–Ե՞րբ,– չգիտեմ ինչու, ակամա հարցրի ես։
–Ռազմաճակատում։ Կան բաներ՝ մի խոսք, մի հայացք, թեթև մի ժպիտ, և այլն, որ հիշվում են մարդու ամբողջ կյանքում, մինչև նրա կյանքի վերջը։ Ես ձեր ժպիտը կհիշեմ միշտ…
Ես երկար ժամանակ ոչինչ չէի գտնում ասելու։
Մայա։
Շաբաթ, 21 փետրվարի 1942 թ. Բանակից վերադարձել է Սեմյոն Միտրոֆանովիչը։ Մեր դպրոցի նախկին պահակը։ Այսինքն, մոտ երկու ամիս առաջ էր վերադարձել, բայց դպրոց չէր գալիս, տանը պառկած էր։ Մենք՝ համարյա ամբողջ դասարանով, երկու անգամ գնացել էինք նրան տեսության, և նա այնպես էր ուրախացել… Նա պատերազմի հենց առաջին օրն էր գնացել զինկոմիսարիատ, սակայն նրան չէն վերցրել։ Սեմյոն Միտրոֆանովիչը նամակ էր գրել Բուդյոննուն, բողոքել։ Ու նոր միայն վերցրել էին։ Եվ հիմա վերադարձել է նա՝ նիհար, մի քանի տեղից վիրավոր։ Բայց առաջվա Սեմյոն Միտրոֆանովիչն է՝ առույգ, թախծոտ ժպիտը դեմքին։ Առաջվա պես կատակը անպակաս է նրա խոսքից։
Ձեռնափայտի օգնությամբ , կաղալով ու երբեմն մատներով սղալելով երկար բեղերը, քայլում է նա միջանցքով, իսկ երեխաները գնում են նրա ետևից, ռազմաճակատից հարցեր տալիս։ Եվ նա պատմում է՝ խոսքը համեմելով կատակներով։
–Գերմանացիների հանդիպե՞լ եք, Սեմյոն Միտրոֆանովիչ,– այսօր, երկար դասամիջոցին խմբվելով նրա շուրջը, հարցրինք մենք։
–Բա՜,– իբր նեղացավ Սեմյոն Միտրոֆանովիչը։– Բա այդպիսի հարց կտա՞ն, ձ-ձեզ մատաղ։ Հանդիպել եք…Մ-մի տես ինչ է ասում… Ինչքան ասեք կոտորել եմ… Ընկեր Բուդյոննին նամակ գրեց, տ- տասը տեղից վիրավորվել ես, ասում է, գնա տուն։ Մտածեցի, մտածեցի, ասի՝ գնամ դպրոցս, երեխեքս երևի տխրում են առանց իրենց Սեմյոն Միտրոֆանովիչի… Ճիշտ ասեք, տխրո՞ւմ էիք, թե չէ, – հարցրեց նա, ծերունական ժպտուն ու մանր աչքերը սահեցնելով բոլորիս վրայով։
–Իհարկե,–խմբով ասացինք մենք։– Շատ էինք տխրում։
Եվ, իրոք, առանց նրան դպրոցը որբացել էր մի տեսակ։
–Էդպես էլ գիտեի… ես էլ էի տխրում… Իսկ հիմա եկել եմ դ-դպրոցի նախկին պահակ Սեմյոն Միտրոֆանովիչը իր պոստում ամուր կանգնած է։ Ը-ընկեր Բուդյոննին գրեց…
–Ընկեր Բուդյոննուն ճանաչո՞ւմ եք,– կեղծ զարմանքով հարցրեց Ուլյան։
–Չէ մի՝ ճանաչում է,– կողքից ասաց Շուրա Բոնդարևան։– Անունը լսել է պարզապես…
–Բա, բա… տեսնո՞ւմ եք ինչ հարց եք տալիս… տեսնո՞ւմ եք ինչեր եք ասում,– իբր դարձյալ նեղացավ Սեմյոն Միտրոֆանովիչը, բայց ժպտում էր ։ – Ոնց թե՝ ճանաչո՞ւմ եք։ Ես նրա բանակում վիցե- ունտեր օֆիցեր էի տասնութ թվին։ Իմացել էր, որ վիրավորվել եմ, նամակ էր գրել…
Զանգը տվեցին, և մենք գնացինք դասարան։
Ալեքսանդրա Եմելյանովնայի դասն էր։ Նա մտավ դասարան, մեր ժպիտները հանգան։ Արդեն չորրորդ օրն է, ինչ եղբոր սև թուղթը եկել է, նա դասարան է մտնում տխուր, նստում է գրասեղանի մոտ, բացում է մատյանը, աչքերը դանդաղ սահում են մեր անունների վրայով և հանկարծ, քար լռության մեջ, նա կամացուկ կարդում է մեկն ու մեկիս ազգանունը։
–Արի դաս պատասխանիր։– Նույնիսկ չի բարձրացնում աչքերը։ «Եղբայրներիս մեջ ամենից շատ նրան էի սիրում,– երեկ, դպրոցից տուն գալիս, խորը թառանչանքով ասաց նա։– Շատ էինք կապված իրար։ Եվ հիմա հավատս չի գալիս, որ նա չկա։ Ախր ինչպե՞ս կարող է… բոլորովին երեխա էր դեռ…» Ես քայլում էի նրա կողքից և սփոփանքի խոսք չէի գտնում ասելու։ Իսկ նավխոսում էր, խոսում էր, շարունակ պատմում էր եղբոր մասին։
–Եթե դու չլինեիր, ես կխելագարվեի,– հանկարծ ասաց նա, և ես զարմանքով նայեցի նրան։
–Այո,–առանց իմ կողմը նայելու, շարունակեց Ալեքսանդրա Եմելյանովան։– Թե չէ շատ տխուր է… տանը մտածում եմ, որ պիտի գամ մոտդ, խոսենք հազար ու մի բանի մասին, և սիրտս թեթևանում է։
–Վաղն արի մեզ մոտ,– հրավիրեցի ես, մեզ մոտ կմնաք, իսկ կիրակի օրը միասին կգնանք ձեր տուն։ Վլադիմիր Իգնատևիչը ձայնապնակներ է բերել,– ավելացրի ես։– Երաժշտություն կլսենք.․.
–Երեկոյան դեմ կգամ,– մտամոլոր ասաց նա։– Ցտեսություն։– Նա քայլում էր առանց ետ նայելու, գլխահակ ու մի քիչ առաջ թեքված, իսկ մութն ընկնում էր արդեն և իրիկնային նոսր ու թափանցկ մշուշը նրա ոտքերին քսվելով սահում էր սառած գետի վրայով։
Ես նայեցի ժամացույցին. ուր որ է՝ կգա հիմա Ալեքսանդրա Եմելյանովնան…
Բակի դռնակը ետ գնաց։
Նա է։
Մայա։
P. S. Վլադիմիր Իգնատևիչը բերեց «Պրավդա»-ի փետրվարի տասնութի համարը։
–Կարդացե՞լ եք այսօրվա «Պրավդա»-ն,– բացելով թերթը, հարցրեց նա,– Տանյայի մասին՝ հիշո՞ւմ եք ակնարկը…
– Ոչ, չենք կարդացել…– Ես արագ վերցրի թերթը և սկսեցի բարձրաձայն կարդալ։
Մոսկվայից ոչ հեռու, Պետրիչը գյուղի մոտ կախաղան հանված տասնութամյա պարտիզանուհու անունը, պարզվում է, ոչ թե Տանյա էր, այլ՝ Զոյա։ Զոյա Կոսմոդեմյանսկայա։ Հարցաքննության ժամանակ նա չէր տվել իր անունը։
Մենք երկար ժամանակ լուռ էինք։