Выбрать главу

Եվ թերթը կարդալիս, և հետո, երբ գնում էի ավանային ակումբ՝ միտինգի, ուր ելույթ ունեցավ նաև Վլադիմիր Իգնատևիչը, ու հետո՝ վերադարձի ճանսպարհին, հետո՝ տանը, երբ մայրիկի հետ միասին ծանրոց էինք պատրաստում՝ ռազնաճակատ ուղարկելու համար, հետո՝ երեկոյան, երբ իջեցրել էինք ճրագի պատրույքը և տունը լցվել էր կիսախավարով,– ես շարունակ մտածում էի կոմերիտուհի Տանյայի մասին։ Նա շարունակ իմ աչքի առաջ էր, նրան խոշտանգում էին, կիսամերկ ու ոտաբոբիկ ժամերով կանգնեցնեւմ էին սառնամանիքի մեջ, շիկացած երկաթով դաղում էին մարմինը, իսկ նա ոչինչ չէր ասում, լուռ էր։ Նրան տանում էին դեպի կախաղան, անբողջ գյուղը լալիս էր, իսկ նա դարձյալ լուռ էր, միայն կծում էր շուրթերը, և նրա աչքերում արտասուք չկար։

Ես շարունակ նրա մասին էի մտածում։

–Կարդացի՞ք,– առավոտյան հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը։

–Այո,– ասացի ես։– Կարդացի։ Ուղղակի հերոսուհի։ Զոհվել է, բայց դե ինչ գործ է կատարել,– ավելացրի ես, թերթը վերադարձնելով նրան։-Ոչինր, որ մարդ այդպես մեռնի։ Իմ կարծիքով, դա նույնիսկ մահ չէ, իմ կարծիքով, դա անմահություն է։

Վլադիմիր Իգնատևիչը նայում էր ինձ, հետո ցածրաձայն ասաց.

–Այո,– քիչ լռեց ու հետո ցածրաձայն ասաց.-Այո։-Եվ կրկին երկար նայում էր ինձ։-Իսկ ի՞նչ կանեիք դուք,-վերջապես հարցրեց նա։– Նրա տեղ դուք լինեիք եթե, ի՞նչ կանեիք։

Հարցն անսպասելի էր, ես որոշ ժամանակ լուռ մտածում էի, իսկ հետո ասացի.

–Պարզ է, ես կվարվեի նրա պես. ես ոչինչ չէի խոստովանի։

Վլադիմիր Իգնատևիչի աչքերում ու այտերի վրա հազիվ նշմարելի ժպիտ երևաց։

–Դուք ինձ չե՞ք հավատում,– հարցրի ես։

–Հավատում եմ,– արագ ասաց նա՝ մի կարճ պահ ուղիղ նայելով իմ աչքերին։– Ես ձեզ հավատում եմ։

Լռություն։

–Վլադիմիր Իգնատևիչ, իսկ դուք չէի՞ք գա մեր դպրոցը՝ հանդիպման։ Ձեր ելույթը երեկ ինձ շատ դուր եկավ… Ես աշակերտներին հավաքեմ։ Ուզում եք երկար դասամիջոցին, ուզում եք՝ դասերից հետո։ Ես նրանց կկարդամ թերթի հոդվածը՝ Տանյայի մասին, իսկ դուք կպատմեք, թե ինչ է կատարվում ռազմաճակատում…

–Իսկ ձեր դասերը ե՞րբ են վերջանում,– երկար մտածելուց հետո հարցրեց նա։

–Մեկ անց կեսին։

–Կգամ,– ասաց նա։։– Կպատմեմ Խալխին-գոլի դեպքերի մասին։ Մի քիչ էլ ռազմաճակատից կխոսեմ։ Հո դե՞մ չեմ։

–Չէ, ինչ եք ասում,– ոգևորված ասացի ես։– Դուք մասնակցե՞լ եք, ուրեմն, Խալխին-գոլի ճակատամարտին։

–Իհարկե,-ժպտաց նա։-Նույնիսկ վիրավորվել եմ։ Այն էլ երկու անգամ։

Մայա։

P. S. Հանդիպումը սրտառուչ էր, իսկ վերջեւմ, հանդիպումից հետո, Բորյան դպրոցի բակում մոտեցավ ինձ։ Մռայլ, գլխահակ կանգնել է ու ոչինչ չի ասում։ Գետնին է նայում։

–Ի՞նչ է պատահել,– կամացուկ, որպեսզի ոչ ոք չլսի, հարցրի ես։

Չի խոսում. գետնին է նայում դարձյալ։

–Ձեր տա՞նն է ապրում,– վերջապես հարցրեց նա։

–Ո՞վ,-իբր չհասկացա ես։

–Այդ լեյտենանտը,– առանց աչքերը բարձրացնելու, խռպոտ հարցրեց Բորյան։

–Այո,-իբր ոչինչ չկռահելով, ասացի ես։– Ես էի խնդրել, որ գա հանդիպման։ Չմերժեց։

–Չմերժեց,– Բորյան փայլկտացող աչքերով նայեց ինձ։– Ինչո՞ւ չմերժեց։

–Չգիտեմ,-ուժով զսպելով ծիծաղս, ասացի ես։-Սքանչելի տղա է։

–Այո՞… Դե լավ, ես գնացի,– անսպասելի ասաց նա։– Առանց ինձ էլ, տեսնում եմ, տխուր չէ քեզ համար։– Նա արագ թեքվեց, և, աշխատելով չկաղալ՝ գնաց դեպի հեղեղատ տանող ճանապարհով։

Աղջիկներն ու տղաները հեռվում շրջապատել էին Վլադիմիր Իգնատևիչին. տաք զրույցի էին բռնվել նրա հետ, և ինձ թվաց, թե ոչ եք չէր լսում մեզ։ Բայց քիչ անց, դպրոցի բակից դուրս գալիս, Ուլյան, սեղմվելով ինձ, ծիծաղելով ասաց.

–Նա, ի՞նչ է, չգիտե՞ր։

–Ի՞նչը,-հարցրի ես։

–Լեյտենանտի մասին։ Չգիտե՞ր, որ ձեր տանն է ապրում։

–Իհարկե, գիտեր։ Առաջին օրն եմ ասել։

–Էլ ինչի՞ էր աքլորանում։ Պարզ է, խանդում է։ Որտեղ սեր՝ այնտեղ էլ խանդ. ուշադրություն մի դարձրու։

Հեռվում, դեպի հեղեղատ իջնող բլրակի վրա, դեռ երևում էր Բորյան։ Ես երկար ժպտում էի Բորյայի ետևից։

Մայա։

P. S.– Այն տղան ինչո՞ւ էր բացակայել,– քիչ առաջ հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը։

Ես զարմացած նայեցի նրան. «Նա որտեղի՞ց գիտի»։

–Ի՞նչ տղա,– ասացի ես։

–Ցերեկը։ Դպրոցի բակում։

–Չգիտեմ,– ասացի ես կարմրելով։

–Դուք նայում էիք նրա ետևից և շարունակ ժպտում էիք,– հանգիստ ավելացրեց նա։

–Դո՞ւր եկավ ձեզ մեր դպրոցը,– խոսակցությունը փոխելու համար հարցրի ես։

–Այո,– պատասխանեց Վլադիմիր Իգնատևիչը,– դուք գեղեցիկ էիք ժպտում,– ավելացրեց նա, ուշադիր նայելով ինձ։– Ես դա կհիշեմ։ Եվ գիտե՞ք,-հանկարծ ասաց նա՝ շփոթված ժպտալով։– Դուք ինձ շատ եք հարազատ, ներեցեք անկեղծության համար, որովհետև, իմ կարծիքով, երբեմն չափից դուրս անկեղծությունն էլ կեղծավորություն է։ Բայց, հուսով եմ, որ դուք իմ մասին այդպես չեք մտածում։ Երբ առաջին անգամ եկա ձեզ մոտ և տեսա ձեզ, չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե ես վաղուց գիտեմ ձեզ։ Այնպես հարազատ թվացիք ինձ։ Իսկ հիմա՝ առավել ևս․.. Ես աղջիկ ունեմ՝ անունը Մարինա, դուք այդ մասին գիտեք, և ես այնպես եմ ուզում, որ նման լինի նա ձեզ։ Ես նրան չեմ տեսել, թեպետ արդեն երեք տարեկան է, և շատ եմ ուզում, որ նման լինի ձեզ։ Իսկ ես կհիշեմ ձեզ։