Выбрать главу

–Ես այսպես չեմ ուզում, մամ,– ասացի ես։– Այնպես շքեղ ես հագցրել, ասես հարս եմ գնում, շատ է աչքի զարնում, չեմ հագնի։

– Թող մնա,– ասաց մայրիկը, հպարտությամբ ու գորովանքով նայելով ինձ։– Ես ուզում եմ, որ իմ աղջիկը բոլորից գեղեցիկ լինի հագնված։

–Մարդուն շորը չէ, որ գեղեցկացնում է, մամանյա,– ժպտալով ասացի ես, հանեցի այդ զգեստը և հագա իմ սիրած կապույտ բրդյա շրջազգեստը։

Մայրիկն, իհարկե, նեղացավ, բայց ես գրկեցի նրան և այնպես գրկած, այտս-այտին, ասացի, «Մյուս անգամ կհագնեմ, մի նեղացիր, մամանյա»։ Մայրիկը ժպտաց, ասաց. «Դու սատանային անգամ կգժվացնես»։ Հետո մենք միասին, թևանցուկ գնացինք Գորկու անվան ակումբը։ Ի՜նչ գեղեցիկ, ի՜ նչ սքանչելի էր այդ օրը։ Երբեք չպիտի մոռանամ։ Եվ հիմա թվում է, թե վաղո՜ւց- վաղուց էր դա, մի քանի տարի առաջ…

Քամին ուժգին ծեծեց տան դուռը, փախավ։

Ավանային խանութը առավոտյան հաց է ստանալու։ Մարդիկ հերթ են կանգնել ցրտի մեջ։ Մայրիկն էլ այնտեղ է։ Վառարանում հոգնած մարմրում է կրակը։ Տխուր է։ Տխուր է։ Տխուր է։

Մայա

Չորեքշաբթի, 14 հունվարի 42 թ. Օրերը տխուր են նորից, իրար միանման, ձանձրալի, նորից ձյուն է գալիս։

Այգում, ցրտի մեջ անշարժ կանգնել են մերկ ծառերը։ Ծառերի ճղներին փափուկ թխվածքի պես ծանրացել են շողշողուն ձյան հաստ շերտերը։ Փլվում է շերտը, ճյուղը շտկվում, սկսում է ճոճվել։

Ձյան խոշոր փաթիլները նոսր մշուշի միջից գալիս, պտտվում են ծառերի վրա, օրորվելով, դանդաղ գնում են դեպի ցած։

Ես երկար, երկար նայում եմ անշտապ ընկնող փաթիլներին և ինձ հեռավոր ու կարոտալի մի աշխարհ է երևում այնտեղ, հեռվում, յոթը սարից, յոթը ձորից անդին՝ անպատերազմ ու արևոտ մի աշխարհ, մի անծանոթ երջանկություն։

Թանձր փաթիլներով առատ ձյուն է գալիս։ Եկավ Բորյան։ Նրա սև երկար թարթիչներին ձյուն էր նստել։

–Եկել եմ նոր տարիդ շնորհավորելու,-ասաց նա։

–Ի՞նչ նոր տարի,-սկզբում չհասկացա ես։

–Հին տոմարով նոր տարի է այսօր,-ասաց Բորյան։-Եկել եմ շնորհավորելու։

Որպս նվեր՝ նա ինձ համար բերել էր Հյուգոյի «Իննսուներեքը»։ Հունվարի մեկին նվիրել էր «Մարդը, որ ծիծաղում է» վեպը, իսկ հիմա «Իննսուներեքը»։

–Շնորհակալություն, Բորկա,– զգացված ասացի ես,– հենց այսօր կսկսեմ կարդալ։

Ես նրան տուն չհրավիրեցի, որովհետև մայրիկն արդեն աշխատանքից վերադարձել, տանն էր։ «Վաղը դպրոցում կհանդիպենք»,– ասացի ես։ Երևի վիրավորվեց, որ տուն չհրավիրեցի։

Մայա։

Ուրբաթ, 30 հունվարի։ Արդեն երկրորդ շաբաթն է մեզ մոտ, սովետական բանակի մի լեյտենանտ է ապրում՝ Վլադիմիր Իգնատևիչ Բեսսոնովը։ Բարակ- բարակ, սլացիկ, նուրբ ու դալուկ դեմքի տիրական արտահայտությամբ՝ նա ամեն առավոտ զինվորական բլուզով ու երկար շինելով՝ ձգված ու ճկուն, դուրս է գալիս տնից և վերադառնում է ուշ երեկոյան։

Առաջին անգամ, երբ նա մեր տուն եկավ և ասաց, որ մեզ մոտ պիտի մնա, մենք մի քիչ զարմացանք։

Այդպիսի հրահանգ կար՝ բնակչությունը պարտավոր է գիշերելու տեղ տալ ռազմաճակատ մեկնող սովետական սպաներին։ Հրսհսնգ կար, բայց այդպես էլ մեզ մոտ՝ Պերվոմայկա, ոչ ոք չէր գալիս։ Երևի նրա համար, որ Պերվոմայկան Կրասնոդոնից բավականին հեռու է՝ երկու- երեք կիլոմետր։ Եվ հանկարծ՝ այն էլ մութ երեկոյան…

–Ես մի քանի օր կմնամ ձեզ մոտ,– ասաց նա, փոքրիկ ճամպրուկը դնելով գետնին, դռան մոտ։

Խոհանոցին կից փոքրիկ սենյակը, ուր ես ապրում էի, մայրիկի հետ կարգի բերեցինք, փոխեցինք տեղաշորը և, երբ ամեն ինչ պատրաստ էր, ես ասացի լեյտենանտին։

–Ընկեր լեյտենատ, ձեր սեյակը պատրաստ է։

Նա սեղանի մոտ կանգնած մեկ- մեկ նայում էր գրքերս, շրջվեց, գլուխ տվեց և թույլ ժպտաց.

–Ոչ թե ընկեր լեյտենանտ, այլ՝ Վլադիմիր Իգնատևիչ, կամ պարզապես՝ Վոլոդյա,– և ուշադիր նայելով ինձ, ավելացրեց.-Ներեցեք, ես ահագին նեղություն եմ տալիս ձեզ։

Ես շփոթվեցի նրա հայացքից և ոչինչ չգտա ասելու։

Իսկ երեկ, կեսօրից հետո, եկավ գունատ (ես դպրոցից վերադարձել էի արդեն), երկար չեմ կարողանում մի տեղ նստել։

–Գերմանացիները վերցրել են Վոլոկոլամսկը,– տրտմորեն ասաց նա։

Մենք լուռ էինք, սպասում էինք, թե նա էլ ինչ կասի։

–Կինս ու աղջիկս այնտեղ են,– քիչ անց փշրված ձայնով ասաց նա։-Չեն հասցրել էվակուացվել։

Իսկ հետո.

–Ես երևի մի քիչ երկար մնամ ձեզ մոտ,– մտացրիվ նայելով մեկ մայրիկին, մեկ ինձ, մեղավոր ասաց նա։– Այդպես ստացվեց։

– Մնացեք ինչքան պետք է,– ասաց մայրիկը։

–Շնորհակալություն,– նա գնաց իր սենյակը և քիչ անց վերադարձավ՝ «Պրավդա»– ի համարներից մեկը ձեռքին։– Մոսկվայից ոչ հեռու, Պետրիչե գյուղի մոտ, – ցածր ձայնով ասաց նա՝ թերթը դնելով սեղանին,– գերմանացիները կախաղան են հանել տասնյոթամյա մի աղջկա՝ Տանյա անունով։ Նրան բռնել են գերմանական զինապահեստը վառելիս և ինչքան էլ չարչարել, խոշտանգել են՝ ոչինչ չի խոստովանել։ Այստեղ այդ մասին է գրված․ «Պրավդա»-ի հունվարի 27-ի համարն է, կարդացեք։