Выбрать главу

–Երբ զինկոմիսարիատում մեզ հանձնարարություն էին տալիս, այն ժամանակ նա նույնպես այնտեղ էր։ Կոմիսարի առանձնասենյակում ինչ-որ քարտեր էր լրացնում։

–Ոչինչ չի ասել,-ասացի ես։

–Իսկ ինձ թվում էր՝ ասել է, արդեն ինչքան ժամանակ է, համարյա ամեն օր, գնում ենք հոսպիտալ, օգնում ենք այնտեղ…

Իսկ ես ոչինչ չգիտեի։

–Այո,– շարունակեց Բորյան։– Ես կարծում էի, թե նա պատմել է։ Ուզո՞ւմ ես դու էլ արի, մենք հիմա գնում ենք նրանց մոտ՝ մանկապարտեզ։

–Որտե՞ղ։

–Մանկապարտեզ։ Այսինքն առաջ էր մանկապարտեզ, այժմ հոսպիտալ է։ Գալի՞ս ես։

–Այո։

–Տղաներին հիմա կասեմ։ Եվ, առհասարակ, մյուս աղջիկներին նույնպես կարելի է ասել։ Չեինք ուզում ոչ ոքի ասել. գաղտնիք էինք պահում, բայց, դե, դրա մեջ ի՞նչ կա որ… Ընդհակառակը՝ դուք էլ եկեք. կօգնեք, նրանց համար՝ վիրավորների համար, այսինքն նամակներ կգրեք։ Գիշերս մինչև լույս չենք քնել,– կամացուկ ասաց Բորյան։

–Ինչո՞ւ,– հարցրի ես։

–Նոր էշելոն պիտի գար՝ վիրավորներով, իսկ հոսպիտալներում տեղ չկա՝ ոչ մեզ մոտ, ոչ էլ Կրասնոդոնում։ Բժիշկ Խեսինի գլխավորությամբ մենք ավանային մանկապարտեզի շենքը ազատեցինք մանկական մահճակալներից, թախտեր դրեցինք։ Ասում են, իբր, մեր դպրոցը նույնպես շուտով հոսպիտալ կդարձնեն։ Այսինքն, հաստատ չգիտեմ դեռ։ Մինչ լույս տղաներով այնտեղ էինք։ Հետո գնացինք Վերխնեդուվաննայա կայարան՝ էշելոնը դիմավորելու։ Եվգենի Մոշկովն էլ այնտեղ էր՝ կուսշրջկոմից։ Կրասնոդոնի դպրոցներից էլ տղաներ կային։ Նրանցից երկու հոգու դու ճանաչում ես։ Վիկտոր Տրետյակնիչն էր մեկը՝ Տոլյա Պոպովի ընկերը, դու նրան գիտես, Վորոշիլովի անվան դպրոցից։

–Այո, ճանաչում եմ։

–Իսկ մյուսը Վանյա Զեմնուխովն էր. նա առաջ ավագ ջոկատավար էր մեր դպրոցում։ Ակնոցներ է կրում։ Մի խոսքով, վիրավորներին հանում էինք վագոններից, պատգարակներով փոխադրում մեքենաները։ Ու այստեղ՝ մեզ մոտ, նորից մեքենաների թափքերից, դարձյալ պատգարակներով, իհարկե, նրանց փոխադրում էինք մանկապարտեզ։ Ծանր վիրավորներ շատ կան։

Մինչ այդ մետեցան տղաները։

–Ես էլ եմ գալիս,– առանց որևէ նախաբանի, ասացի ես։

Տոլյա Պոպովը նայեց Բորյային, թոթվեց ուսերը։

–Եկ,-ասաց նա։

Իսկ ճանապարհին ասաց.

–Վիրավորները գդալներ ու ափսեներ չունեն։ Բաժակներ նույնպես։ Հարկավոր է գտնել։

–Մենք դա կանենք,– վճռական ասացի ես։– Աղջիկների հետ կհավաքենք տներից։

Մենք գնացինք հոսպիտալ… Սարսափելի է պատերազմը։ Վիրավոր մարտիկների տնքոցները դեռ հնչում են իմ ականջներում։

Ես նրանց համար նամակներ գրեցի՝ Ռիբինսկի, Բիրոբիջան, Օչամչիրա, Օրսկ, Էլիստա, Լենինական, Յոշկար-Օլա և Կուստանայ։ Վաղը, դասերից հետո, աղջիկների հետ կգնանք նրանց մոտ։

Մայա։

Երկուշաբթի, 8 մարտի 42 թ. Բորյան փոստով բացիկ է ուղարկել։ Բացիկի վրա խնամքով գրել է. «Հարգելի Մայա. շնորհավորում եմ Ձեր մայրիկին և Ձեզ՝ աղջիկների միջազգային օրվա առթիվ։ Որդիական մաքուր սիրով՝ Բորյա»։ Որդիական մաքուր սիրով… Աղջիկների միջազգային օրվա առթիվ… Ես կարդում, ծիծաղում էի։ Դմբոյիկ իմ Բորյա, շնորհակալություն։

Մայա։

Երեքշաբթի, 23 մարտի 42 թ. Գարնան արև է այսօր։ Մարդ միշտ էլ կարոտով է սպասում գարնան։ Եվ միշտ թվում է, թե գարունը իր հետ երջանկություն պիտի բերի։

Գարնան արև է, տաք գոլորշի է բարձրանում։

–Կուրլո՜ւ, կուրլո՜ւ, կուրլո՜ւ…

Տափաստանի վրայով, բարձր, անցնում է կռունկների երամը։ Կռունկների ձայնը մեկ հեռանում, մարում է, մեկ գալիս, լսվում է մոտիկ, պարզ։

Այգուց այն կողմ, ցանկապատի ետևում, աղմկում է պղտոր առվակը։ Ձյունաջուրը արևի փայլփլելով, աղմկելով գնում է դեպի հեղեղատ։ Երբ մոտենում եմ ցանկապատին, որից այն կողմ առվակն է, չի լսվում այլևս կռունկների ձայնը, հեռանում եմ ցանկապատից՝ լսվում է նրանց հեռավոր կանչը՝ կուրլո՜ւ, կուրլո՜ւ, կուրլո՜ւ… Ո՞ւր են գնում նրանք այդպես իրիկնային արևի միջով…

Հետո նրանք գնալով փոքրանալով-փոքրացան, չէր լսվում նրանց ձայնը, մի վերջին անգամ երևացին Կամենկայից այն կողմ, ինչպես բազմակետեր՝ հեռու հորիզոնի վրա, և անհետացան։

Ես կանգնել եմ այգու ամենածայրում, խնձորենու տակ, խնձորենու ուռած, պայթելու պատրաստ բողբոջները թեթև հպվում են դեմքիս, և ես զգում եմ նրանց խոնավուն բուրմունքը, այգու վրա, արևով լցված օդի մեջ, պտտվում են ծիծեռնակները ու ճռվողում են քաղցր՝ «Գարուն է եկել, գարուն է եկել, գարուն է եկել»։ Բորյայի նվիրած մանուշակների փունջը դեմքիս սեղմած, մանուշակների բույրը շնչելով, ես նույնպես ասում եմ. «Գարուն է եկել, գարուն է եկել, գարուն է եկել», և դա ասում եմ ցածր, հազիվ լսելի, որովհետև այդպիսի բառերը չի կարելի բարձր արտասանել։

–Մայեչկա,– պատշգամբից կանչեց մայրիկը,– ի՞նչ ես անում այդտեղ։

Մայրիկն արդեն եկել է աշխատանքից։ «Այդ ե՞րբ եկավ»,– մտածեցի ես, այգու միջով քայլելով դեպի տուն։

Երեկոյան կգան աղջիկները, և մենք գնալով հոսպիտալ՝ վիրավորների մոտ։ Դասերից հետո, երբ ասացի, որ Ալեքսանդրա Եմելյանովնան նույնպես գալու է հոսպիտալ, Ուլյան կատակով ասաց.

–Մայեչկա, դու և Ալեքսանդրա Եմելյանովնան շարունակ իրար հետ եք՝ դասամիջոցներին, դասերից հետո, նույնիսկ կիրակի օրերին. Բորյան չի՞ խանդում։