Выбрать главу

–Շատ,– ծիծաղեցի ես:

–Հետո Նիկոլաև քաղաքի մոտ ես վիրավորվեցի, իսկ մեր գունդը շրջափակման մեջ ընկավ,– հանկարծ տխրելով ու ցածրացնելով ձայնը, ասաց Բորյան:– Ինձ հաջողվեց դուրս գալ շրջափակումից:

Բորյան Ուլյայի հետ նույն նստարանին էր նստում: Մինչ այդ Ուլյան ինձ պատմել էր, որ նա Բեսարաբիայից է, ծնողներն արդեն երկրորդ տարին է այստեղ՝ Պերվոմայկայում են ապրում: Բորյան սովորել է Բուխարեստում, այնուհետև Սորոկինի մանկավարժական ուսումնարանում, բայց չէր հասցրել ավարտել:

–Կամավոր եմ բանակ մեկնել,– հպարտությամբ ասաց Բորյան:

Դրանից հետո մենք իրար բարևում էինք, երբեմն, դասերի ժամանակ, ես ինձ վրա զգում էի նրա հայացքը, մի թեթև շրջվում էի նրա կողմը թե չէ՝ արագ փախցնում էր հայացքը: Մի անգամ ինձ ճանապարհեց տուն: Մինչև տուն քայլում էր կողքիս ու ոչինչ չէր ասում: Մեր տան մոտ բաժանվելիս, ասաց. «Շնորհակալություն, Մայա»:

–Ինչի՞ համար,– զարմացա ես:

–Չգիտեմ,– աչքերը գետնին՝ ասաց նա:

–Խնդրեմ,– ծիծաղեցի ես:– Ցտեսություն:

Տուն մտնելիս ես ետ նայրցի. նա դեռ կանգնած էր փողոցում և նայում էր մեր տան կողը: Եվ այդքանից հետո, երեկ… «Խնդրում եմ, կգա՞ս»:

Ճռ-ռ, ճռ-ռ… ճռճռում, տոփանվում է ձյունը ոտքերիս տակ:

Դպրոցի բակում ձնագնդի են խաղում արդեն: Դեռ հեռվից նկատեցի Բորյային: Կանգնել էր նա միջանցքի լուսամուտի առջև, մեջքով հենված պատին, և կիսաթեքված նայում էր դուրսը: Կանգնել էր նա խռովկան երեխայի պես, շուրթերը ուռցրած:

Թափ տվեցի ոտքերիս ձյունը, անցա նրա մոտով: Ես ձևացրի, որ չեմ տեսնում, անցա նրանից՝ ուժով պահելով ծիծաղս: Մի րոպե չանցած, ներս մտավ, գլուխը քաշ գնաց՝ նստեց նստարանին, Ուլյայի մոտ:

Զգում էի՝ երբեմն թաքուն նայում էր իմ կողմը:

–Երեկ գնացի՞ր,– դասամիջոցին հարցրեց Ուլյան:

Աղջիկներից միայն նա գիտեր, որ Բորյան խնդրել էր ինձ երեկոյան գնալ գրադարանի մոտ:

–Հնարավոր չէր, Ուլյաշկա, ցածր ասացի ես:

–Դե, մեղք է, գոնե մոտեցիր, մի բան ասա:

–Ի՞նչ ասեմ,– ժպտացի ես:

Ու ոչինչ էլ չասեցի: Իսկ դասերի վերջում, տուն գնալիս, ես էլ չգիտեմ ինչու, Բորյայի ջգրու Վերա Պոկրովինային ասացի.

–Եղբորդ՝ Վիտյային, ասա թող գա սահնակ քշենք: Ասա սպասելու եմ:

Ետմիջորեին Վիտյան ու Վերան եկան մեր տուն, և մենք գնացինք Կամենկա՝ սահնակ քաշելու: Ճանապարհին, ու այնտեղ, Կամենկայի մոտ սահնակ քշելիս, Վիտյան շարունակ ինձ էր նայում, ժպտում:

–Վերան եկավ ասաց. չհավատացի,– ժպտալով ասում էր Վիտյան:– Ասում եմ՝ չի կարող պատահել: Երդվում է: Ճիշտ եմ ասում, չէ՞, Վերա. չի հավատում: Ասում եմ: Մայան հենց այդպե՞ս էլ ասաց. թող Վիտյան գա գնանք սահնակ քշելու: Ասում է՝ այո: Ճիշտ եմ ասում, չէ՞, Վերա, այդպես էր: Չէի հավատում, իսկ հիմա տեսնում եմ, որ ճիշտ է: Ուրեմն ասել ես: Շնորհակալություն,– թեթևակի հպվելով ինձ, կամացուկ շշնջաց Վիտյան:– Ես այնպես ուրախ եմ, չես կարող պատկերացնել: Եվ ի՞նչ լավ է, որ այս ձյունը եկավ: Գիտե՞ս սա ինձ համար ինչպիսի ձյուն է, Մայա:

