–Իրեն՝ Բորյային հարցրու, չգիտեմ,– ծիծաղեցի ես։
–Չէ, հարկավոր է գլխի գցել,– շարժելով գլուխը ասաց Ուլյան, միաժամանակ մատներով ետ տալով ճակատին ընկած մազերը։– Նա իմ մոտիկ ընկերն է, պարտավոր եմ հասկացնել։
–Հասկացրու՝ ինչքան ուզում ես,– ասացի ես ժպտալով։– Իբր ինքը չգիտի։
–Ո՞վ՝ Բորյան։
–Այո։
–Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնա՞ն։ Նա գիտի՞ Բորյայի մասին, Մայեչկա,– հանկարծակի լրջանալով, հետաքրքրասիրությամբ հարցրեց Ուլյան։– Գիտի՞ ձեր մտերմության մասին։
–Կռահում է երևի,– ասացի ես։– Բայց ոչինչ չի ասում. ցույց չի տալիս, որ գիտի։
–Ահա քեզ իսկական մարդ,– ասաց Ուլյան, շարժելով գլուխը։– Ասես ոչ թե ուսուցչուհի է, այլ մեր ընկերուհիներից մեկը։Այնպես հասարակ է պահում իրեն, այնպես մարդամոտ։ Ճիշտ չե՞մ ասում։
Ես գլխով արեցի։
–Քեզ շատ է սիրում,– կարճ դադարից հետո ավելացրեց Ուլյան։– Դաս պատասխանելիս այնպես է նայում քեզ, ասես սիրահարված է։
–Լավ, լավ, մի չափազանցրու,– ժպտացի ես, թեթև հրելով Ուլյային։– Ինչ ուզում ես ասա՝ սիրահարված է, և հարկավոր է ձեզ տանել եկեղեցի՝ պսակադրելու։
Մենք ծիծաղելով բաժանվեցինք, իսկ չանցած մեկ ժամ՝ Բորյան եկավ մանուշակները ձեռքին։
Ես չէի ուզում, որ մայրիկը տեսնի ծաղկեփունջը, բայց նա նկատեց.
–Արդեն գարուն է,– մտախոհ և մի քիչ էլ անձկությամբ, ասաց նա։– Պատերազմական առաջին գարունը։
–Եվ վերջինը,– ասացի ես։
–Այո,– հառաչանքով ասաց մայրիկը։– Տա աստված,– և քիչ անց, լուսամուտից նայելով ինչ- որ անորոշ ուղղությամբ, ցածր ասաց.-Եթե կա նա՝այդ աստվածը։
Հետո աղջիկները եկան՝ Ալեքսանդրա Եմելյանովնան, Շուրա Բոնդարևան, Ուլյան, Նինա Մինաևան, Անգելինան ու Նինա Գերասիմովան, և մենք գնացինք հոսպիտալ։
Տղաներն արդեն այնտեղ էին. դրսում փայտ էին ջարդում վառարանի համար։
Վերադարձին արդեն մութ էր, լուսնյակը չկար դեռ, և հեռվում, Կամենկայի կողմերում, ընֆհատումներով կանչում էին գիշերահավերը՝ աղիողորմ, չարագուշակ։
Հեռվում, ինչ- որ տեղ շատ հեռվում, մարտեր էին գնում, մարդիկ էին մեռնում այնտեղ։
Լուռ էինք բոլորս։
Պերվոմայկայի հանգած պատուհանները կույր աչքերի պես նայում էին մեզ։
Կամենկայի մոտ, խավարի մեջ, շարունակ կանչում են գիշերահավերը։
Մայա։
Կիրակի, 26 ապրիլի 42 թ.։ Մեր այգում, ու ոչ միայնմեր այգում, ամենուր՝ բոլոր բակերում, ավանի բոլոր այգիներում ու ավանից դուրս՝ Կամենկայի ափերին ձգված անտառներում, ծաղկել են ծառերը՝ սպիտակ, մանուշակագույն, կարնիր դեղին։ Ծաղիկների տոնահանդես է ասես, և այդ տոնահանդեսում ամենից գեղեցիկը դեղձենիների մուգ կարմիր ծաղիկներն են։ Ու նաև կարմիր վարդերը՝ անցյալ տարվա գարնանն իմ տնկած վարդի թփերի վրա։ Բացվել են նրանք այգու ծայրում, ցանկապատի տակ, և ասես շշնջում են իրենց քնքուշ ու նուրբ թերթիկներով՝ «Կանգնիր ու նայիր ժամերով՝ չես կշտանա»։ Նրանք ասես ձեռքով են անում քեզ, կախարդում են։
Գարունը դուրս է կանչել բոլորին։ Տնամերձ հողամասերում՝ հեռու ու մոտիկ, լսում են նրանց ձայները, ինչ- որ տեղ, հեղեղատից այն կողմ, թախծոտ երգում են մի քանի աղջիկներ.
Հանգել է ցերեկը դժգույն, ու մութը մռայլ գիշերվա
Կապարե ծածկոցի նման փռվել է երկնքի վրա…
Կրկներգը քամին տանում է, հետո նորից, հեղեղատի այն կողմից, լսվում է նրանց հեռացող ձայնը.
Եվ որպես տեսիլք մի գունատ մութ սոճու պուրակից փոշոտ
Ծագել է լուսինը արդեն, լուսինը՝ խամրած, մշուշոտ…
Ես լսում էի այդ բոլոր ձայները, այդ բոլոր կանչերը՝ հեռու ու մոտիկ, գործարար ու տաք զրույցները՝ տնամերձ հողամասերում ու այգիների մեջ, թռչունների դայլայլը իմ գլխավերևում՝ ծառերի վրա, և մի կարճ պահ ինձ թվում է ուրիշ աշխարհ եմ ընկել, մի խաղաղ ու գեղեցիկ աշխարհ, ուր տագնապ չկա վաղվա օրվա համար և մարդիկ կանգնել են գարնան տաք արևի մեջ՝ անհոգ ու երջանիկ, իրար ձեռքով են անում, ծիծաղում են։ Մտքով տարված՝ ես նույնիսկ չէի նկատել, որ Վլադիմիր Իգնատևիչը եկել, կանգնել է իմ կողքին։
–Բարի լույս,– կամացուկ ասաց նա։
Երեկ նա ուշ էր եկել։ Իսկ հետո երկար քայլում էր սենյակում. մենք դա լսում էինք։
–Բարև ձեզ,– շրջվելով նրա կողմը, ասացի ես, իսկ այնուհետև ավելացրի.– Դուք երեկ շատ ուշ եկաք տուն։
–Այո, զինկոմիսարիատում էի։
Մի կարճ պահ լուռ էինք։
–Ձերոնցից լո՞ւր չկա դեռ,– նայելով նրան, զգույշ հարցրի ես։
–Ոչ,– խորը հառաչանքով արտասանեց Վլադիմիր Իգնատևիչը։– Ոչ մի լուր… Բացի նրանից, որ բնակչությանը քշում են Գերմանիա… Այդ ինչ եք ցանում,– երևի խոսակցությունը փոխելու նպատակով ասաց նա, նայելով իմ հողոտ ձեռքերին։
–Ծաղիկ եմ ցանում՝ ասպիրակ։ Անչափ հոտավետ ու քնքուշ ծաղիկ է… Երեք մենք շատ անհանգստացանք,– ավելացրի ես։– Առաջ այդպես ուշ չէիք եղել։
–Այո,– գլխով արեց Վլադիմիր Իգնատևիչը և դանդաղ ավելացրեց.– Ես ձեզ նեղություն եմ պատճառում… Ես դա գիտեմ։
–Ի՞նչ նեղություն,– շփոթվեցի ես։– Դուք մեզ նեղություն չեք պատճառում.․. Բոլորովին։
Նա թույլ ժպտաց։
–Ես շուտով կգամ։
–Ո՞ւր,– ինչքան կարելի է հանգիստ, ասացի ես։– Ո՞ւր եք գնում։