Выбрать главу

Իսկ դասամիջոցին ինձ ասաց.

–Մայա, դասերի վերջում չե՞ս սպասի միասին տուն գնանք։

–Իհարկե, կսպասեմ,– ուրախությամբ ասացի ես։

Հետո մենք միասին տուն եկանք։ Երկար զրուցում էինք։ Բաժանվելիս ասաց…

–Խնդրում եմ ինձ անունով կոչել և դուք-ով չխոսել հետս… չէ՞ որ ես քեզանից այնքան էլ մեծ չեմ,– ժպտալով ավելացրեց նա, հիշելով այն օրվա մեր խոսակցությունը։

–Շատ լավ,– ասացի ես։

Այնպես հաճելի է նրա հետ։

Մ․

Կիրակի, 14 դեկտեմբերի 41 թ։ Սկզբում օրը պարզ էր, չոր քամի էր փչում միայն և թվում էր դարձյալ ձյուն է գալիս։ Բայց ձյուն չեկավ, քամին միանգամից կտրվեց, և տները, այգիներն ու փողոցները կորան մառախուղի մեջ։ Հետո երկինքը նորից բացվեց, սոսկ այստեղ-այնտեղ, երկնքի հեռու խորքում, գորշավուն ամպեր էին լողում։

Ես դուրս եկաԱլեքսանդրա Եմելյանովնային ուղեկցելու։ (Երեկ մանկխորհի նիստ էր դպրոցում, նիստից հետո նա մեր տուն էր եկել, որպեսզի միասին գնանք իրենց մոտ, բայց մայրիկը չթողեց։ Ուշ է՝ ասաց, մնացեք մեզ մոտ․ ես ձերոնց իմաց կտամ)։

–Հաջորդ մանկխորհի նիստը ե՞րբ է, Ալեքսանդրա Եմելյանովնա,-դրսում հարցրի ես։

–Դարձյալ՝ Ալեքսանդրա Եմելյանովնա,-նեղացավ նա։-Տես, Մայեչկա, կնեղանամ։

–Լավ՝ Սաշա։ Սաշենկա՝ այդպես լա՞վ է։

–Իհարկե։

–Դե լավ, խոստանում եմ, սրանից հետո այդպես եմ կոչելու՝ Սաշենկա․ ինձ նույնպես դուր է գալիս։

–Փառք աստծո,-ժպտած նա։

–Ե՞րբ է մանկխորհի հաջորդ նիստը,-կրկին հարցրի ես։

–Ի՞նչ ես անում,-սպասողական, աչքերի մեջ ժպիտ՝ Ալեքսանդրա Եմելյանովնան նայում էր ինձ։

–Որպեսզի դարձյալ մեզ մոտ մնաք,-ժպտալով ասացի ես։

–Երբ ուզես,– ասաց նա։– Ուզած օրը կարելի է մանկխորհի նիստ հրավիրել։ Միայն թե այս անգամ դու ես գալու մեր տուն։