–Ինչպիսի՞ ձյուն է,– ակամա հարցրի ես:

–Երջանկաբեր ձյուն է: Իսկ քեզ համա՞ր:

Ես չգիտեի ինչ պատասխանել, որովհետև նա ինձ հետ խոսում էր, իսկ ես շարունակ մտածում էի Բորյայի մասին:

–Չգիտեմ,– կարճ դադարից հետո ասացի ես, դեմքս դարձնելով դեպի երկինք. ձյան մանր ու սառը փաթիլները խփում էին դեմքիս. հաճելի էր: Ես Վիտյային չէի նայում: Ես նայում էի ճերմակ երկնքին. ճերմակ ամպերից, ինչպես հեքիաթում, ճերմակ ձյուն էր թափվում:

Մայա»:

Երկուշաբթի, 10 նոյեմբերի 41 թ. :Առավոտ կանուխ ձյուն եկավ, հետո երկինքը պարզեց, լցվեց կապույտով: Արևը դուրս եկավ Հյուսիսային Դոնեց գետի կողմից, և նրա շողերի տակ ադամանդի պես սկսեց պսպղալ ձյունը: Բայց մի կարճ ժամանակ միայն: Հետո երկինքը գունատվեց, պատվեց անթափանց մշուշով և նորից սկսեց ձյուն տեղալ:

Բակերից կածաններ են ելնում, գնում են ձյան միջով, գնում են դեպի դպրոց, ավանային սովետ, դեպի շուկա, խանութ, դեպի քարածխի հանքերը: Ձյան միջով մարդիկ գնում են աշխատանքի: Գնում են գլխիկոր, առաջ թեքված, ասես ծանր բեռ կա նրանց ուսերին:

Արդեն քանի օր է ձյուն է գալիս: Գիշեր-ցերեկ ձյուն է գալիս և թվում է վերջ չպիտի լինի: Ծանր ձյան տակ այգում ճղատվել են ծառերը, փողոցներում հեռագրասյուները թեքվել են կողքի. հեռագրալարերի վրա թիզաչափ ձյուն կա նստած:

Ավանային խանութի մոտ հացի հերթ է: Հերթում կանգնածների վրա ձյուն է մաղում: Ձյունը նստում է նրանց սառած ուսերին, գլուխների վրա, և հեռվից ասես մարդիկ չեն, ասես քարեր են ձյան տակ կանգնած:

Մինչև գոտկատեղ հասնող ձյան միջով ընկած արահետը գնում է դեպի դպրոց: Եվ ինչքան մոտենում է դպրոցին, այնքան լայնանում է ոտնահետքերից տոփանված արահետը:

Առաջին զանգը վաղուց են տվել: Հնչում է երկրորդը: Զանգի սառած ղողանջից դպրոցի բակում բարդիներից ձյուն է թափվում: Առջևից քայլողների մեջ ես տեսնում եմ Բորյային: Ձեռնափայտին հենվելով, դանդաղ, կաղալով գնում է: Չի շտապում: Ետևից հասնողներին ճանապարհ է տալիս: Հավանաբար, նկատել էր ինձ: Այն երեկոյից հետո, ինչ ես չգնացի գրադարանի մոտ՝ ժամադրության, նա այլևս չի խոսում ինձ հետ: Ցույց է տալիս, թե անտարբեր է իմ նկատմամբ: Բայց Ուլյան ասում է, որ նա ինձ շատ է խանդում: Դա ես նույնպես նկատել եմ. երբ տղաներից որևէ մեկի հետ մի րոպե անգամ կանգնում եմ, նա հարյուր անգամ անցնում է իմ կողքից. չի կարողանում հանգիստ նստել տեղը: «Լավ չես անում,– ասում է Ուլյան:– Խոսիր հետը»: Դե, իհարկե, նկատել է: Ես հասել եմ նրան, դանդաղ քայլում եմ նրա հետևից: Չի ուզում ելնել կածանից, որպեսզի ճանապարհ տա ինձ, ինչպես մյուսներին: «Բարև, Բորյա»,– ասում եմ ես և լռության այն կարճ պահին, մինչև նա կշրջվեր իմ կողմը, ես լսում եմ ասես, թե ինչպես է արագ խփում սիրտս: Եվ հանկարծ հիշում ու ամոթ եմ զգում, որ շարունակ՝ տանը թե դպրոցում, նրա մասին եմ մտածում: Եվ մի պահ ինձ այնպես է թվում, թե նա գիտի այդ մասին և դրա համար է, որ շրջվել ու այնպես լայն ժպտում է: