Выбрать главу

–Իսկ ո՞ւր է պայուսակդ,– հենց այնպես ասացի ես:

–Տարել եմ դասարան: Մի՞թե նորություն է դա:

–Ի՞նչը,– հարցրի ես:

Այն, որ ես շատ շուտ եմ գալիս դպրոց: Առաջին զանգից էլ շուտ: Հետո դուրս եմ գալիս ու սպասում եմ քեզ: Մի՞թե չես նկատել:

–Ոչ,– ասացի ես,– չեմ նկատել:

–Ամեն օր: Իսկ դու, ուրեմն, չես նկատել:– Նրա դեմքը ցրտից շառագունած էր, շուրթերը՝ վառ կարմիր, սև աչքերը թախծոտ ժպտում էին: Ասես առաջին անգամ էի տեսնում նրան՝ բարձրահասակ, կրծքային թավ ձայնով. երկար նայում էի:

–Սրանից հետո ուշադիր կլինեմ,– ժպտացի ես, իսկ քիչ անց ասացի:– Եվ ներիր այն բանի համար: Ես ուզում էի գալ, բայց չստացվեց: Ներո՞ւմ ես:

–Իհարկե,– Բորյան արագ բռնեց ձեռքս, արագ էլ բաց թողեց: Նրա մատները սառն էին: Ասես ձյան մեջից էր հանել:

–Իհարկե, ներում եմ,– անթարթ նայելով ինձ, հազիվ լսելի շշնջաց նա: Նրա գեղեցիկ, տամկացած սև աչքերը լայն բացվել էին իրենցից հանկարծակի հորդած ուժեղ լույսից: Նա ինձ նայում էր կախարդվածի նման՝ ինչպես հավատացյալը սրբապատկերին: Մենք կանգնել էինք դեմ-դիմաց, մեզ տեսնում էին, իհարկե, անհարմար էր, և ես ասացի.

–Մինչև զանգը քանի՞ րոպե է մնացել:

Չգիտեմ:– Բորյան դեռ նայում էր ինձ, հետո թույլ ժպտալով ասաց,– ուրեմն, ուզում էիր գալ: Իսկ ես կարծում էի՝ նստել ես ձեր տանը ու ծիծաղում ես ինձ վրա:

–Ինչո՞ւ:

–Չգիտեմ, ինձ այդպես է թվում:

«Գիժ,– մտքում ասացի նրան,– ես ինչպե՞ս կարող եմ ծիծաղել քեզ վրա. ես շարունակ քո մասին եմ մտածում»:

–Գնանք,– հայացքս գետնին, ցածրասացի ես . զգացի, որ ձայնս թրթռած:-Գնանք, զանգը հիմա կտան:

Բորյան, խոնարհ երեխայի պես, քայլեց իմ կողքից: Նա շարունակ գետնին էր նայում: Միջանցք մտնելիս միայն բարձրացրեց աչքերը և, դեռևս բաց չթողնելով միջանցքի դռան պղնձե բռնակը, դողացող ձայնով ասաց.

–Մայա, մինչև հիմա ես չգիտեի, թե ինչ է երջանկությունը: Իսկ հիմա գիտեմ: Եվ ինչպե՞ս եմ մինչ. Հիմա ապրել առանց երջանկության՝ չեմ կարողանում հասկանալ:

Նա քիչ լռեց, կուրծքը նկատելի բարձրանում-իջնում էր: Ես կանգնել էի նրա դիմաց ու չէի կարողանում տեղից շարժվել. ուժ չունեի:

–Ես սիրում եմ քեզ,– հանկարծ ասաց Բորյան, ու ես ապշահարված նայեցի նրան: Նրա աչքերը տամկավուն փայլով շողացին:– Այո,– դողացող շուրթերով շշնջաց նա:– Եվ եթե այլևս չլինեմ՝ հոգ չէ, ես երջանիկ եմ: Ավել ինձ ոչինչ պետք չէ. ես այդ էի ուզում ասել քեզ այն երեկո: Իսկ հիմա գնա, ես դրսում քիչ կսպասեմ: Դու գնա:

Ես դանդաղ բարձրացա աստիճաններով: Երջանկությունից շունչս հատվում էր, ծնկներս դողում էին, թվում էր հիմա կընկնեմ: Եվ հազիվ էի ինձ պահում, որ լաց չլինեմ, ինչ-որ բան խանգարում էր, որ լավ՝ հոնգուր-հոնգուր , ինչպես երեխա ժամանակ , լամ ու հանգստանամ: Ասես երազի մեջ էի, ուզում էի փակել աչքերս, որպեսզի չհատվի այդ երազը:

Դանդաղ, ձեռքս սանդղաստիճանների ողորկ բազրիքի վրայով սահեցնելով, բարձրանում էի երկրորդ հարկ, աչքիս առջև շարունակ Բորյան էր, նրա այլայլված դեմքը, դողացող շուրթերը… իմ ականջում, ինչպես անուշ ղողանջ, դեռ հնչում էր նրա ձայնը. «Ես սիրում եմ քեզ»: «Ես սիրում եմ քեզ»:«Ես սիրում եմ քեզ»: Անդադար ղողանջում էր: «Ես էլ քեզ եմ սիրում,– մտովի ասացի նրան,– միայն թե այդ մասին քեզ երբեք չեմ ասի»:

Լուսամուտի սառը ապակիների միջով արևը ներս էր հորդում միջանցք: Լուսամուտի մոտ, արևի մեջ, կանգնել էր Ուլյան, նայում էր ինձ ու ժպտում: Նա, իհարկե, վաղուց էր այստեղ կանգնած. ես դա հասկացա:

–Արդեն խոսո՞ւմ եք,– նրա աչքերը, այտերը, շուրթերը ծիծաղում էին:

–Այո,– ցածր ասացի ես՝ ակամայից ժպտալով:

Ուլյան միջանցքով քայլում էր իմ կողքից և շարունակ ժպտում էր:

–Փեհլիվանովա,– դասարան մտնելիս՝ իմ ետևից կանչեց ինչ-որ մեկը: Ես ետ շրջվեցի. պատմության ուսուցչուհի Պրոսկովյա Սուլթանբեյն էր՝ բարի դիմագծերովմի կին՝ ցածրահասակ, թխավուն ու սաթի պես սև մազերով, որոնց մեջ, սակայն, արդեն երևում էր հատուկենտ սպիտակը: Նա ինձ ձեռքով իր մոտ կանչեց: Երկրորդ տարին է, ինչ Պրոսկովյա Վասիլևնան մեզ չի դասավանդում, բայց, ամեն անգամ հանդիպելիս, կանգնեցնում, խոսում է ինձ հետ: Նախանցյալ տարի էր, ութերորդում, երբ նա, մատյանը ձեռքին, դասարան մտավ: դասի ժամանակ, նկատում էի, երբեմն նայում էր իմ կողմը: «Մենք քեզ հետ հայրենակիցնե՞ր ենք»,– դասամիջոցին հարցրեց նա, ժպտալով նայելով ինձ: «Ես հայուհի եմ»,– ասացի ես: «Իսկ ես հույն եմ»,– ասաց Պրոսկովյա Վասիլևնան, դարձյալ շարունակելով ժպտալ: «Ոչ, ես հայուհի եմ»,– նրա հայացքից շփոթվելով, կրկնեցի ես, իսկ նա ծիծաղեց, ասաց. «Միևնույն է, մենք հայրենակիցներ ենք»: Եվ ահա, այդ օրվանից ի վեր, ամեն անգամ հանդիպելիս, նա ժպտալով ասում է. «Ինչպե՞ս ես, հայրենակցուհի»: