Выбрать главу

–Պարզ է՝ ռազմաճակատ, նա թոթվեց ուսերը։– Էլ ո՞ւր կարելի է գնալ հիմա՝ եթե ոչ ռազմաճակատ։

Չգիտեմ ինչու, մի տեսակ չէի հավատում, որ նա կարող է գնալ. արդեն ինչքան ժամանակ է մեր տանն է մնում, և մենք այնպես ենք ընտելացել նրան։ Իհարկե, կատակում է։-Իսկ մինչև հիմա ինչո՞ւ չէիք գնում,– հարցրի ես։

–Մինչև հիմա…– Վլադիմիր Իգնատևիչը քիչ մտածեց։– Մինչև հիմա… այդպես դասավորվեց։ Այստեղ մենք նոր բանակ ենք կազմակերպում Գերագույնի պահեստի համար… Մի խոսքով դա կարևոր չէ,– նա թափ տվեց ձեռքը։ Միայն ասպիրա՞կ եք ցանում։

–Ոչ, ինչո՞ւ միայն ասպիրակ։ Ուրիշ ծաղիկներ էլ կան՝ մեղրուկ, արևքուրիկ, շողավարդ… Սերմերը տատս է ուղարկել Ռոստովից։

–Դուք, երևում է, սքանչելի տատիկ ունեք,– ժպտալով ասաց նա։– Ինչպե՞ս է անունը։

–Սրբուհի,-պատասխանեցի ես։-Լավ անուն է, չէ՞…

–Այո,– ժպտաց Վլադիմիր Իգնատևիչը, թավ ու սև հոնքերի տակից նայելով ինձ։– Լավ անուն է։ Ձեր անունն էլ լավն է՝ Մայա։ Գեղեցիկ անուն է։ Եվ դուք նույնպես լավն եք,– ավելացրեց նա, շարունակ նայելով ինձ։-Դուք համաձա՞յն չեք ինձ հետ։

–Ոչ,– ասացի ես, նույնպես ժպտալով։

–Ուրեմն դուք ձեզ չեք ճանաչում, ասաց նա, իսկ քիչ հետո ավելացրեց։– Համենայն դեպս, լավ չեք ճանաչում։ Եվ դա լավ է երևի։

–Ի՞նչը,– հարցրի ես։

–Այն, որ դուք ձեզ լավ չեք ճանաչում։ Թե չէ կսկսեք գոռոզամտել…– ծիծաղեց նա։

Նա հիմա ուրիշ բանի մասին էր մտածում, իր կնոջ ու աղջկա մասին, որ հիմա այնտեղ են, գերմանացիների մոտ, ես դա զգում քի և տեսնոմ, թե ինչպես էր հուզմունքից կծում շուրթերը։ Բայց ինչպես էր կարողանում այդպես հանգիստ խոսել, նույնիսկ կատակեց…Ահա քեզ ուժեղ կամք…

–Իսկ հետո՞,-ասացի ես ուշադիր նայելով նրան։

–Իսկ հետո կսկսեք չնկատել հասարակ մահկանացուներին։ Թե՞ հույսներս չկորցնենք։

–Հույսներդ մի կորցրեք,– ժպտացի ես։– Հույսը մարդու հենարանն ու օգնականն է նրա ամբողջ կյանքում։

Վլադիմիր Իգնատևիչն, իհարկե, ծիծաղեց իմ խոսքերի վրա, հետո մենք գնացինք հոսպիտալ, իսկ սյնտեղից գալիս, ճանապարհին, նա անսպասելի ասաց.

–Ես կուզենայի ձեզ տեսնել տասը տարի հետո։

–Ինչո՞ւ հատկապես տասը,– զարմացա ես։

–Չգիտեմ,– թոթվելով ուսերը ասաց նա։– Չգիտեմ ինչու, իմ գլուխն է մտել այն միտքը, որ ես ձեզ կհանդիպեմ պատերազմից հետո։ Անպայման կհանդիպեմ, և դա կլինի ուղիղ տասը տարի հետո։ Թեպետ չեմ ուզում, բոլորովին ու երբեք չեմ ուզում, որ հանդիպեմ ձեզ տասը տարի հետո, որովետև դուք հիմա քրոջ պես թանկ եք ինձ համար… Ես քույր չեմ ունեցել… Մի խոսքով, ներեցեք, որ այսպիսի անհեթեթ բաներ եմ ասում…

Նա լռեց ։ Ծառերի ստվերներն օրորվում էին գետնի վրա, լռություն էր և մեր ոտնաձայներն էին միայն խախտում այդ քար լռությունը։

–Օրինակ, կուզենայի՞ք, որ ես ձեր եղբայրը լինեի,– անսպասելիորեն հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը։

–Այո,– դանդաղ ասացի ես, չհամարձակվելով նայել նրան։ Նա մի պահ կողքանց նայում էր ինձ, հետո ասաց.

–Սատանան տանի, ինչ զարմանալի ու տարօրինակ բան է կյանքը…

…Մայրիկը չէր քնել դեռ։ Ներսից լուսամուտները ծածկել էր սև շորով և ճրագի աղոտ լույսի տակ գիրք էր կարդում։

–Ուլյան էր եկել,– ասաց նա։

–Վաղո՞ւց։

–Երկու անգամ եկավ։ Մի անգամ շուտ էր եկել, մի անգամ էլ քիչ առաջ եկավ։

–Ի՞նչ ասաց,-զգույշ հարցրի ես։

–Քեզ էր ուզում։-Մայրիկը գիրքը ծալեց, բարձրացավ տեղից։-Ոչինչ չասաց։ Իսկ ինչո՞ւ ես այդպես նայում,– հանկարծ շրջվելով հարցրեց նա։

–Հենց այնպես,– փորձեցի ժպտալ։– Երևի գիրք էր պետք։

…Ուշ էր արդեն, բայց քունս չէր տանում։ «Դե, իհարկե, Բորյայի հետ է եկել»,– տեղաշորի մեջ պառկած մտածում էի ես։– Ինչպես միշտ՝Բորյան, երևի, կանգնել է տան ետևում, իսկ նա եկել կանչել է։ Սիրտս նվաղումով խփում էր։ «Ես քեզ եմ սիրում,– մտովի ասում էի ես Բորյային։-Բոլորի մեջ՝ միայն քեզ, իմ վախկոտ Բորյա, որ մենակ գալ չես կարող, խեղճ Ուլյային նույնպես բերում ես հետդ։ Միայն ու միայն քեզ։ Եվ ուրիշ ոչ ոքի, ոչ ոքի՝ քեզանից բացի»։

Իսկ դրսում հալվում, կիսվում էր գիշերը։

Մայա։

Չորեքշաբթի, 6 մայիսի 42 թ.։ Տխուր օր էր այսօր։ Տաք քաշաթուխպը վազում էր գետնի վրայով մի քանի ոտնաքայլ այն կողմ ոչինչ չէր երևում։ Դասամիջոցներին համարյա ոչ ոք դուրս չէր գալիս դասարանից, լուռ նստում էինք և հանկարծ լռության մեջ ինչ- որ մեկը ծանր հառաչում էր։

Երեկ, ուշ երեկոյան, սովինֆորմբյուրոն հաղորդել էր, որ գերմանացիները գրավել են Կերչը, և բոլորս հիմա այդ մասին էինք մտածում։ Ուլյան նստել էր ինձ մոտ, գլուխը՝ նստարանին՝ ձեռքերի վրա, և նրա սև աչքերը՝ կաթնագույն սպիտակուցներով ու խորհրդավոր բիբերով, գամվել էին ինչ- որ անորոշ կետի։ Նրա եղբայրը՝ Ելյան, օդաչու է, կռվում է Ղրիմում, և Ուլյան ամենից շատ էր մտատանջվում։

–Ախր, ինչո՞ւ ես քեզ տանջում այդպես,– սիրտ տալու նպատակով ասացի ես Ուլյային։– Նա հո գետնի վրա չի կռվում։ Երկնքում է, բարձր, նա այնտեղից, բարձրից, ռումբը գցում է գերմանացիների վրա ու նորից թռչում ետ։

–Իհարկե,– կողքի նստարանից ասաց Տոլյա Պոպովը։– Նա հո գետնի վրա չի կռվում։

Ուլյան բարձրացրեց աչքերը, կշտամբանքով նայեց մեզ։