Выбрать главу

Ես պայուսակս տվեցի Ուլյային . գնացի դեպի Պրոսկովյա Վասիլևնան:

–Ինչպե՞ս ես, հայրենակցուհի,– ժպիտն աչքերում հարցրեց նա:

–Շնորհակալություն, Պրոսկովյա Վասիլևնա, լավ եմ,– ես սպասեցի, թե նա ինչ կասի:

–Դիրեկտորն է կանչում,– ցածր ասաց Պրոսկովյա Վասիլևնան: Նա բացեց ուսուցչանոցի դուռը, ուզում էր ներս մտնել:

–Ո՞վ.– մի տեսակ վախվորած հարցրի ես:

–Իվան Արսենտևիչը: Նա իր առանձնասենյակում քեզ է սպասում:

Անցա ուսուցչանոցով, կմացուկ բացեցի Իվան Արսենտևիչի առանձնասենյակի դուռը:

–Ներս արի, Մայեչկա, մի քաշվիր:– Նա բարձրացավ տեղից, ձեռքին թերթ կար, մի կողմ դրեց:– Առաջ եկ, ի՞նչ ես կանգնել: Նստիր:– Նա ձեռքով ցույց տվեց բազմոցը, կրկին նստեց: Մտախոհ ինչ-որ կետի էր նայում:

Նստեցի բազմոցի ծայրին: Լռություն էր: Չգիտեմ ինչու, սիրտս արագ խփում էր:

Դրսում, պատուհանից այն կողմ, դպրոցամերձ հողամասն էր, ուր խնձորի ծառերը սնկերի պես կպել էին գետնին: Ծառերին նստած ձյունըշողշողում էր արևի տակ:

–Գիտես ինչի՞ համար եմ կանչել, Մայա,– հանկարծակի հարցրեց Իվան Արսենտևիչը:

–Ոչ, Իվան Արսենտևիչ,– կիսաբարձրանալով ու դարձյալ նստելով, ասացի ես, հարցական նայելով նրան:

–Ես էլ չգիտեմ,– նա նորից ելավ տեղից, սկսեց քայլել առանձնասենյակում, հետո ասաց,– այն չորս կոմերիտականների համար եմ կանչել, որոնք կորցրել են տոմսերը: Ինչպե՞ս էր նրանց անուն- ազգանունները:

–Զինա Վիրիկովա, Վարյա Իգնատովա, Գենադի Պոչեպցով և Վալենտինա Տարանինա,– թվեցի ես:

–Դրանց համար եմ կանչել:– Իվան Արսենտևիչը կանգնել էր պատուհանի առջև, խոսում էր առանց իմ կողմը նայելու:– Այո, դրանց համար: Ամբողջ Պերվոմայկայում խայտառակեցին մեզ: Բայց, արդյոք, նրանք դիտավորյա՞լ են կորցրել իրենց կոմերիտական տոմսերը,– կարճ դադարից ավելացրեց նա:– Ահա թե ինչն է մտատանջում ինձ: Դիտավորյա՞լ են կորցրել, թե՞…

–Իհարկե, դիտավորյալ,– արագ ասացի ես:– Միթե՞ պարզ չէ, Իվան Արսենտևիչ, նրանք, ճշմարիտ է, խայտառակել են մեզ, գցել մեր դպրոցի անունը, բայց փաստ է. նրանք տոմսերը կորցրել են այն ժամանակ, երբ գերմանացիները ընդուպ մոտեցել էին մեր՝ Վորոշիլովգրադի մարզին: Իսկ եթե բանակը չկասեցնե՞ր թշնամու առաջխաղացումը: Եթե թշնամին իսկապես գրավե՞ր մեր մարզը: Մի՞թե հասկանալի չէ. այն ժամանակ նրանք գերմանացիներին կասեին, որ իրեք կոմերիտականներ չեն եղել: Եվ, եթե մենք վերահաշվառում չկատարեինք, երևի, իրեք չասեին էլ, որ կորցրել են տոմսերը: Նրանք վախկոտներ են և պետք է հեռացվեն կոմերիտմիության շարքերից: Դպրոցական կոմերիտկազմակերպության ընդհանոր ժողովն արդեն որոշել է. դուք այդ մասին գիտեք:

–Այդ բոլորն, իհարկե, ճիշտ է,– շրջվելով իմ կողմը, դանդաղ ասաց Իվան Արսենտևիչը:– Ես հասկանում եմ, բայց պետք է մտածել նաև դպրոցի մասին. դպրոցի անունն է շոշափվում: Քիչ առաջ կոմերիտշրջկոմի առաջին քարտուղար Պրակոֆի Իվանովիչը զանգեց, ընկեր Պրիխոդկոն: Այդ հարցով էր զանգում: Քսաներեքին, ասում է, ժամը երկուսն անց կեսին կոմերիտշրջկոմի բյուրեի նիստ է, ձեր հարցն ենք քննում: Հենց այդպես էլ ասաց. «Ձեր հարցն ենք քննում»: Տեսնո՞ւմ ես ինչպես են նայում վերևում: Դրա համար էլ կանչեցի քեզ, որպեսզի որպեսզի տեսնենք, թե ինչ կարելի է անել:– Իվան Արսենտևիչը ծանր գնաց, նստեց իր տեղը:– Արդեն երրորդ տարին է դպրոցական սկզբնական կոմերիտկազմակերպության քարտուղարն ես, մինչ այդ դրուժինայի խորհրդի նախագահ ես եղել, ավագ ջոկատավար, և մենք միշտ գոհ ենք եղել քեզանից ու հիմա էլ գոհ ենք. դա բոլորը գիտեն: Ամբողջ Պերվոմայկա հանքավանից միայն դու ես կոմերիտշրջկոմի բյուրոյի անդամ ու, երբ շատ մտածում եմ, տեսնում եմ, որ քեզ համար ևս լավ չէ միանգամից չորս հոգու հեռացնել կոմերիտմիությունից. ի՞նչ կասեն մարդիկ: Երեկ այդ Պոչեպցովի հայրն էր եկել ինձ մոտ, Գրոմովը, ասում է, իբր, Գենադին վաղուց էր կորցրել տոմսը, դեռևս օգոստոսի սկզբին, երբ խոսք անգամ չկար դեռ, թե գերմանացիները կարող են մոտենալ մեր մարզին: Գենադին, ասում է, այդ մասին վաղուց է հայտնել կոմերիտշրջկոմին:

–Իսկ ինչո՞ւ ինձ ոչինչ չի ասել,– մտազբաղ ու ցածր ասացի ես, ինչ-որ հեռավոր ու վատ բան նախազգալով:

–Չգիտեմ,– ուսերը թոթվեց Իվան Արսենտևիչը:– Համենայն դեպս, կոմերիտշրջկոմում ստուգիր, գուցե ճիշտ է: Վիրիկովային նույնպես կարելի է պահել, պիոներական ջոկատավար է, ես Պրոկոֆի Իվանովիչին ասացի, դու էլ ասա, գուցե հաշվի առնեն: Այդ երկուսին կարելի է նկատողություն տալ և վերջ: Մի խոսքով, մտածիր, տես ինչ կարելի է անել: Չմոռանաս, Պրոկոֆի Իվանովիչըխնդրեց, մինչև այդ անցնել իր մոտ,– վերջում ասաց Իվան Արսենտևիչը:– Դե գնա:

Ասես ինչ-որ հանցանք էի գործել, ուսուցչանոցից դուրս եկա կաս-կարմիր: Ամբողջ դեմքս վառվում էր:

Ուլյան միջանցքում կանգնած սպասում էր:

–Ի՞նչ է պատահել,– արագ մոտենալով, հարցրեց նա:

–Քսաներեքին կոմերիտշրջկոմի բյուրոյի նիստ է, կանչել են:

–Օհո՝ հատուկ հրավեր,– շինծու զարմանքով ու դերասանավարի արտասանեց Ուլյան՝ ծիծաղկուն աչքերով նայելով ինձ,– սիրտ գժվեցնող խոստումներ՝ շքամուտքի մոտ, փաթիլ-փաթիլ ձյան տակ, հատուկ հրավեր կոմերիտշրջկոմ՝ սիրտդ ո՞նց է դիմանում այդ երջանկությանը…