–Դուք այդ ինչեր եք ասում,– ինչքան կարելի է զվարթ ձայնով ասացի ես։
–Իսկ դու ճակատում ո՞վ ունես, Մայա,-հանկարծ հարցրեց նա, և ես մի տեսակ վատ զգացի, որ ռազմաճակատում կռվող հարազատ չունեմ, և, ասես արդարանալու համար էր, ասացի․
–Հայրս ղեկավար աշխատող է եղել Ռոստովի Նախիջևանում, սպիտակ գվարդիականները սպանել են։– Այդ պահին ես այնպես էի ուզում, որ ողջ լիներ հայրս ու հիմա կռվելիս լիներ գերմանացիների դեմ։
–Ե՞րբ,– ուշացումով հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան։
–Վաղուց։ Ես փոքր էի դեռ։
–Դուք Ռոստովի Նախիջևանո՞ւմ էիք ապրում։
–Այո։ Ռոստովի մոտ հայկական Ղրիմ գյուղ կա, ես այնտեղ եմ ծնվել։ Իմ պապն ու տատը հիմա էլ այնտեղ են ապրում։ Հորս սպանությունից հետո փոխադրվեցինք Պերվոմայկա։ Արդեն տասներկուերորդ տարին է, ինչ այստեղ ենք ապրում։
–Իսկ հորդ հիշո՞ւմ ես, Մայա,-անսպասելի հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան։– Թե՞ մոռացել ես…
–Հիշում եմ,-ասացի ես։-Ինչպես հեռավոր երազի մեջ՝ տեսնում եմ ժպտացող դեմքը։ Միայն դեմքը՝ ուրիշ ոչինչ։ Հիշում եմ մերոնց՝ շրջապատված նրան։ Տատս շարունակ ծեծում էր ծնկները, նայում էր դեպի երկինք, ինչ-որ բան էր ասում, որ հիմա չեմ հիշում, ու նորից ծեծում էր ծնկները։ Մորս եմ հիշում։ Նա ընկել էր հորս դիակին և նրան չէին կարողանում բարձրացնել։ Հետո հորս տանում էին թաղելու։ Դա նույնպես հիշում եմ։ Բոլորը գնում էին ետևից, մայրս սև շորեր էր հագել, նրան տանում էին ձեռքերից բռնած, իսկ նա լաց էր լինում, օրորում էր գլուխը ու լաց էր լինում։ Մայրս մինչև հիմա էլ սև շորեր է հագնում…
–Մի՞թե,-զարմացավ Ալեքսանդրա Եմելյանովնան։
–Այո,-ասացի ես։-Հորս մահից հետո նա միայն սև շորեր է հագնում…
Հետո լուռ էինք։ Երկար ժամանակ լուռ էինք։ Առջևում, լուսնի աղոտավուն լույսի տակ երևացին Պերվոմայկայի ցածր տնակները։ Ասես խոր քնի մեջ էր մեր ավանը՝ ոչ կրակ, ոչ լույս։ Միայն այստեղ-այնտեղ տանիքներից ծուխ էր ելնում։
Ալեքսանդրա Եմելյանովնայի հետ զրուցելով եկանք մինչև մեր փողոցը։
–Գնանք մեզ մոտ,-ասացի ես։
–Շնորհակալություն։ Մերոնք կարող են անհանգստանալ։ Ես գնամ։
–Իսկ հեռո՞ւ է ձեր տունը։
–Ոչ, բլրի ետևն է, հեղեղատից այն կողմ,-ասաց նա։-Հեռու չէ։ Բարի գիշեր։
–Բարի գիշեր,-ասացի ես, թեքվելով մեր բակի կողմը։
–Մենք դեռ կհանդիպենք,-շրջվելով՝ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան։
–Իհարկե,-նույնպես ժպտալով՝ պատասխանեցի ես։– Նույն ավանում ենք ապրում։
Ես կանգնեցի ցանկապատի մոտ, մինչև նա գնաց, անցավ բլրի ետևը
…Բորյան նամակ էր գրել ինձ։ Գիրք էր բերել ինձ համար, իսկ գրքի մեջ՝ նամակ։ «Մեջը բան կա՝ կարդա,– շիկնելով ասաց նա գիրքը հանձնելիս։ – Ցտեսություն»։ Եվ ասես պիտի կանգնեցնեի՝ համարյա փախավ։ Երկար ժամանակ չէի համարձակվում բացել գիրքը։ Տանը ոչ ոք չկար, ես սրտի դողոցով բաց արեցի նամակը։ Այն գրված էր տետրի մի էջի վրա, մազագծերով, մաքուր։ «Իմ թանկագին Մայա,– դանդաղ սկսեցի ես, որպեսզի ուշ վերջանա նամակը։ Թուղթը դողում էր ձեռքիս մեջ։ – Ես այսօր ասեցի քեզ և հիմա նորից կրկնում եմ նույնը. այն, որ ես սիրում եմ քեզ և դարձյալ խնդրում եմ չծիծաղել, որ այսպիսի բան եմ գրում։ Ես չգիտեմ նույնիսկ, թե ինչ գրեմ և առհասարակ չգիտեմ, թե ինչ են գրում նման դեպքերում։ Ներիր, եթե ճիշտ չեմ գրում, միայն կասեմ, որ քեզ սիրելու եմ մինչև իմ կյանքի վերջը, և ուր էլ լինեմ՝ քո անունն է լինելու իմ շուրթերին։ Քո անունը, որ այսուհետև սրբություն է ինձ համար։ Քո նամակի պատասխանին անհամբեր սպասող՝ քո Բորյա։
23.11.41 թ.»։
Ես մի քանի անգամ կարդացի Բորյայի նամակը։ Ասես ինչ-որ բան բաց էի թողել. նորից ու նորից էի կարդում…
Մայա։
P. S. Բորյան, ինչպես միշտ, այսօր դպրոցի ճանապարհին կանգնած սպասում էր։ Դասարան չէր գնացել դեռ, պայուսակը ձեռքին էր։
–Բորյա, ողջույն,– հասնելով նրան, ասաց Ուլյան։– Ողջույն՝ ինչպես իմ, այնպես էլ Մայայի կողմից։
Բորյան ծիծաղեց։
–Իսկ Մայան, ի՞նչ է, լեզո՞ւ չունի,– հարցրեց նա։
–Մայան շփոթվում է,– նազկտանքով ժպտաց Ուլյանան։-Յուրաքանչյուր մարդ էլ, կարծում եմ, իրավունք ունի շփոթվելու։ Ճիշտ չե՞մ ասում։
–Ճիշտ ես ասում,– պատասխանեց Բորյան։
Բորյան նայեց ինձ իր շեղակի հայացքով, և մեր աչքերը հանդիպեցին։ Ես ժպտացի նրան։ Նա այնպես գեղեցիկ էր այսօր։ Ես առաջ անցա։ Ուլյան շշուկով ինչ-որ բան էր ասում Բորյային։ Միայն լսեցի. «Դե, իհարկե, սիրում է» և զգացի, որ իմ մասին է խոսքը։ Երկար ժամանակ լուռ ծիծաղում էի Ուլյայի ասացի վրա։
Մ.
P. S. Իվան Արսենտևիչը առավոտյան դասարան մտավ և ասաց, որ քիմիայի նոր ուսուցչուհի է եկել։ Մենք բոլորս ուրախացանք, որովհետև այս երեք ամիսների ընթացքում քիմիայի երկու ուսուցիչ էին եկել, մի քանի օր պարապել էին, մեկնել ռազմաճակատ։ Քիչ հետո դասամատյանը ձեռքին դասարան մտավ… Ալեքսանդրա Եմելյանովնան։ Աչքերիս չէի հավատում. իսկ ինչո՞ւ նա ինձ չէր ասել այդ մասին։ Մնացել էի կանգնած։
–Նստիր, Մայա,– ժպտալով ասաց նա և, դառնալով դասարանին, հանգիստ ձայնով ավելացրեց.– Այսօրվանից ես ձեզ քիմիա եմ դասավանդելու։ Իմ ազգանունը Դուբրովինա է։ Հույսով եմ, որ իրար կհասկանանք։