–Ցտեսություն, աղջիկներ: Ալեքսանդրս Եմելյանովնա, մեկ-մեկ անցիր:
–Կանցնեմ, ցտեսություն,– ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան:– Իմ կողմից, խնդրում եմ, ողջույններ հաղորդեք Նաստյային:
–Շատ լավ: Շնորհակալություն:
Մի քանի քայլ լուռ գնացինք: Մեր ոտքերի տակ փշրվում էր սառած ձյունը: Լռությունը ձգվում էր, հարկավոր էր մի բան ասել, և ես ասացի.
–Նաստյան ո՞վ է:
–Նաստյա՞ն… – Ալեքսանդրա Եմելյանովնանքիչ լռեց, հետո միանգամից ասաց.– Պրոկոֆի Իվանովիչի քույրն է, իմ մոտիկ ընկերուհիներից: Կիևի բժշկական ինստիտուտում էր սովորում… Այսօր մոտն էի, երկար զրուցում էինք, վերհիշում անցածը:Հիշելու այնքան բան կա,– հառաչեց նա:– Ինչեր ասես, որ չէինք երազում մինչև պատերազմը: Էհ, ինչեր ասես, որ չէինք երազում: Եվ հիմա ի՞նչ է մնացել այդ երազներից՝ ոչինչ: Ամենուրեք սով, ռումբերի պայթյուններ, կոտորած, համակենտրոնացման ճամբարներ, ուր միլիոնավոր մարդիկ՝ փոքրիկ երեխաններից սկսած մինչև կանայք ու ծերունիները, խոշտանգվում են անգթորեն, ոև թղթերի հեղեղ,– սրանք են փոխարինում մեր թևավոր երազներին: Ու մինչև ե՞րբ այդպես՝ ոչ ոք չգիտի:
–Մերոնք կհաղթեն,– ասես նրան սփոփելու համար ասացի ես:– Անպայման կհաղթեն: Եվ այն էլ շուտով:
Ալեքսանդրա Եմելյանովնան նայեց ինձ, հետո գլուխն օրորելով դառը ժպտաց. լուսնալույսի տակ ես պարզ տեսա նրա ժպիտը:
–Կհաղթեն,– մտազբաղ ասաց նա, հետո վճռական ավելացրեց,– իհարկե, կհաղթեն: Սովետական զինվորին ոչ ոք չի կարող ծնկի բերել. ես դա հասկանում եմ: Մերոնք կհաղթեն, պարզ է, բայց դա ե՞րբ կլինի, գիտե՞ս:
–Ե՞րբ կլինի,– ակամա հարցրի ես:
–Պատերազմը շուտ չի վերջանա,– տխրությամբ, ցածր, ասես ինքն իրեն էր խոսում, ասաց նա, լռեց:
Տոփանված կածանը, թեքվելով դեպի ձախ, խառնվեց Պերվոմայկա տանող ճանապարհին, որ դարձյալ տոփանված էր, և մենք մտանք լայն ճանապարհ: Ուշ էր՝ ոչ մեքենա, ոչ մարդ:
Ալեքսանդրա Եմելյանովնան լուռ քայլում էր, մտքերի հետ էր, և հանկարծ ու անսպասելի նա կրկնեց.
–Պատերազմը շուտ չի վերջանա,– և սառը ավելացրեց:– Պատերազմը նոր է սկսվում:
Տեր աստված, ինչպիսի սարսափելի բառեր՝ պատերազմը նոր է սկսվում։ Ես ոչինչ չասեցի նրան։ Ծնկներիս մեջ ինչ-որ թուլություն զգացի և դրանից էր գուցե գայթեցի։
–Կամաց,-Ալեքսանդրա Եմելյանովնանարագ բռնեց թևս,-աշխատիր տոփանված տեղով գալ, ճանապարհից դուրս ձյունը շատ է խոր։
Մեր շուրջը տներ էին՝ հանգած ճրագներով, դատարկ փողոցներ էին, ուր քամին առաջ ու ետ էր քշում ձյունը, տխուր էր, լռություն, և այդ ճնշող լռությունը փարատելու համար էր երևի, Ալեքսանդրա Եմելյանովնան ասաց․
–Քանի՞ տարեկան ես, Մայա։
–Տասնվեց,-ասացի ես։-Ավելի շուտ՝ տասնվեց ու կես․ մայիսին եմ ծնվել։ Իսկ դու՞ք։
–Ես մեծ եմ, ժպտաց նա։– Արդեն քսանմեկ տարեկան եմ։
–Դա այնքան էլ շատ չէ,– ես նույնպես ժպտացի։
–Շատ չէ… Ես նույնպես տասնվեց տարեկանում դպրոցական կոմերիտկազմակերպության քարտուղար էի, և դա ե՜րբ էր, հա… Ասես տասը տարի է անցել։
–Ուրեմն դո՞ւք ևս քարտուղար եք եղել,– հարցրի ես։
–Այո։
– Որտե՞ղ։
–Պերվոմայկայի № 6 միջնակարգ դպրոցում։
–Մեր դպրոցու՞մ,-զարմացա ես։ Դուք մեր դպրոցում եք սովորել։
–Սկզբում այո։ Իսկ վերջին երեք տարիներին՝ Գորկու անվան դպրոցում։ Այնպես որ Պերվոմայկայի դպրոցը նաև մեր դպրոցն է,– ժպտաց նա։ Խնդրում եմ չմոռանալ։
–Դե պարզ է,-ներողամիտ ժպիտով ասացի ես։-Ներեցեք։ Իսկ հետո՞,– հարցրի նրան։
–Հետո՞… Հետո գնացի սովորելու։ Ոչ իսկույն, իհարկե, մի տարի աշխատեցի երրորդ ածխահանքում․գրադարանավարուհի էի։
–Կիևու՞մ եք սովորել։
–Իսկ ինչու հատկապես Կիևում։
–Չգիտեմ։ Նաստյայի հետ չէի՞ք սովորում՝ բժշկական ինստիտուտում։
–Աա՜… Ոչ։ Նաստյայի հետ մանկության ընկերուհիներ ենք, չէ՞ որ նրանք նույնպես Պերվոմայկայից են։ Ես Ռոստովում էի սովորում, համալսարանում, հետո փոխադրվեցի Խարկով։ Քիմիական բաժնում էի սովորում։-Ալեքսանդրա Եմելյանովնան որոշ ժամանակ լուռ քայլում էր, հետո փշրված ձայնով ասաց․– Բայց գերմանացիները Խարկովը նույնպես վերցրին։
Անցանք կոլխոզային շուկայի մոտով։ Շուկայի դատարկ ու երկար վաճառասեղանների վրայից, ուր նստել էր ձյան հաստ շերտը, քամին ձյունափոշի էր մաղում գետնին։
–Իսկ դու՞,-հանկարծ խոսեց Ալեքսանդրա Եմելյանովնան։-Դու ի՞նչ ես ուզում դառնալ, Մայա։
–Ես ուզում եմ մարդ դառնալ,-ժպտալով ասացի ես։
–Իսկ ավելի կոնկրե՞տ ,-նրա աչքերը փայլեցին մի կարճ ակնթարթ։
–Առաջ շատ էի ուզում բժշկուհի դառնալ՝ վիրաբույժ։ Իսկ հիմա չեմ ուզում,-ասացի ես։– Սարսափելի է․ վիրադանակներ, արյուն- չեմ ուզում։ Բայց տեսնենք՝ մանկական բժիշկ՝ գուցե։ Ավելի շուտ՝ կուզենայի կառուցող ինժեներ դառնալ։ Միայն թե՝ պատերազմը շուտ վերջանար,– վերջում ասացի ես։-Պատերազմը վերջանա՝ հետո որոշելը հեշտ է։
–Այո,-թախծոտ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան։– Միայն թե շուտ վերջանար,– և քիչ անց տխրությամբ ավելացրեց։-Արդեն երրորդ ամիսն է լուր չկաեղբարներիցս։
–Որտե՞ղ են նրանք,– զգույշ հարցրի ես։
–Որտե՞ղ պիտի լինեն՝ ռազմաճակատում։ Չորս եղբայրս էլ ռազմաճակատում են։ Այնպես եմ կարոտել նրանց։ Չես կարող պատկերացնել։ Չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե երբեք չեմ տեսնելու նրանց։