Выбрать главу

Իմ չքնաղ, իմ խելագար, սքանչելի Ուլյան երբեք չի կորցնում իրեն:

Մայա:

Երկուշաբթի, 25 նոյեմբերի 41 թ.Կոմերիտշրջկոմի բյուրոյի նիստը ուշ վերջացավ: Լուսնյակն արդեն դուրս էր եկել, ցրտի մեջ կանգնած մերկ ծառերիերկար ստվերները ձյուների վրա դանդաղ գնում-գալիս էին: Հոգնածությունի՞ց էր, ամոթի՞ց, որ նրանք կորցրել էին իրենց տոմսերը, թե՞ այն բանից, որ ելույթս մի տեսակ ասես երևեցնելու համար էր և այնպես ցուցադրական հնչեց,– չգիտեմ, գլուխս գվվում էր. Իրոք, ծիծաղելի էին իմ բառերը. «Նրանք պետք է իրեց գլուխները կորցնեին, այլ ոչ թե կոմերիտական տոմսը: Դուրս կոմերիտմիության շարքերից»: Եվ հատկապես այդ վերջին բառերը՝ «դուրս կոմերիտմիության շարքերից»: Դրա համար էր գուցե, որ Պրակոֆի Իվանովիչը մանր ժպտում էր: Իսկ մի՞թե ճիշտ չեմ ասել ես: Մի՞թե նրանք իրավունք ունեն մնալու կոմերիտմիության մեջ: Գլխահակ նստել էի, ասես ոչ թե նրանք՝ ես էի կորցրել տոմսս, և չէի համարձակվում բարձրացնել աչքերս: Ինձ շարունակ թվում էր, թե Պրոկոֆի Իվանովիչը ժպտում է, և ժպտում է հատկապես ինձ վրա, բայց նիստից հետո, դռների մոտ, նա մտերմորեն բռնեց թևս, կամացուկ ասաց. «Ապրես»: Եվ դարձյալ ժպտում էր: Իսկ գուցե՞ ցուցադրական չէր, գուցե դա միայն ի՞նձ էր թվում: Իսկ նրանք՝ Գենադին, Վարյան, Զինան ու Վալյան այնպես էին կանգնել, կարծես ոչինչ էլ չէր եղել. միայն Զինան էր շարունակ արտասվում: Ստացվեց այնպես, ինչպես Իվան Արսենտևիչն էր ասում: Զինա Վիրիկովային ու Գենադի Պոչեպցովին չհեռացրին կոմերիտմիությունից, միայն նկատողություն հայտարարեցին՝ մտցնելով անձնական քարտի մեջ, իսկ Վարյային ու Վալյա Տարարինային հեռացրին: Այն, որ Վիրիկովան երկու տարի պիոներ-ջոկատավար է դպրոցում, հաշվի առա. «Ես անմեղ եմ,– շարունակ կրկնում էր նա ու շարունակ արտասվում էր:– Ես դիտմամբ չեմ կորցրել, ազնիվ կոմերիտական»: Գենա Պոչեպցովին պահեցին նամակի համար: Շրջկոմում, իրոք, ստացվել էր նրա նամակը: Ծրարի վրա պարզ չէր երևում փոստի կնիքը, իսկ Գենան պնդում էր, որ ինքը իբր նամակը շատ վաղուց է ուղարկել: Մի խոսքով, նիստը բավականին ուշ վերջացավ, Գենադին աղջիկների հետ արդեն գնացել էին, ես մի պահ մենակ կանգնեցի կոմերիտշրջկոմի դռների մոտ, չգիտեի ինչ անել:

–Գնանք մեզ մոտ,– ասաց Պրոկոֆի Իվանովիչը:– Առավոտյան կգնաս:

–Շնորհակալություն,– թեթևակի գլուխ տալով ասացի ես,– մայրիկը տանը սպասում է:

–Ի միջի այլոց, ես մայրիկիդ երեկ տեսա շաբաթօրյակում,– վերարկուի օձիքը բարձրացնելով ասաց նա,– Շրջանային պետբանկում է , չէ՞, աշխատում մայրիկդ:

–Այո,– ես ուշադիր նայում էի Պրոկոֆի Իվանովիչին, սպասելով, թե էլ ինչ կասի նա: Իսկ նա ժպտաց, ասաց.

–Գիտե՞ս ես նրան ինչ ասացի: Ես գանգատվեցի քեզնից:

–Ճիշտ եք արել, Պրոկոֆի Իվանովիչ:

Ասացի, որ ես ձեզ վաղուց էի ճանաչում, բայց չգիտեի, որ այնպիսի աղջիկ ուեք: Լավ կոմերիտուհի է, ասացի, կարգապահ, պարտաճանաչ:

–Էլ էդպիսի բաներ չանեք, Պրոկոֆի Իվանովիչ,– ծիծաղելով ասացի ես:– Թե չէ նա ամենքին կսկսի պատմել՝ գիտեք ինչ չտեսնված աղջիկ ունեմ, և այլևս ինձ ճանապարհ չեն տա:

Պրոկոֆի Իվանովիչը ծիծաղեց իմ խոսքերի վրա և, թևանցուկ անելով ինձ, ասաց.

–Գնում ենք մեր տուն: Այստեղից Պերվոմայկա մենակ գնալ չի լինի:

–Իսկ ինչո՞ւ մենակ, ընկեր Պրիխոդկո,– շրջվելով մեր կողմը, ասաց խարտյաշ, կարճ կտրած մազերով մի աղջիկ՝ մոտ քսան-քսաներկու տարեկան :– Չէ՞ որ ես նույնպես Պերվոմայկայից եմ,– վերարկուի օձիքն ուղղելով ավելացրեց նա:

–Մի՞թե,– իբր զարմացած՝ ժպտաց Պրոկոֆի Իվանովիչը:– Դե, ուրեմն, ծանոթացեք:

– Ալեքսանդրա Եմելյանովնա,– աղջիկը հանեց ձեռնոցը, և ես իմ ափի մեջ մի կարճ պահ զգացի նրա փափուկ ու տաք մատները:– Շատ ուրախ եմ:

Ես ևս ներկայացա:

–Ես քեզ գիտեմ,– մտերմիկ տոնով, ժպտալով ասաց նա:– Քո մայրիկին նույնպես գիտեմ:

–Որտեղի՞ց,– հենց այնպես հարցրի ես:

–Չէ՞ որ Պերվոմայկայից եմ,– քնքուշ ժպտաց նա:– Բայց դու ինձ չես հիշի:

Ես նրան առաջին անգամ էի տեսնում: Գուցե առաջ էլ տեսել էի՝ չէի հիշում: Երբ մենք՝ նիստի բոլոր մասնակիցներս, մտանք Պրոկոֆի Իվանովիչի առանձնասենյակը, աղջիկը նստած էր այնտեղ, բազկաթոռում, և զրուցում էր Պրոկոֆի Իվանովիչի հետ: Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե շրջանային «Սոցիալիստական հայրենիք» թերթի խմբագրությունից է. առաջ նույնպես պատահել էր, խմբագրությունից եկել էին, մասնակցել նիստերին, և հետո այդ նիստերի մասին գրել թերթում:

Պրոկոֆի Իվանովիչը դանդաղ շարժումներով հագնում էր ձեռնոցները:

–Ուրեմն ծանոթներ դուրս եկանք,– ժպտալով ասաց նա:– Կարող է նույնիսկ բարեկամներ եք և այդ մասին չգիտեք: Հարկավոր է պարզել:

Մենք ծիծաղեցինք:

–Դե,– ի նշան հրաժեշտի, Պրոկոֆի Իվանովիչը բարձրացրեց ձեռքը. քիչ հեռվում նրան սպասում էին:-Միասին գնացեք, իսկ սրանից հետո կաշխատենք նիստերը չձգձգել: Կամ քեզ շուտ կազատենք,– ժպտալով ավելացրեց նա:– Համաձա՞յն ես:

Պատասխանի փոխարեն ես նույնպես ժպտացի նրան: