Выбрать главу

–Ե՞րբ պիտի գա այդ գազանների վերջը,– լռությունը խախտեց մայրիկը։– Մի՞թե դրանք չպիտի ստանան իրենց արժանի պատիժը։

–Կստանան,– մտածկոտ ասաց Վլադիմիր Իգնատևիչը։ Նա լուռ նայում էր գետնին, հետո բարձրացնելով աչքերը և նայելով մեզ, դանդաղ ասաց.– Կստանան, և դա կլինի շուտով…

Ինչպիսի թեթևություն բերեցին մեր սրտերին այդ բառերը։

Կլոր լուսինը անշարժ կանգնել էր երկնքում։ Չգիտեմ ինչու, լուսնյակն ինձ այսօր սովորականից պայծառ է թվում։ Նույնիսկ ժպտում է ասես։ Տեսնես Բորյան քնա՞ծ է, թե՞ արթուն։ Տեսնո՞ւմ է իրենց տան վրա կանգնած լուսինը։ Գիշերը վաղուց է կիսվել։ Քնած է երևի։ Իմ քնափ, խանդոտ ու խռովկան Բորյան։ Բարի գիշեր, Բորկա։

Մայա։

Երեքշաբթի, 3 մարտի 42 թ. … Անձրևախառն ձյուն է գալիս։ Եվ, չնայած դրան, բլրալանջերին ու ձորակներում զինվորական պարապմունքներ են գնում։ Ոչ միայն երիտասարդներին, ծերունիներին ու կանանց ևս տանում են պարապմունքների. պաշտպանական գծեր են քաշում, սովորեցնում են կրակել, նռնակ նետել… Վլադիմիր Իգնատևիչը նույնպես այնտեղ է։ Մեր տղաների հետ նա է պարապում։ «Շարքով առաջ»,– առավոտյան լսվում է նրա հրամանը։ Նա չէր երևում, ես նրան ձայնից ճանաչեցի։ «Արագ-արագ»,– այնտեղ, բլրալանջն ի վար, ձյուների միջով սողացող տղաներին հրամայում է նա։– Արագ…»

Այսօր ես չեմ գնացել պարապմունքների. կուսշրջկոմի բյուրոյի նիստ էր։ Իսկ հիմա դանդաղ քայլում եմ տոփանված ճանապարհով, առջևից ինչ- որ մեկը գնում է՝ նույնպես դանդաղաքայլ, զգույշ։ Կոլխոզային շուկայի մոտ նա խոնարհվում, սայլանիվի տակ ջարդված մի կարտոֆիլ է վերցնում, խնամքով դնում գրպանը։ Պերվոմայկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Եվգենի Իսաևիչ Խեսինն է։ Քայլում է երերալով, թվում է հիմա կընկնի։ «Երևի քաղցած է»,– մտածում եմ ես։ Օրական երեք հարյուր գրամ սև հաց՝ քարտով, և հերթեր… Պերվոմայկայում անցած հինգ օրվա մեջ երեք հոգի մահացել են… Քաղցից ուռչում են, մահանում…

…Ձյուն է, մառախուղ, քամի… Քամին ձյունը ապտակի պես շեղակի խփում է մարդկանց երեսներին, ցրտից դողում են մարդիկ, բայց կանգնել են նրանք, նայում են բարձրախոսին. սպասում են սովինֆորմբյուրոյի հաղորդագրությանը։ Ձյուն է, մառախուղ, քամի… «Այսօր, երկարատև պաշարումից, ամենօրյա կատաղի ճակատամարտից հետո, որի ժամանակ սովետական նավաստիներն ու ցամաքային զորքերի մարտիկները նվաճեցին անմահ փառք ու անուն, մեր զորքերը թողեցին Գժատսկը, Դորոխովան, Մոժայսկը, Վյազման… Թեժ մարտեր են տեղի ունենում Բարենցի ծովից մինչև Սև ծով ընկած ամբողջ ռազմաճակատի վրա… Հավերժ փառք կռվի դաշտերում հերոսաբար զոհված մեր մարտիկներին…»։ Ցրվում են բոլորը՝ վշտից ու ցրտից կուչ եկած, ասես թաղումից են վերադառնում…

…Ավանային սովետի մոտ ես թեքվեցի դեպի մեր փողոցը, մեկը բռնեց թևս։

Բորյան էր։

–Ո՞ւր ես գնում,– հևալով հարցրեց նա։

Չպատասխանեցի։ Թեպետ ուրախ էի՝ նրան տեսնելով։ Ձգտելով չնայել նրան, ինձ համար գնում եմ։ Առավոտյան խռովել է, իսկ հիմա, ասես ոչինչ չի եղել, մտահոգված է՝ «Ո՞ւր ես գնում»։ «Քեզ ի՞նչ,– արագացնելով քայլերս մտքումս ասացի ես։-Միլիցիոնե՞ր ես գլխիս»։ Բան է սովորել՝ մեկ էլ տեսար խռովեց։ Խռովում է ու մի օր չանցած, երբեմն մի ժամ չանցած՝ գալիս խոսում է։

–Որտեղի՞ց ես գալիս,– կրկին բռնելով թևս, հարցրեց Բորյան՝ կանգնելով առջևս։

– Քեզ ի՞նչ,– ինչքան կարելի է անտարբեր, մի քիչ էլ արհամարհանքով ասացի ես։ – Ի՞նչ ես կպել։

Մի կողմ քաշվեց, իր խոշոր աչքերով զարմացած նայելով ինձ, և հազիվ լսելի արտաբերեց։

–Գնա, չեմ խանգարի։

Անցա նրանից, դանդաղեցրի քայլերս։ «Դարձյալ խռովեց»,– մտքում ծիծաղեցի ես և, շրջվելով նրա կողմը, ասացի.

– Կոմերիտշրջկոմից եմ գալիս, գնում եմ տուն։ Հետո՞։

–Հետո՝ ոչինչ։

Նա կանգնել էր ոտքերն իրարից հեռու դրած, ձեռքերը գրպաններում։ Դանդաղ առաջ եկավ։

–Շրջանային զինկոմիսարիատից եմ գալիս,– ցածր ասաց նա։– Հեռվից քեզ ճանաչեցի։

–Մենա՞կ էիր գնացել,– ինձնից անկախ՝ քնքշանքով ասացի ես։

–Ոչ, տղաների հետ։ Զինպարապմունքից հետո գնացինք։ Հրեն, նրանք նույնպես գալիս են։

Ես ետ նայեցի։ Գորկու անվան ակումբի մոտով, բարձրաձայն զրուցելով, գալիս էին տղաները։

Պարզ էր, թե նրանք ինչու էին գնացել զինկոմիսարիատ։

–Ի՞նչ ասացին,– չգիտեմ ինչու՝ մի ներքին անհանգստությամբ, հարցրի ես։

Բորյան ժպտաց։

–Քո կարծիքով, ի՞նչ են ասել։

–Չգիտեմ,– ես սպասողական նայեցի նրան։

–Անձնագրերը վերցրել են։ Հունիսին, քննություններից անմիջապես հետո, մեզ ուղարկում են զինվորական ուսումնարան։– Բորյան նայեց ինձ։-Իսկ Անատոլի Նիկոլաևին ու Նիկոլայ Ժուկովին խոստացան վերցնել բանակ։ Նրանք կգնան կռվելու, նրանք հետո կհպարտանան, որ մի բան են արել հայրենիքի համար, և իրավունք ունեն հպարտանալու, իսկ մենք.․. Ոչինչ, ուսումնարանից իսկույն կտանեն ռազմաճակատ։ Մինչ այդ ուրիշ գործեր կանենք,– բազմանշանակ ժպտաց նա։

–Այդ ի՞նչ գործեր են,– հետաքրքրվեցի ես։– Ինձ չի՞ կարելի իմանալ։

–Իբր չգիտի։ Քո լեյտենանտը չի՞ ասել քեզ։

–Ի՞նչ լեյտենանտ։

–Ձեր տանն սպրող լեյտենանտը։

–Ոչ,-ասացի ես։-Չի ասել։