլուխը՝ «Ես»: Դախկ՝ կրակում էինք: Լավ է, չէ՞: