–Իսկ որտե՞ղ է բանակը,– ասաց Բորյան, որ մինչ այդ լուռ էր, մի կողմ կանգնած:
Դեմյանը Բորյայի ծաղրանքը չհասկացավ:
–Ի՞նչ իմանամ- ուսերը թոթվեց նա:-Որտե՞ղ պիտի լինի՝ ռազմաճակատում: Ռազմաճակատը հեռու է:
–Որոշված է,– կկոցելով աչքերը՝ ժպտաց Բորյան:-Գնում ենք գերմանացիների դեմ կռվելու: Դիմկայի հրամանատարությամբ:
–Ինձ համար մեկ է, թե ում հրամանատարությամբ կկռվենք,– առանց Բորյային նայելու, նեղացած ասաց Դեմյանը: -Միայն կկռվենք, ոտից-գլուխ ջարդենք անարգ թշնամուն:
Բոլորը ծիծաղեցին:
Հետո կանչեցինք Անգելինային, Լիլիային, Նինա Մինաեվային, Նինա Գերասիմովային, Վասյա Բոնդարևը կանչեց քրոջը՝ Շուրային, և բոլորս միասին գնացինք Ուլյայի ետևից՝ հեղեղատից այն կողմ:
Մինչև ուշ ձնագնդի էինք խաղում: Վիկտոր Տրետյակեվիչը նույնպես մեզ հետ էր: Թափառում էինք խմբով: Իսկ ձյունը գալիս էր ու գալիս: Մեր թարթիչներին անգամ ձյուն էր նստել: (Համեմատաբար միակ ուրախ օրը վերջին ամիսների ընթացքում): Հետո Բորյան եկավ ինձ ճանապարհելու: Արդեն մութ-մութ էր, նա շարունակ ուզում էր թևանցուկ անել ու չէր համարձակվում: Ես դա զգում էի: «Չե՞ս մրսում», – շարունակ հարցնում էր նա, կողքանց նայելով ինձ: «Ոչ», – ասում էի ես, թեպետ իսկականից մրսում էի. Սառը քամի էր փչում: Իսկ մեր տան մոտ, բաժանվելիս, հարցրեց.
–Ուզու՞մ ես, որ ես բանակ գնամ:
Այդ մասին առաջ երբեք չէի մտածել, չգիտեի ինչ պատասխանել:
_Ինչու՞ ես լռում, – կարճ դադարից հետո հարցրեց նա:
–Այդ մասին երբեք չեմ մտածել, – ասացի ես:
–Ինչու՞:
–Չգիտեմ:
–Իսկ հիմա՞:
–Հիմա ինչ՞:
–Կուզենայի՞ր որ ես բանակ գնայի:
–…Կուզենայի, եթե ինձ էլ վերցնեին, – ասացի ես: -Միասին կկռվեինք: Բայց մեզ չեն վերցնում:
–Այո, աղջիկներին չեն վերցնում, մտախոհ ասաց Բորյան:
–Եթե բուժքույրերի դասընթացներն ավարտած լինեի, կվերցնեին: Մեր դասարանցի Լիլիա Իվանիխինայի քույրը՝ Տոնյան ավարտել է այդ դասընթացները և հիմա սանհրահանգչուհի է ռազմաճակատում՝ Վիտեբսկի մոտ: Ի միջի այլոց, մենք նրա հետ շատ մոտիկ ընկերուհիներ էինք:
–Վիրավոր չլինեի, ես էլ հիմա ռազմաճակատում կլինեի, – ասաց Բորյան մտախոհ: -Իսկ հիմա չեն վերցնում… դեռ չես ապաքինվել՝ ասում են իրավունք չունենք։ Այնպես կուզենայի ճակատում լինել… այստեղ ոչինչ անել չեմ կարողանում. տղաները խրամատ են փորում, իսկ ես կանգնում եմ նրանց մոտ․ տանը նստել չի լինում. քիչ է մնում պայթի սիրտս…
Քամին ձյունը քշում, կիտում էր ցանկապատի երկարությամբ։ Ես ետ նայեցի. չէր երևում՝ վառվո՞ւմ է մեր լամպը, թե՞ ոչ. պատուհանները քողարկված էին։
–Եթե վիրավոր չլինեիր, երևի չհանդիպեինք,– ասացի ես նայելով Բորյային։
–Ինչո՞ւ,– զարմացավ նա։
– Ո՞րտեղ պիտի հանդիպեինք։
–Չէ՞ որ, միևնույն է, ես պիտի գայի Պերվոմայկա, իմ ծնողներն այստեղ են ապրում։ Պատերազմից հետո գալու էի։
– Շքանշաններով, մեդալներով,– ժպտացի ես,– որպես հերոս։
– Չէ մի՝ հերոս։– Բորյան ժպտաց։– Հո բոլորը հերոս չեն դառնում։
–Դու կդառնայիր։ Եթե հերոսի շքանշան չունենայիր, չէի խոսի քեզ հետ։
– Իսկ հիմա ինչո՞ւ ես խոսում,– ինքնաբավականությամբ ժպտաց Բորյան։
– Հենց այնպես,– ասացի ես։– Խոսեցնում ես՝ խոսում եմ։
Բորյան ծիծաղեց։
–Դե ես գնամ,– ասացի ես։– Բարի գիշեր։
–Ի՞նչ է, ցուրտ է,– հարցրեց Բորյան, հանկարծակի բռնելով ձեռքերս։– Բեր տաքացնեմ։
– Եվ ցուրտ է, և ուշ է արդեն,– առանց ձեռքերս նրանց ափերից հանելու, ասացի ես,– մայրիկը սպասում է։
– Չէ, երևի մրսում ես։ Ես հիմա կտաքացնեմ։– Նա արագ, շտապողական սկսեց շնչով տաքացնել մատներս։– Այս ինչքան սառն են,– շշնջաց խզված ձայնով։– Ես հիմա կտաքացնեմ քո մատները… Սառն են, բոլորովին սառն են քո մատները, Մայա,– մրմնջաց նա։-Դու այս ինչ գեղեցիկ մատներ ունես… հիմա կտաքացնեմ… Արդեն չես մրսում, չէ…
– Ոչ, չեմ մրսում,– ինքս էլ չիմանալով, թե ինչ է կատարվում ինձ հետ, դողացով ձայնով ասացի ես, ձգտելով մատներս հանել նրա ափերից։
–Հիմա արդեն տաքանում են,– մատներիս վրա արագ շնչելով արտասանեց Բորյան։– Հիմա արդեն սառը չեն, հիմա էլ չեն մրսի… որովհետև ես, ահա տաքացնում եմ… և եթե պատահի, եթե ինձանից բացի մեկ ուրիշի հետ խոսես, Մայա, ես չգիտեմ, դու չես պատկերացնում…
Եվ հանկարծ ես ընդոստ ետ քաշեցի ձեռքերս…
–Ոչ,– հուզված արտաբերեցի ես, մատներիս վրա դեռևս զգալով նրա շեւրթերի տաք հպումը։– Պետք չէ… բարի գիշեր…
Ես վազեցի տուն. Իսկ նա երկար ժամանակ կանգնած էր դեռ մեր տան մոտ, մթան մեջ։
Տարօրինակ, արտասավոր, գեղեցիկ ու զարմանալի օր էր այսօր։
Մայա։
Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի 1941 թ.։ Բոլոր տները մութ, բոլոր տներում՝ ճրագները մարած, ոչ բաժակների զնգոց, ոչ ուրախ կենացներ,– նոր տարի է։ Դրսում ցուրտ է, երեսուն աստիճան սառնամանիք, քամին ոռնում, կախկանձում է, ծեծում դուռ ու պատուհան։
Պատերազն է, սառնամանիք ու նոր տարի։ Ե՞րբ կվերջանա պատերազմը՝ ոչ ոք չգիտի։ Նոր տարի… Գոնե այս նոր տարում ավարտվեր պատերազմը, նորից սկսվեր նախկին կյանքը։ Նախկին խաղաղ ու երջանիկ կյանքը։ Ես ակամա հիշեցի, թե անցյալ տարի ինչպես դիմավորեցինք նոր տարին։ Ախ, մի՞թե եղել են այդպիսի երջանիկ օրեր։ Ինչպես էինք ուրախանում, ինրպես էինք երգում և ինչպես էինք սպասում նոր տարվա հանդեսին։ Մայրիկը հատկապես այդ օրվա համար կապույտ մետաքսի շրջազգեստ էր կարել, թեև ես բողոքում էի, որ նա իր համար կարեր։ Ես հագա այդ զգեստը, դրեցի սպիտակ ժանյակավոր օձիքս, որ Աշխեն հորաքույրս էր ուղարկել Ռոստովից, հետո մայրիկը մազերիս մեջ կովկասյան երիցուկ ամրացրեց։ Նայեցի հայելու մեջ, ծիծաղեցի։