–Խնդրեմ,– ասացի ես։-Ես միշտ պատրաստ եմ։

Նա ծիծաղեց և ասաց․

–Ցտեսություն։ Մինչև վաղը։

–Ցտեսություն։– Ես ուզում էի բակ մտնել, փողոցի մյուս ծայրից երևացին մեր դասարանցի տղաները։ «Զինկոմիսարիատից են գալիս»-մտածեցի ես։ Արդեն քանի անգամ է գնում են ու ոչինչ չի ստացվում։ Սպասեք՝ ասում են։ Իսկ այն ժամանակ, երբ պատերազմը նոր էր սկսվել դեռ, մեզ թվում էր, թե հեշտ կլինի կամավոր մեկնել ռազմաճակատ։ Շրջանային զինկոմիսարիատում ու կոմերիտշրջկոմում շարունակ հերթեր էին, միայն հուլիսի սկզբին մեզ հաջողվեց մտնել կոմերիտշրջկոմի առաջին քարտուղար Պրոկոֆի Իվանովիչի մոտ, բայց իզուր։ «Աղջիկներին չենք վերցնում,– ասաց նա։ – Տղաներին նույնպեսուղարկել չենք կարող․ ռազմաճակատի համար նրանք փոքր են դեռ»։ Դա, իհարկե, անչափ վշտացրեց մեզ, որովհետև մենք՝ ամբողջ դասարանով, ուզում էինք մեկնել ռազմաճակատ, և, համոզված էինք, որ մեզ չեն մերժի։ «Դուք այստեղ, թիկունքում ևս կարող եք օգնել ռազմաճակատին,– վերջում ասաց Պրակոֆի Իվանովիչը։– Մենք ձեզ կուղարկենք մոտակա կոլտնտեսությունները՝ բերքահավաքին օգնելու»։ Մինչև սեպտեմբերի վերջը օգնեցինք Կրասնյանկա գյուղի կոլտնտեսությանը, իսկ հետո դպրոցում սկսվեցին պարապմունքները, և մենք նորից վերադարձանք Պերվոմայկա։ Համարյա օրումեջ, կամ երկու-երեք օրը մի անգամ, դասերից հետո, ինչպես նաև կիրակի օրերին, կուսշրջկոմի հրահանգիչ Եվգենի Յակովլևիչ Մաշկովի գլխավորությամբ հակատանկային խրամատներ էինք փորում Վերին Կուրմոյարսկի ստանցիայի մոտ։ Ամբողջ Պերվոմայկան՝ մեծից մինչև փոքրը, հակատանկային խրամատներ էին փորում։ Իսկ հիմա ձյուն է, միայն տղամարդիկ են գնում խրամատներ փորելու․ որին ես գիտեի կոմերիտշրջկոմի նիստերից։

Տղաները շրջապատեցին ինձ։

–Մայա, ծանոթացիր Վիկտորի հետ, -ասաց Տոլյա Պոպովը։-Մեր լավագույն ընկերներից է։

–Իսկ մենք ծանոթ ենք,-ասացի ես։

–Եվ այն էլ վաղուց,– ժպտաց Վիկտորը։

–Այդ մեկը մենք չգիտեինք,– կեղծ լրջությամբ ավելացրեց Տոլյան։

–Իսկ այս ո՞ւր եք հավաքվել այսպես,-հարցրի ես, նայելով նրանց բոլորին ու ակամա ժպտալով Բորյային։– Եթե, իհարկե, գաղտնիք չէ։

–Խրամատ էինք փորում, իսկ հիմա մաքուր օդ ենք շնչում, շեկ մազերը գլխի թեթև շարժումով ճակատից ետ գցելով, ասաց Վասյա Բոնդարևը։– Լավ օդ է՝ կիլոգրամը զրո կոպեկ։

–Կարող եք միանալ, եթե դեմ չեք,– ժպտաց Տոլյա Պոպովը։-Դե՞մ չեք։

–Իհարկե, դեմ չեմ,– ուրախ ասացի ես։ Ինչպես կարող եմ մերժել այսպիսի տղաներին… Իսկ զինկոմիսարիատում ի՞նչ ասացին,-ինձ համար ևս անսպասելի՝ հանկարծ հարցրի ես։

–Սպասեք՝ ասում են,– դժգոհ ասաց Վիկտոր Պոպովը։– Սպասեք, ինքներս կկանչենք, ասում են։ Մինչև երբ սպասենք՝ հայտնի չէ։

–Դե, եթե ասում են սպասեք, ուրեմն պետք է սպասել՝ ի՞նչ արած,– սփոփելու համար ասացի ես։ -Նրանք, հավանաբար, մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անել։

Մի կարճ պահ բոլորը լուռ էին:

–Հետո պատերազմը կվերջանա, իսկ մենք ոչինչ չենք արել, -լռությունը խախտեց Անատոլի Պոպովը: -Նստել ու սպասել, թե երբ կվերջանա պատերազմը՝ շշմել կարելի է: Իսկ պատերազմը չի վերջանում, ընդհակառակը՝ գնալով բորբոքվում է:

–Իսկ եթե գնանք ու միանանք մեր բանակի՞ն,-չարաճճի աչքերը խաղացնելով, ասաց փոքրիկ Դեմյանը:-Գնանք գտնենք: